- Main
- Node
- Ամերիկյան փորձն ու կրթական նոր հնարավորությունները՝ քննարկումների առանցքում
May 20, 2026 | 16:00
Միջազգային համագործակցություն
Ամերիկյան փորձն ու կրթական նոր հնարավորությունները՝ քննարկումների առանցքում
Կրթական համագործակցության և համատեղ ծրագրերի զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով համալսարանում հանդիպում ունեցան ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Ամերիկյան խորհուրդների դաշտային գործառնությունների և ծրագրերի ավագ գործադիր տնօրեն Անն Դոմորադը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կրթական փոխանակման ծրագրերին, ակադեմիական համագործակցության ընդլայնման հնարավորություններին և միջազգային կրթական նախաձեռնությունների շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։
Կողմերն ընդգծեցին բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության խորացման կարևորությունը՝ առանձնացնելով երիտասարդների ակադեմիական շարժունության, մասնագիտական զարգացման և միջմշակութային փոխգործակցության խթանման դերը։
Քննարկումների առանցքում էին կրթական փոխանակման ծրագրերի և միջազգային ակադեմիական համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով համատեղ նախաձեռնությունների կարևորությունը մասնագիտական կարողությունների զարգացման և կրթական համակարգերի արդիականացման գործընթացում։
Հանդիպման մեկնարկին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց համալսարանում իրականացվող բարեփոխումներն ու զարգացման ծրագրերը՝ մատնանշելով, որ դրանց մի զգալի մասը ձևավորվել է ԱՄՆ համալսարաններում ստացած ակադեմիական և մասնագիտական փորձի հիման վրա։ Նա անդրադարձավ նաև ԵՊՀ-ի համագործակցությանը մի շարք ամերիկյան համալսարանների հետ, այդ թվում՝ Արիզոնայի, Սան Խոսեի պետական համալսարանների, Կալիֆոռնիայի պետական համալսարանի Լոս Անջելեսի (UCLA) և Նորթրիջի մասնաճյուղերի հետ։
Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ Ամերիկյան խորհուրդների հետ համագործակցության շրջանակում իրականացվում են ծրագրեր, որոնց միջոցով ամերիկացի ուսանողները հնարավորություն են ստանում գալու Հայաստան՝ ռուսաց լեզու ուսումնասիրելու նպատակով։ Նա հույս հայտնեց, որ այս համագործակցությունը կլինի շարունակական և կընդլայնվի։ Նրա գնահատմամբ՝ ԵՊՀ-ում կատարվող մի շարք ինստիտուցիոնալ փոփոխություններ ձևավորվել են նաև համագործակցությունից ստացված փորձառության հիման վրա՝ ընդգրկելով կրթական ծրագրերի բարեփոխումները և դրանց հավատարմագրումը, ինչպես նաև էլեկտրոնային ռեսուրսների զարգացման, ֆինանսական կառավարման և վարչական այլ գործընթացների արդիականացումը։
Կարևորելով համագործակցության շարունակականությունը՝ Անն Դոմորադը նշեց, որ իրենց նպատակն է ընդլայնել կրթական համագործակցությունը և ստեղծել ավելի լայն հնարավորություններ ուսանողների ու դասախոսների համար՝ միջազգային փորձի փոխանակման միջոցով։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև կառույցի կողմից իրականացվող կրթական ծրագրերին, այդ թվում՝ «FLEX» և «JFDP» նախաձեռնություններին, ինչպես նաև դրանց ազդեցությանը մասնակիցների ակադեմիական ուղու, առաջնորդական հմտությունների ձևավորման և մասնագիտական աճի վրա։ Քննարկվեցին ԵՊՀ-ում արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտներում իրականացվող նախաձեռնությունները, բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ինչպես նաև համապատասխան մասնագետների պատրաստման կարևորությունը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին համագործակցության շարունակականության կարևորությունը և պատրաստակամություն հայտնեցին ընդլայնելու փոխշահավետ ծրագրերը, խորացնելու ակադեմիական կապերը, ինչպես նաև նպաստելու բարձրագույն կրթության ոլորտում նոր նախաձեռնությունների իրականացմանը։



