- Main
- Node
- Կրթությունից դեպի փորձառություն․ ԵՊՀ-ՊԵԿ նոր համագործակցություն
May 11, 2026 | 17:17
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն
Կրթությունից դեպի փորձառություն․ ԵՊՀ-ՊԵԿ նոր համագործակցություն
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ պաշտոնապես ամրագրելով կառույցների միջև համագործակցության նոր փուլի մեկնարկը։
Հուշագրով նախատեսվում է ուսանողների գործնական ունակությունների զարգացման նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կառուցվածքային ստորաբաժանումներում կազմակերպել ուսանողների գործնական աշխատանքներ, պրակտիկաներ, լավագույն ուսանողների համար լրացուցիչ փորձառություններ, համատեղ մրցույթներ, սեմինարներ, ֆորումներ, գործնական աշխատանքներ (Workshop), վեբինարներ, բանախոսություններ, իրականացնել կրթագիտական տարբեր ծրագրեր և այլն:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ համալսարանը շարունակաբար ձևավորում և զարգացնում է անհրաժեշտ կրթագիտական միջավայր՝ արդիականացնելով կրթական ծրագրերի բովանդակությունը, դրանց միջգիտակարգայնությունը, համալսարանական ենթակառուցվածքները և ոչ միայն: Ըստ նրա՝ բարձրագույն կրթության զարգացման այս մշտատև գործընթացում իրենց կարևոր տեղն ու դերն ունեն գործընկերային հարաբերությունները ՀՀ թե՛ մասնավոր հատվածի, թե՛ պետական կառույցների հետ:
Էդուարդ Հակոբյանը նշեց, որ իր ղեկավարած կառույցը շահագրգիռ է համագործակցելու նաև ՊԵԿ հետաքրքրության ոլորտի խնդիրների շրջանակում մասնագիտական, ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի, ատենախոսությունների և ԵՊՀ հետազոտական թեմաների համատեղ որոշման ու այդ աշխատանքների ղեկավարման գործընթացում կոմիտեի մասնագետների ներգրավման հարցերում ևս:
ԵՊՀ-ՊԵԿ համագործակցության ամրապնդման շնորհիվ ուսանողները հնարավորություն կունենան խորացնելու իրենց գիտելիքները, զարգացնելու կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև ձեռք բերելու անհրաժեշտ փորձառություն:
Հուշագրի կնքման արարողությանը հաջորդեց ՀՀ ՊԵԿ նախագահ, տ.գ.թ. Էդուարդ Հակոբյանի «Ուսանողից ղեկավար» բանախոսությունը: Նա իր ելույթում անդրադարձավ մի շարք կարևոր հարցերի՝ ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ այսօր պետական համակարգի աշխատակցին, ինչպե՞ս ձևավորել առաջնորդական հմտություններ դեռ ուսանողական նստարանից, ի՞նչ նշանակություն ունեն պատասխանատվությունը, կամավոր կարգապահությունը, շարունակական ինքնակրթությունը և այլն:
Բանախոսությունն ավարտվեց ակտիվ հարցուպատասխանով: Ուսանողները հղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք վերաբերում էին հաջող կարիերա կառուցելու հնարավորություններին, ՊԵԿ-ում աշխատանքի ընդունվելու հաջորդական քայլերին, լավագույն մասնագետի և առաջնորդի ունակություններին, ՀՀ-ում փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ու ստվերային տնտեսության վերացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և այլն:
ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը և ՊԵԿ նախագահ Է. Հակոբյանը հույս հայտնեցին, որ ուսանողների հետ հանդիպումները կլինեն շարունակական: Նրանք հորդորեցին ուսանողներին նախաձեռնողականություն ցուցաբերել թե՛ հանդիպումների կազմակերպման, թե՛ մասնակցության և թե՛ հարցադրումներ կատարելու առումով, քանի որ երկրի, տնտեսության և առհասարակ կյանքի զարգացման առաջմղիչ ուժը երիտասարդներն են:











