- Main
- Node
- «Ցանկանում եմ, որ ԵՊՀ-ն բոլոր համալսարանների շարքում միշտ հաղթող լինի»․ Արթուր Աբրահամ
May 19, 2026 | 12:12
Կրթություն
Շրջանավարտներ
«Ցանկանում եմ, որ ԵՊՀ-ն բոլոր համալսարանների շարքում միշտ հաղթող լինի»․ Արթուր Աբրահամ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ԵՊՀ շրջանավարտների ֆորումի շրջանակում մասնակցելով «ԵՊՀ գաղափարների պատ» նախաձեռնությանը և պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է երազում տեսնել ԵՊՀ-ն, նշեց․ «Ցանկանում եմ, որ ԵՊՀ-ն բոլոր համալսարանների շարքում միշտ հաղթող լինի»։
ԵՊՀ շրջանավարտների ֆորումին միացել էր նաև Արթուր Աբրահամը, որը տարիներ առաջ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժինը։ Թեև նրա մասնագիտական ուղին կառուցվել է մեծ սպորտի ոլորտում, սակայն Արթուր Աբրահամն ընդգծում է, որ համալսարանական կրթությունն ու ԵՊՀ-ում ձևավորված արժեքները կարևոր դեր են ունեցել իր կյանքում և մտածողության ձևավորման գործում։
«Որպես համալսարանի շրջանավարտ՝ ուրախ եմ կրկին գտնվելու իմ մայր բուհում։ Թեև իմ մասնագիտական ուղին կապված է սպորտի հետ, ես միշտ էլ կարևորել եմ կրթությունը․ կապ չունի, որ սպորտսմեն եմ, միևնույն է, սիրում եմ սովորել»,- ասաց նա՝ պատմելով, որ ֆորումին մասնակցելու հրավերը ստացել է իր համալսարանական ընկերներից։ Նա նշեց՝ տեղեկանալով ֆորումի մասին՝ ժամանակ է գտել և ներկա գտնվել միջոցառմանը։
«ԵՊՀ վերադառնալը ինձ համար առանձնահատուկ ու ջերմ զգացողություն է»,- նշեց Արթուր Աբրահամը՝ խոսելով համալսարանական տարիների, կրթության կարևորության և այն արժեքների մասին, որոնք ձևավորվել են ԵՊՀ-ում և ուղեկցել իրեն հետագա կյանքում ու մասնագիտական ճանապարհին։ Նրա խոսքով՝ համալսարանական միջավայրը մշտապես առանձնացել է ջերմությամբ, փոխադարձ հարգանքով և մարդկային լավ հարաբերություններով։
«Լավ ընկերներ եմ ունեցել, լավ դասախոսներ։ Բոլորի հետ շատ ջերմ շփվել ենք։ Երբ գալիս ես համալսարան, լրիվ ուրիշ միջավայրում ես հայտնվում, ու դա շատ հաճելի է»,- ասաց նա՝ մատնանշելով, որ լավ կրթությունն ու զարգացած մտածողությունը կարևոր են ոչ միայն մասնագիտական կյանքում, այլև սպորտում։ Նրա համոզմամբ՝ ճկուն մտածողությունը օգնում է արագ որոշումներ կայացնելու ինչպես ռինգում, այնպես էլ առօրյա կյանքում։
«Երբ ուղեղը ճկուն է լինում, ռինգում էլ ես կարողանում արագ որոշումներ կայացնել։ Կրթությունն ինձ օգնել է թե՛ սպորտում, թե՛ առօրյա կյանքում»,- նշեց նա։
Անդրադառնալով ուսանողական տարիներին՝ Արթուր Աբրահամը ժպիտով հիշեց ընկերների հետ անցկացրած ժամանակը՝ ընդգծելով, որ իրենց սերունդը, թեկուզ սահմանափակ հնարավորություններով, ունեցել է ջերմ ու հիշարժան ուսանողական կյանք։
Բռնցքամարտիկը երիտասարդներին ուղղված իր խոսքում բարձր գնահատեց գիտելիքի և շարունակական կրթության կարևորությունը՝ նշելով, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հետևողականորեն սովորել և զարգացնել ճկուն մտածողություն։
Նա նկատեց, որ գիտելիքները ոչ միայն հեշտացնում են մասնագիտական ճանապարհը, այլև օգնում են հաղթահարելու կյանքում հանդիպող դժվարությունները։


