- Main
- Node
- ԱՄՆ-ից Հայաստան․ ռուսերեն սովորելու և Հայաստանը բացահայտելու նպատակով ԵՊՀ է ժամանել 18 ուսանող
June 05, 2026 | 13:28
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԱՄՆ-ից Հայաստան․ ռուսերեն սովորելու և Հայաստանը բացահայտելու նպատակով ԵՊՀ է ժամանել 18 ուսանող
ԱՄՆ-ից ժամանած 18 ուսանողներ այս ամառ ութ շաբաթ կսովորեն Երևանի պետական համալսարանում՝ խորացնելով ռուսաց լեզվի գիտելիքները և ծանոթանալով Հայաստանի պատմությանը, մշակույթին ու առօրյա կյանքին։
«Միշտ հետաքրքրված եմ եղել դիվանագիտությամբ և երազում եմ աշխատել Միավորված ազգերի կազմակերպությունում։ Ազգային անվտանգության և միջազգային հարաբերությունների ոլորտում ռուսերենը կարևոր լեզու է, ուստի որոշեցի ուսումնասիրել այն»,- պատմում է Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Ջեք Սմիթը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է որոշել ուսումնասիրել ռուսաց լեզուն։
Նրա համակուրսեցի Վալերի Վայսերբերգը նշում է, որ Հայաստան է եկել երկրի պատմության հանդեպ հետաքրքրությունից դրդված։ Վալերին ասում է՝ աշնանը անցնելու է դասընթաց, որի շրջանակում ուսումնասիրելու է նաև Հայաստանի պատմությունը, ուստի ցանկացել է անձամբ տեսնել երկիրը և, միաժամանակ, բարելավել ռուսերենի իմացությունը։
ԱՄՆ Օհայո նահանգի Օբերլին քոլեջի 2-րդ կուրսի ուսանող Ջուլիան Գորնը մատնանշում է, որ ռուսերեն սովորելու իր որոշման վրա ազդել է նաև ընտանեկան միջավայրը․ «Մայրս խոսում է լեհերեն, ուստի ռուսերեն սովորելը որոշ չափով ավելի հեշտ է ինձ համար։ Բացի դրանից՝ ինձ միշտ հետաքրքրել են պատմությամբ հարուստ ռուսախոս տարածաշրջանները՝ Կովկասը, Կենտրոնական Ասիան և Արևելյան Եվրոպան»։
Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն ունի լավ և համապարփակ ծրագիր՝ տարբեր դասընթացներով և մշակութային բաղադրիչներով։ Ըստ ուսանողի՝ ԵՊՀ-ն Հայաստանի ամենամեծ և կարևոր համալսարաններից է, ուստի իր ընտրությունը համարում է տրամաբանական՝ թե՛ հայկական մշակույթին, թե՛ ռուսերենին ավելի լավ ծանոթանալու համար։
Թեև մինչ այժմ հնարավորություն չի ունեցել հայերեն սովորելու, Ջուլիանն ասում է, որ ծրագրի ընթացքում ցանկանում է ռուսերենի հետ մեկտեղ մասնակցել նաև հայոց լեզվի դասերի։ Առայժմ նա գիտի ընդամենը մի քանի հայերեն բառ։
Անդրադառնալով իր ակնկալիքներին՝ Վալերի Վայսերբերգը նշում է, որ ծրագրի ավարտին ցանկանում է առաջին հերթին ավելի վստահ խոսել ռուսերեն՝ առանց վախի ու կաշկանդվածության։ Նա հետաքրքրված է նաև հայերեն սովորելով, որպեսզի ավելի արագ կարողանա հարմարվել միջավայրին։
Ուսանողները Հայաստան գալուց առաջ արդեն որոշ փաստեր գիտեին Հայաստանի մասին։ Նրանք գիտեին, որ Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունն է աշխարհում, ծանոթ էին Հայոց ցեղասպանության պատմությանը և Արարատ լեռան հետ կապված աստվածաշնչյան ավանդություններին։
«Հայաստանում ինձ ամենից շատ զարմացրել է մարդկանց անմիջականությունը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում բոլորը կարևորում են մեկը մյուսի անձնական տարածքը, իսկ այստեղ մարդիկ ավելի անմիջական են, ինչը պարզապես մշակութային մտածողության տարբերություն է»,- ընդգծում է Ջեք Սմիթը։
Վալերի Վայսերբերգը, առանձնացնելով երևանյան առօրյայի այլ կողմերը, հավելում է․ «Սուրճն այստեղ լրիվ այլ է, Երևանում շատ են կանաչ տարածքներն ու արձանները, մարդիկ բարեհամբույր են։ Մեկ այլ մշակութային առանձնահատկություն է, որ մարդիկ մեծ ուշադրություն են դարձնում իրենց հագուկապին, մինչդեռ ԱՄՆ-ում ավելի շատ հագնում ենք կիսատաբատներ կամ հուդիներ՝ ավելի ազատ հագուստ»։
Առաջին անգամ Հայաստան ժամանած ուսանողները ութ շաբաթվա ընթացքում ոչ միայն ռուսերեն կսովորեն, այլև հնարավորություն կունենան բացահայտելու հայկական մշակույթը, շփվելու հայ երիտասարդների հետ և այցելելու երկրի պատմամշակութային տարբեր վայրեր։
Ուսումն ու մշակույթը՝ մեկ ծրագրում
«Ռուսաց լեզվի և տարածաշրջանային ուսումնասիրություններ» ծրագրի համակարգող Աննա Մարգարյանն ընդգծում է՝ ծրագիրն իրականացվում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների («American Councils for International Education») և ԵՊՀ-ի համագործակցությամբ, որի շրջանակում 18 ուսանող ԱՄՆ տարբեր համալսարաններից երկու ամսով ժամանել է Հայաստան՝ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում ռուսերեն սովորելու նպատակով։ Ծրագրի շրջանակում այսօր տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր Հայաստան ժամանած ուսանողներին նախապատրաստել երկրում և համալսարանական միջավայրում առօրյա կյանքին։ Նման հանդիպումները կազմակերպվում են՝ նպատակ ունենալով նրանց աջակցելու նոր միջավայրին հեշտ հարմարվելու, ինչպես նաև ուսումնական գործընթացին և հայաստանյան առօրյային ծանոթանալու հարցում։
«Արդեն չորրորդ տարին է, ինչ Երևանի պետական համալսարանում իրականացվում է այս ծրագիրը։ Ամառային փուլին մասնակցող ուսանողները երկու ամիս ինտենսիվորեն ռուսերեն են սովորելու։ Նրանք ժամանել են ԱՄՆ տարբեր նահանգներից և մասնագիտանում են հիմնականում քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների և սոցիալական գիտությունների ոլորտներում»,- նշում է նա։
Աննա Մարգարյանը շեշտում է՝ ծրագիրն ունի մի քանի բաղադրիչ․ ուսանողները սովորում են ԵՊՀ-ում, բնակվում են հյուրընկալ ընտանիքներում, մասնակցում են մշակութային այցերի և շփվում հայ ուսանողների հետ՝ ռուսերենը կիրառելով նաև լսարանից դուրս։
«Մեր նպատակն է, որ նրանք ռուսերենով հաղորդակցվեն ոչ միայն լսարանում, այլև առօրյայում։ Այդ պատճառով օտարերկրյա ուսանողներին ծանոթացնում ենք ԵՊՀ ուսանողների հետ, կազմակերպում ենք համատեղ այցելություններ թատրոններ, թանգարաններ, կինոթատրոններ և զբոսանքներ։ Բացի դրանից՝ ամեն շաբաթ կազմակերպվում են էքսկուրսիաներ Հայաստանի տարբեր վայրեր՝ Սևան, Դիլիջան, Գառնի, Մատենադարան և այլ ուղղություններով»,- ասում է ծրագրի համակարգողը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հարմար միջավայր է ռուսերեն սովորելու համար, քանի որ լեզուն շարունակում է լայնորեն կիրառվել հասարակական կյանքում, իսկ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը օտարերկրյա ուսանողների համար մշակում է հատուկ ինտենսիվ ուսումնական ծրագիր։
Ծրագրի շրջանակում ուսանողները ծանոթանում են նաև Հայաստանի պատմությանն ու մշակույթին, իսկ ցանկության դեպքում մասնակցում են հայերենի դասընթացների։
«Մեր նպատակը միայն լեզվի իմացությունը բարելավելը չէ։ Կարևոր է նաև, որ ուսանողները ձեռք բերեն միջազգային փորձ, ապրեն այլ երկրում, ճանաչեն հայկական մշակույթը և նոր տեսանկյունից բացահայտեն տարածաշրջանը»,- ընդգծում է ծրագրի համակարգողը։
ԵՊՀ օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժնի վարիչ Լիա Էվոյանը նշում է, որ ուսանողները պետք է առավելագույնս օգտվեն Հայաստանում գտնվելու հնարավորությունից՝ ծանոթանալով երկրի մշակույթին, առօրյային և մարդկանց հետ։ Նրա խոսքով՝ նման փորձը կարևոր է ոչ միայն ուսուցման, այլև միջմշակութային կապերի ձևավորման տեսանկյունից։
Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների բարձրագույն կրթական ծրագրերի ղեկավար Գրեհեմ Հեթլինգերը կարևորում է այսօրինակ նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս ամերիկացի ուսանողներին ուսումնասիրելու ռուսերենը, հայերենը և տարածաշրջանի մշակույթը։ Նա ընդգծում է, որ ծրագիրը ուսանողների համար ոչ միայն ուսումնական փորձ է, այլև պատասխանատու աշխատանք, որը պահանջում է նվիրվածություն և ակտիվ մասնակցություն։












