«PROVE» ծրագրի՝ «Հարավային Կովկասի բարձրագույն կրթության հաստատություններում արժեքային կրթության խթանում» նախաձեռնության շրջանակում Կովկասի համալսարանում (Վրաստան) պաշտոնապես մեկնարկել է համայնքային գործողությունների ծրագրի մշակմանը նվիրված միջազգային դասընթաց։
ԵՊՀ-ն ներկայացնող հինգ ուսանողներից երկուսը Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն)» բակալավրի կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողներ են՝ Արինա Մելքոնյանը և Սյուզաննա Ավագյանը։
Իլյայի, Թելավիի, Երևանի պետական և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանների ներկայացուցիչները համախմբվել են ուսումնասիրելու, թե ինչպես կարող է արժեքների վրա հիմնված կրթությունը նպաստել հասարակական դրական փոփոխություններին։
Փորձագետների վարած դասընթացների և համագործակցային գործունեության միջոցով մասնակիցները մշակում են համայնքային գործողությունների ծրագրեր, որոնց նպատակն է նշանակալի ազդեցություն ունենալ իրենց համայնքներում։ Ակադեմիական ծրագրին զուգահեռ՝ հյուրերը հնարավորություն ունեն ծանոթանալու նաև Վրաստանի մշակութային ժառանգությանը և ավանդույթներին։
Դասընթացի շրջանակում կազմակերպվում են ներկայացումներ, խմբային աշխատանքներ և ամփոփիչ քննարկումներ՝ ընդգծելով տարածաշրջանային համագործակցության և քաղաքացիական ակտիվ ներգրավվածության կարևորությունը։



