ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի նախաձեռնությամբ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողները ս.թ. ապրիլի 20-ին ուսումնաճանաչողական այց են կատարել Հակակոռուպցիոն դատարան։
Այցի ընթացքում ուսանողները ներկա են գտնվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջների վերաբերյալ գործերով դատավորներ Ն. Ավագյանի և Ա. Ղարսլյանի նախագահությամբ անցկացված դատական նիստերին։ Մասնավորապես, ուսանողները հնարավորություն են ունեցել հետևելու ինչպես նախնական դատական նիստի ընթացքին, այնպես էլ ապացույցների հետազոտման փուլում իրականացվող դատավարական գործողություններին՝ գործնական հարթությունում պատկերացում կազմելով տվյալ վարույթի կառուցվածքի և առանձնահատկությունների վերաբերյալ։
Այցի շրջանակում ուսանողները ծանոթացել են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում ապացույցների հետազոտման և գնահատման գործնական մեխանիզմներին, այդ թվում՝ պատասխանողի եկամուտների հաշվարկման գործընթացին։
Դատական նիստերի ավարտից հետո ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու դատավորներին, ինչի արդյունքում ձևավորվել է ակտիվ և բովանդակալից մասնագիտական քննարկում։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հակակոռուպցիոն արդարադատության գործառույթներին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի առանձնահատկություններին և դատական պրակտիկայում առաջացող խնդիրներին։ Դատավորները, պատասխանելով ուսանողների հարցադրումներին, ներկայացրել են նաև իրենց գործնական փորձը։
Նման ուսումնաճանաչողական այցերը կարևոր նշանակություն ունեն ուսանողների տեսական գիտելիքների խորացման, դատական պրակտիկայի վերաբերյալ համալիր պատկերացում կազմելու և մասնագիտական հմտությունների զարգացման տեսանկյունից։