Երևանի պետական համալսարանի թիմը մասնակցել է Լայդենի համալսարանի կողմից կազմակերպվող հեղինակավոր «Telders International Law Moot Court Competition» մրցույթին։
Արդեն երկրորդ տարին է, ինչ ԵՊՀ-ն մասնակցում է այս հեղինակավոր միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթին, որը միավորում է Եվրոպայի տարբեր համալսարանների թիմերի։ Մրցույթը բացառիկ հնարավորություն է ընձեռում ուսանողներին զարգացնելու և ցուցադրելու իրենց գիտելիքները միջազգային իրավունքի ոլորտում՝ միաժամանակ փորձարկելով ստեղծագործական մոտեցումը, վերլուծական կարողությունները և փաստաբանական հմտությունները դատախաղի գրավոր և բանավոր փուլերում։
ԵՊՀ թիմում ընդգրկված էին «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» (ICA) մագիստրոսական կրթական ծրագրի չորս ուսանողներ՝ Էրիկ Մանուկյան, Լիլիթ Փայտյան, Սվետլանա Սիմոնյան և Սիլվա Վարդազարյան։ Թիմի մարզիչերն էին ծրագրի համահիմնադիրներ Եղիշե Կիրակոսյանը և Քրիստինե Խանազադյանը։
Այս տարվա մրցութային խնդիրը վերաբերում էր Արդարադատության միջազգային դատարանում խորհրդատվական վարույթներին և ընդգրկում էր իրավական բարդ հարցեր՝ կապված միջազգային կազմակերպությունների անձեռնմխելիության, ռասսայական խտրականության արգելքի հետ՝ միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի շրջանակներում։
Մրցույթը ներառում էր ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր փուլեր։ Գրավոր փուլում ԵՊՀ թիմը ներկայացրել է գրավոր հուշագրեր, որոնք դրական գնահատականի են արժանացել Միջազգային վերանայման խորհրդի (IBOR) անդամների կողմից։ Վերջիններս, ի թիվս այլ դիտարկումների, նշել են․ «Ցուցաբերելով վերաբերելի իրավական ակտերի լավ իմացություն՝ թիմը կազմել է որակյալ հուշագիր՝ 1-ին և 3-րդ խնդիրների մասով իրական ուժեղ փաստարկներով։ Դուք հստակ հասկանում եք, թե որոնք են «Gravenwald»-ի լավագույն փաստարկները»։
Մրցույթի բանավոր փուլը տեղի է ունեցել Հաագայում՝ միջազգային իրավունքի քաղաքում։ Թիմի բանավոր ելույթները գնահատվել են միջազգային իրավունքի ոլորտի առաջատար մասնագետների և գիտական համայնքի ներկայացուցիչների կողմից։ Մրցույթի ընթացքում ԵՊՀ թիմը ներկայացրել է իր փաստարկները Էստոնիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Իտալիայի համալսարանների թիմերի դեմ կիսաեզրափակիչ խաղերում։ Համալսարանականները նաև հնարավորություն են ունեցել ելույթ ունենալու այս տարվա խնդրի հեղինակի առջև և ստացել են խրախուսական արձագանքներ խաղերում ներգրավված դատավորներից։
ԵՊՀ թիմի մասին հնչել են հետևյալ մեկնաբանությունները․ «Թիմը Արդարադատության միջազգային դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ շատ լավ գիտելիք ունի, կարողանում է հստակ հղումներ կատարել գործի փաստերին և վերաբերելի վճիռներին», «Ելույթի շատ լավ տիրապետում», «Գերազանց զիջումներ և օրինակներ»։
Միևնույն ժամանակ, դատավորները ներկայացրել են արժեքավոր առաջարկներ հետագա կատարելագործման համար։
Թիմը Հաագայից վերադարձել է արժեքավոր փորձառությամբ, զարգացած փաստաբանական հմտություններով և նորացված մոտիվացիայով՝ կիրառելու ձեռք բերված գիտելիքները և հմտությունները ինչպես հետագա դատախաղ-մրցույթներում, այնպես էլ աշխատանքային պրակտիկայում։