ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ ««Ռուսաստանի լինգվաերկրագիտություն» առարկայի դասավանդումը ժամանակակից փուլում» թեմայով գիտամեթոդական սեմինար՝ համախմբելով ֆակուլտետի դասախոսներին։ Սեմինարին զեկուցմամբ հանդես եկավ Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Մարտիրյանը։
Հանդիպմանը քննարկվեցին ժամանակակից կրթական գործընթացում լինգվաերկրագիտության դասավանդման արդիական հարցերը։ Զեկուցողը շեշտեց, որ ավանդական լինգվաերկրագիտությունը մեթոդական կարևոր գիտակարգ է, որը նպատակ ունի սովորողների շրջանում ձևավորելու միջմշակութային կարողություններ լեզվակիրների հաղորդակցման ազգային-մշակութային առանձնահատկությունների ուսումնասիրման միջոցով։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց լինգվաերկրագիտությանը՝ որպես լեզվի դասավանդման ինքնուրույն բաղադրիչի ընկալմանը, որը լրացնում է ավանդական ուղղությունները՝ հնչյունաբանությունը, բառագիտությունը, քերականությունն ու ոճաբանությունը։ Նշվեց, որ լեզվի ուսումնասիրությունը մշակույթի դիտանկյունից նպաստում է ազգային աշխարհընկալման ավելի խոր ըմբռնմանը և միջմշակութային հաղորդակցության զարգացմանը։
Զեկուցումից հետո տեղի ունեցավ ակտիվ քննարկում, որի ընթացքում դասախոսները հայտնեցին իրենց կարծիքը ռուսաց լեզվի և մշակութաբանական բաղադրիչի դասավանդման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ։
Նման սեմինարների անցկացումը նպաստում է մասնագիտական երկխոսության զարգացմանը, մեթոդական մոտեցումների կատարելագործմանը և ֆակուլտետի գիտական միջավայրի ամրապնդմանը։