- Main
- Node
- ԵՊՀ-ում ամփոփվեց «Պատանի երկրաբանի դպրոց» ծրագրի առաջին փուլը
May 11, 2026 | 12:47
Գործընկերներ
Կամավորություն, պրակտիկա և փորձնակություն
Կրթական ծրագրեր
ԵՊՀ-ում ամփոփվեց «Պատանի երկրաբանի դպրոց» ծրագրի առաջին փուլը
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառում. «Պատանի երկրաբանի դպրոց» ծրագրի առաջին սերնդի 36 սաներ ստացան իրենց ավարտական վկայականները։ Ծրագիրը, որն իրականացվում է ԵՊՀ-ի և Կապանի լեռնահարստացման կոմբինատի համատեղ ջանքերով, նպատակ ունի վերականգնելու տասնամյակների պատմություն ունեցող ավանդույթը և երիտասարդների շրջանում հետաքրքրություն սերմանելու դեպի երկրաբանությունը:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն ընդգծեց, որ ֆակուլտետն իր ենթակառուցվածքներով, գիտական ներուժով և գործընկերներով համալսարանի լավագույն ֆակուլտետներից մեկն է: Նա նշեց, որ «Պատանի երկրաբանի դպրոց» ծրագիրը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել դպրոցներում, և ծրագրի հաջող իրագործումը հիմք է դպրոցի դասընթացները շարունակական դարձնելու համար:
Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր ինժեներ Հարություն Թամազյանը երկրաբանի մասնագիտությանը տվեց յուրօրինակ բնորոշում. «Երկրաբանությունը ոչ թե գիտություն կամ մասնագիտություն է, այլ արվեստ է, քանի որ ինչպես արվեստում է միայն արվեստագետը հասկանում արվեստագետին, այնպես էլ երկրաբանության մեջ երկրաբանն է հասկանում երկրաբանին։ Երկրաբանությունը ամենահին, սակայն չծերացող գիտությունն է»:
Ծրագրի համակարգող Պապին Մուրադյանը, ներկայացնելով դպրոցի կառուցվածքն ու արդյունքները, ընդգծեց, որ դասընթացներին մասնակցել են 36 սաներ, որոնցից 11-ը ՀՀ Սյունիքի մարզից էին և տեսական դասընթացներին մասնակցել են հեռավար ձևաչափով։
«Կապանի հետ կապը ապահովում էինք ուղիղ տեսակապի միջոցով։ Լսարանային դասերի ընթացքում աշակերտներն ուսումնասիրել են կայուն զարգացման, շրջակա միջավայրի պահպանության թեմաներ, բնության տարբեր երևույթներ: Իսկ ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար կազմակերպվել են լաբորատոր աշխատանքներ, ինչպես նաև հետազոտական երթուղիներ, այդ թվում՝ Հրեշտակների ձոր, Քարերի սիմֆոնիա: Օրինակ՝ Հրեշտակների ձորում պատանի երկրաբանները ապարներ են հավաքել, առանձնացրել ապարներն ըստ տեսակների և դասախոսների օգնությամբ ստեղծել ցուցատախտակներ (ստենդներ)»,- ասաց նա:
Խոսելով ապագայի մասին՝ Պապին Մուրադյանը նշեց, որ նպատակ կա տարին երկու անգամ կազմակերպելու մոտավորապես 44 ժամ ծավալով դասընթացներ։ Այս համատեքստում նա ընդգծեց․ «Կապանի օրինակով՝ այն մարզերից, որտեղից կհավաքագրվեն 10-ից ավել սաներ, կունենանք ուսումնական որևէ կենտրոն, որտեղ կիրականացնենք դպրոցի ծրագիրը»։
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է հնարավորություն տալ դպրոցի սաներին մասնակցելու պատանի երկրաբանների միջազգային օլիմպիադաներին (հատկապես ԱՊՀ շրջանակներում):
Միջոցառմանը ներկա էին նաև տասնամյակներ առաջ հիմնադրված Պատանի երկրաբանների դպրոցի ավագ սերնդի ներկայացուցիչներ։ Նրանց թվում էր Ալեքսանդր Մելքոնյանը, որը 1977-1991 թվականներին ղեկավարել է պատանի երկրաբանների շարժումը: Իր ելույթում նա համոզմունք հայտնեց, որ անկախ այն հանգամանքից՝ շրջանավարտները հետագայում կընդունվեն Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, թե՝ ոչ, դպրոցում ստացած գիտելիքներն ու հետաքրքրությունը մնայուն կլինեն և կուղեկցեն նրանց ողջ կյանքի ընթացքում:
Աշակերտները նույնպես կիսվեցին իրենց ոգևորությամբ։ 11-րդ դասարանի աշակերտ Արեն Գևորգյանը պատմեց իր ընտրության մասին. «Իմ հայրիկը և պապիկը երկրաբաններ են, նրանցից եմ ոգեշնչվել և եկել այս դպրոց։ Այդքան խորացված գիտելիքներ չունեի երկրաբանության մասին, շատ հետաքրքիր փաստեր եմ իմացել այստեղ: Օրինակ՝ Հրեշտակների ձորում ուսումնասիրել ենք ապարների տեսակները, դրանք ճիշտ հավաքելու եղանակը, ինչպես նաև լաբորատորիայում ստուգել ենք այդ ապարները։ Կարծում եմ՝ դպրոցն ավարտելուց հետո կգամ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում սովորելու»։
Կապանցի Հարություն Մուշկամբարյանը, որը սովորում է 9-րդ դասարանում, նշեց, որ դպրոցում իրեն հետաքրքրել է մանրադիտակով աշխատանքը, ինչպես նաև գործնական այցելությունների ժամանակ տարածքների ուսումնասիրությունը։
«Ես մտածում եմ, որ այս դասընթացների շնորհիվ ավելի լավ կողմնորոշվեցի իմ ապագա մասնագիտության հարցում... Այս դասերը մի նոր դուռ բացեցին իմ ապագայի համար»,- ասաց նա:
Միջոցառմանը հեռավար ձևաչափով իր ողջույնի խոսքն ասաց նաև Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի վաստակաշատ դասախոս Աշոտ Ավանեսյանը, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Նախատեսվում է, որ նա ևս որպես հրավիրյալ դասախոս կմասնակցի դպրոցի դասընթացներին՝ ներկայացնելով միջազգային փորձը և հնի ու նորի համադրությունը:
Նշենք, որ պատանի երկրաբանի դպրոցի հաջորդ փուլը կկազմակերպվի սեպտեմբերին:














