- Main
- Node
- Ուսուցիչների եռօրյա վերապատրաստում Երևանի պետական համալսարանում
May 15, 2026 | 14:45
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսուցիչների եռօրյա վերապատրաստում Երևանի պետական համալսարանում
«ERASMUS+»-ի ««PROVE». Հարավային Կովկասի բարձրագույն կրթական հաստատություններում արժեքներին միտված կրթության խթանում» նախագծի շրջանակում Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում` «Արժեքների և գիտելիքի կրթություն» («VaKE») թեմայով։ Այն եզակի կրթական մոտեցում է, որը ներդաշնակորեն միավորում է արժեքների վրա հիմնված և հետազոտահենք ուսուցումը։
Վերապատրաստումն անցկացրեց ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Վերապատրաստման հիմնական նպատակն էր ուսուցիչներին ծանոթացնել արժեքների վրա հիմնված կրթության առանձնահատկություններին և հայեցակարգին։ Մասնավորապես շեշտադրվեց, թե ինչպես կարելի է դասընթացի նյութը ծառայեցնել որպես արժեքների ձևավորման գործիք և ինչպես կարող են հանրակրթական հաստատությունները, ի դեմս ուսուցիչների, զարգացնել աշակերտների քննադատական մտածողությունը, պատրաստել սոցիալապես պատասխանատու և էթիկապես գիտակից անհատներ։
Բանախոսն անդրադարձավ նաև «VAKE»-ի փուլերին՝ «դիլեմայի պատմությունից» մինչև տեղեկատվության հավաքագրում և վերջնական փաստարկում։ Մասնակիցները վերապատրաստման ընթացքում ստացան ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնականում ակտիվ քննարկումների, հարցումների և տարբեր դիլեմաների լուծման միջոցով կարողացան կիրառել ձեռք բերած գիտելիքը։
Եռօրյա վերապատրաստման ավարտին մասնակիցները փաստեցին, որ դասընթացը շատ հագեցած էր ու հետաքրքիր, ինչի շնորհիվ արդեն կարոց են ձեռք բերած գիտելիքը կիրառել ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ դասավանդման գործընթացում։