«PROVE» ծրագրի՝ «Հարավային Կովկասի բարձրագույն կրթության հաստատություններում արժեքային կրթության խթանում» նախաձեռնության շրջանակում «Կովկաս» համալսարանում (Վրաստան) պաշտոնապես մեկնարկել է համայնքային գործողությունների ծրագրի մշակմանը նվիրված միջազգային դասընթաց։
ԵՊՀ-ն ներկայացնող հինգ ուսանողներից երկուսը Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցություն բակալավրիատական կրթական ծրագրի (անգլերեն) 2-րդ կուրսի ուսանողներ Մելքոնյան Արինան և Ավագյան Սյուզաննան են։
Վրաստանի և Հայաստանից ժամանած ուսանողներն ու գործընկերները, որոնք ներկայացնում են Իլյայի պետական համալսարանը, Թելավիի պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, համախմբվել են՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարող է արժեքների վրա հիմնված կրթությունը նպաստել դրական հասարակական փոփոխություններին։
Փորձագետների վարած դասընթացների և համագործակցային գործունեության միջոցով մասնակիցները մշակում են համայնքային գործողությունների ծրագրեր, որոնց նպատակն է նշանակալի ազդեցություն ունենալ իրենց համայնքներում։ Ակադեմիական ծրագրին զուգահեռ՝ հյուրերը հնարավորություն ունեն ծանոթանալու նաև Վրաստանի մշակութային ժառանգությանը, հյուրընկալությանը և ավանդույթներին։
Դասընթացի շրջանակում կազմակերպվում են ներկայացումներ, խմբային աշխատանքներ և ամփոփիչ քննարկումներ՝ ընդգծելով տարածաշրջանային համագործակցության և քաղաքացիական ակտիվ ներգրավվածության կարևորությունը։



