- Main
- Node
- «Ժողովրդավարությունը վերջնակետ չէ, այլ մշտական գործընթաց»․ Էմորիի համալսարանի դոցենտ Ջուլիետա Ստեփանյան
June 02, 2026 | 10:55
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
«Ժողովրդավարությունը վերջնակետ չէ, այլ մշտական գործընթաց»․ Էմորիի համալսարանի դոցենտ Ջուլիետա Ստեփանյան
Ժողովրդավարական համակարգերի վերափոխումների, համալսարանների դերի և մշակույթի քաղաքական ազդեցության մասին քննարկումները վերջին տարիներին առավել արդիական են դարձել։ Էմորիի համալսարանի (ԱՄՆ) դոցենտ Ջուլիետա Ստեփանյանի հետ զրուցել ենք ԱՄՆ-ում տեղի ունեցող քաղաքական և հասարակական գործընթացների, ժողովրդավարության ճգնաժամերի ու մարտահրավերների, ակադեմիական ազատության, ինչպես նաև արվեստի և քաղաքականության փոխազդեցության մասին։
Ի՞նչ կարող ենք այսօր սովորել ԱՄՆ փորձից
- ԱՄՆ-ն երկար ժամանակ ընկալվել է որպես ժողովրդավարության օրինակ։ Այսօր, երբ այնտեղ փոփոխություններ են տեղի ունենում, ի՞նչ դասեր կարելի է քաղել։
- Ժամանակակից Ամերիկայում տեղի ունեցող գործընթացները հստակ ցույց են տալիս, որ ժողովրդավարությունը երբեք ավարտված իրականություն չէ։ Այն մշտապես փոփոխվող, զարգացող համակարգ է, որը պահանջում է շարունակական ուշադրություն, պաշտպանություն և խնամք։
Մի ժամանակ ամերիկյան հասարակության մեջ ձևավորվել էր վստահություն, որ ժողովրդավարությունը կայուն և ինքնաբավ համակարգ է։ Սակայն այսօր ակնհայտ է դարձել, որ այն չի կարող գոյատևել առանց քաղաքացիների ակտիվ մասնակցության։
Ժողովրդավարությունը պահանջում է ոչ թե դիտորդ, այլ ներգրավված քաղաքացի։ Յուրաքանչյուր անհատ պատասխանատվություն ունի պաշտպանելու արժեքները, հատկապես՝ մարդու իրավունքների ոլորտում։ Այս գիտակցումն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ։
Միևնույն ժամանակ, կարևոր է քաղաքացիական մշակույթի ձևավորումը՝ պատասխանատվության զգացում ոչ միայն սեփական կյանքի, այլև երկրի և նրա գլոբալ դերի նկատմամբ։
Համալսարաններ․ ազատ մտքի տարա՞ծք, թե՞ քաղաքական ճնշման թիրախ
- Այս գործընթացներում ի՞նչ դերակատարում ունեն համալսարանները։
- Համալսարանները ժողովրդավարական հասարակության առանցքային հաստատություններից են, սակայն այսօր նույնսիկ ԱՄՆ-ում դրանք հաճախ հայտնվում են քաղաքական ճնշման տակ։
Չնայած այն հանգամանքին, որ համալսարանները նույնպես ունեն խնդիրներ և պետք է աշխատեն դրանց վրա, նրանց հիմնական առաքելությունը մնում է անփոփոխ՝ լինել ազատ մտքի և քննադատական մտածողության տարածք։
ԱՄՆ սահմանադրության առաջին հոդվածը երաշխավորում է խոսքի ազատությունը, իսկ համալսարաններում դա արտահայտվում է որպես ակադեմիական ազատություն։ Սա հնարավորություն է տալիս ուսումնասիրելու նույնիսկ ամենաբարդ և անհարմար թեմաները՝ ճշմարտությունը որոնելու նպատակով։
Միևնույն ժամանակ, ակադեմիական ազատություն չի նշանակում անսահման ազատություն․ այն ենթադրում է պատասխանատվություն։ Երբ նկատվում են խնդիրներ, գիտական հանրույթը պարտավոր է բարձրաձայնել դրանց մասին։
Այսօր համալսարանները հաճախ դառնում են նաև հանրային բողոքների հարթակ՝ կապված գլոբալ քաղաքական իրադարձությունների հետ։ Սակայն դրանց հիմնական արժեքը շարունակում է մնալ բաց քննարկման և բանավեճի մշակույթը։
Արվեստ և քաղաքականություն․ փոխադարձ ազդեցություն
- Ինչպե՞ս են արվեստն ու քաղաքականությունը փոխազդում։
- Արվեստն ու քաղաքականությունը մշտապես փոխկապակցված են։ Արվեստը հասարակության մտածողության արտահայտման հզոր միջոց է, իսկ քաղաքականությունը հաճախ ներգործում է մշակութային դաշտի վրա։
Օրինակ՝ Թավշյա հեղափոխության ժամանակ արվեստագետները կարևոր դեր ունեին՝ ներկայացնելով ոչ միայն բողոք, այլև նոր գաղափարներ և իրականության նոր ընկալումներ։
Բացի դրանից՝ քաղաքական որոշումները կարող են ուղղակիորեն ազդել արվեստի վրա։ Մշակութային հաստատությունները, կատարողական արվեստը և նույնիսկ երաժշտական ելույթները երբեմն դառնում են քաղաքական պայքարի մաս։
Սպորտային միջոցառումների ժամանակ կազմակերպվող շոուները նույնպես կարող են վերածվել քաղաքական հարթակի։ Երբ արտիստները ընտրում են լեզու, թեմա կամ դիրքորոշում, դա հաճախ որոշակի արձագանք է առաջացնում հասարակության շրջանում։
Այս ամենը ցույց է տալիս, որ քաղաքականությունը երբեմն գործում է որպես թատրոն, իսկ արվեստը՝ որպես դրա մեկնաբան։
Համալսարանների միջազգային համագործակցություն․ ի՞նչ է պետք փոխել
- Ինչպե՞ս կարելի է զարգացնել համալսարանների միջև համագործակցությունը, հատկապես ԱՄՆ-ի և այլ երկրների միջև։
- Այսօր կարևոր խնդիրներից մեկը համագործակցության սահմանափակ շրջանակն է։ Շատ դեպքերում այն կենտրոնացած է միայն մի քանի հաստատությունների վրա, ինչը չի ապահովում համակարգային զարգացում։
Անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը՝ ներգրավելով ավելի շատ համալսարաններ և ստեղծելով իրական գործընկերային հարաբերություններ։
Լեզուն նույնպես կարևոր գործոն է։ Անգլերենը գլոբալ հաղորդակցության հիմնական միջոցն է, և դա որոշակի առավելություն է տալիս միջազգային համագործակցության մեջ։ Միևնույն ժամանակ, տեղական համալսարանները պետք է աշխատեն իրենց տեսանելիությունը բարձրացնելու ուղղությամբ։
Հատկապես կարևոր է, որ ազգային առաջատար համալսարանները նույնպես ակտիվորեն ներգրավվեն միջազգային ակադեմիական հարթակներում։ Այս գործընթացը, ինչպես ժողովրդավարությունը, պահանջում է ժամանակ, հետևողականություն և շարունակական զարգացում։ Ծրագրերը պետք է մշտապես վերանայվեն և հարմարեցվեն փոփոխվող աշխարհին և ուսանողների պահանջներին։
Ապագայի մասին զգուշավոր լավատեսություն
Չնայած առկա մարտահրավերներին՝ ակնհայտ է, որ մենք գտնվում ենք մի փուլում, որտեղ հնարավոր է կառուցել ավելի արդյունավետ և ազդեցիկ համագործակցություններ թե՛ կրթության, թե՛ հասարակական զարգացման ոլորտներում։
Այս ճանապարհը պահանջում է ոչ միայն մասնագիտական, այլև արժեքային նվիրվածություն՝ կենտրոնանալով ոչ թե անձնական շահերի, այլ երկարաժամկետ և կայուն զարգացման վրա։