- Main
- Node
- Ի՞նչ կրթություն է պետք փոփոխվող աշխարհին․ քննարկում ԵՊՀ շրջանավարտների ֆորումի ժամանակ
July 17, 2026 | 10:27
Կրթություն
Միջոցառումներ
Շրջանավարտներ
Ի՞նչ կրթություն է պետք փոփոխվող աշխարհին․ քննարկում ԵՊՀ շրջանավարտների ֆորումի ժամանակ
Արդյո՞ք ժամանակակից կրթական համակարգերը համահունչ են 21-րդ դարի արագ փոփոխվող աշխարհի պահանջներին։ ԵՊՀ շրջանավարտների ֆորումի «Կրթության փոխակերպումներ» խորագրով քննարկման ընթացքում ոլորտի մասնագետներն անդրադարձել են կրթության վերաիմաստավորման անհրաժեշտությանը, միջառարկայական կապերին, տեխնոլոգիական զարգացումների ազդեցությանը և կրթության ապագային։ Բանախոսները ներկայացրել են կրթության նպատակների, բովանդակության և կազմակերպման շուրջ առկա մոտեցումները՝ քննարկելով նաև արհեստական բանականության, մասնագիտական «շարժունակության» և ցկյանս ուսումնառության արդիական մարտահրավերները։
Ժամանակը պարտադրում է փոփոխություն
| Լուսինե Խառատյան | Մոդերատոր | ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն |
| Արտուր Մովսիսյան | Բանախոս | ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ |
| Մարինա Աղայան | Բանախոս | ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի եռաչափ տպագրության հետազոտական լաբորատորիայի վարիչ |
| Սմբատ Գոգյան | Բանախոս | «Քառակուսի» կրթական հիմնադրամի տնօրեն |
| Սոնա Բալասանյան | Բանախոս | Սոցիալական և ինստիտուցիոնալ փոփոխությունների հետազոտական լաբորատորիայի համաղեկավար |
Ինչպե՞ս է ժամանակակից աշխարհը վերաիմաստավորում կրթությունը
«ԵՊՀ շրջանավարտների ֆորում-2026»-ի «Կրթության փոխակերպումներ» պանելային քննարկման շրջանակում բանախոսներն անդրադարձան 21-րդ դարի կրթության մի շարք հիմնախնդիրների, ներկայացրին նպատակները, բովանդակությունը, կազմակերպման ու վերափոխման վերաբերյալ տարբեր տեսական մոտեցումներ և ոչ միայն։
Ըստ Արտուր Մովսիսյանի՝ կրթության վերաիմաստավորման անհրաժեշտությունը պատճառահետևանքային կապով շաղկապված է ժամանակակից հասարակության արագընթաց տեխնոլոգիական, սոցիալական և տնտեսական փոփոխություններին, որոնք կրթական համակարգերի առջև դնում են նոր պահանջներ, անհրաժեշտ նոր մոտեցումներ։ Նրա դիտարկմամբ՝ կրթության գործառույթը, գիտելիքի փոխանցումից բացի, ներառում է անհատի համակողմանի զարգացման անհրաժեշտ պայմանների ձևավորումը։ Այս համատեքստում կրթությունը բազմաշերտ համակարգ է, որն ընդգրկում է ոչ միայն գիտելիքի արտադրության և փոխանցման գործընթացները, այլև կրթական ենթակառուցվածքները, ուսումնական միջավայրը, մասնագիտական համագործակցության ցանցերը, ինչպես նաև սովորողների մասնագիտական և միջառարկայական կարողունակությունների զարգացումը։
Մարինա Աղայանն իր ելույթում ընդգծեց, որ 21-րդ դարի կրթության վերափոխման առանցքային բնութագրիչներից է միջառարկայականության և բազմակողմանիության սկզբունքի ամրապնդումը։ Նրա գնահատմամբ՝ ժամանակակից գիտական առաջընթացն առավելապես պայմանավորված է տարբեր գիտակարգերի փոխներգործությամբ և գիտելիքի ինտեգրմամբ, ինչի արդյունքում ձևավորվում են նոր գիտական և մասնագիտական ոլորտներ։ Այս իրողությունը հանգեցնում է մասնագետների նկատմամբ նոր պահանջների ձևավորմանը՝ առաջնային դարձնելով տարբեր ոլորտների գիտելիքների և հմտությունների համադրման կարողությունը։
Բանախոսն այս համատեքստում անդրադարձավ մասնագիտական «շարժունակության» խնդրին՝ նշելով, որ ժամանակակից աշխատաշուկայի պայմաններում մասնագիտական ուղու փոփոխությունն ու վերաորակավորումը դարձել են առավել տարածված և հաճախադեպ անհրաժեշտ գործընթացներ։ Եթե նախորդ դարաշրջաններում մասնագիտությունը հաճախ դիտարկվում էր որպես երկարաժամկետ և կայուն ընտրություն, ապա ներկայում մասնագիտական ինքնության վերափոխումը դիտարկվում է որպես անհատի շարունակական զարգացման բնական բաղադրիչ։ Այս գործընթացում կարևոր դեր են ստանձնում թվային տեխնոլոգիաները և տեղեկատվական ռեսուրսների լայն հասանելիությունը, որոնք էականորեն փոխում են գիտելիք յուրացնելու և կիրառելու մեխանիզմները։ Արդյունքում, ըստ Մ. Աղայանի, կրթական հաստատությունները կանգնած են իրենց գործառույթները, առաքելությունը, գործիքակազմը և զարգացման ռազմավարությունները վերանայելու անհրաժեշտության առջև։
Սմբատ Գոգյանը ներկայացրեց այլընտրանքային մոտեցում՝ պնդելով, որ կրթության հիմնարար նպատակները ժամանակի ընթացքում էական փոփոխության չեն ենթարկվել։
«Ես չեմ կարծում, որ կրթությունը վերաիմաստավորվում է։ Այն շարունակում է հիմնված լինել նույն նպատակների և արժեքների վրա»,- նշեց նա:
Ըստ բանախոսի՝ կրթության հիմնական առաքելությունը շարունակում է մնալ անհատի սոցիալականացման, հասարակական կյանքում արդյունավետ ներգրավվածության և կենսագործունեության կիրառելի գիտելիքների ու հմտությունների ձևավորումը։ Ներկայում տեղի ունեցող փոփոխությունները հիմնականում վերաբերում են կրթության կազմակերպման մեթոդներին և ուսուցման տեխնոլոգիաներին, այլ ոչ թե կրթության բուն նպատակներին։ Ընդգծելով, որ կարողունակությունների ձևավորումը հնարավոր չէ առանց հիմնարար գիտելիքների առկայության, նա քննադատաբար անդրադարձավ այն տեսակետին, ըստ որի՝ գիտելիքի նշանակությունը գնալով նվազում է։ Ս. Գոգյանի դիտարկմամբ՝ տեղեկության հասանելիության ընդլայնումը դեռևս չի ենթադրում դրա արդյունավետ օգտագործման կարողության զարգացում։ Հետևաբար տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացը թեև նպաստում է կրթական գործընթացների արդիականացմանը, այնուամենայնիվ խորքային և համակարգված ուսումնառությունը շարունակվում է մնալ անհրաժեշտություն։
«Ես կարող եմ Վիքիպեդիայից հրաբուխների մասին մի երկու տեքստ կարդալ ու գալ խելոք-խելոք խոսել: Բայց երբ հրաբխի վտանգ լինի, բնականաբար, առանց երկրաբանության, աշխարհագրության հիմնարար գիտելիքների՝ ես արդեն ոչ մի բան չեմ կարողանա ասել»,- պատկերավոր նկարագրեց Ս. Գոգյանը:
Սոնա Բալասանյանն էլ այն տեսակետը արտահայտեց, որ կրթության վերաիմաստավորման գործընթացը նոր երևույթ չէ, այլ պատմականորեն շարունակական բնույթ ունեցող զարգացում։ Ըստ նրա՝ կրթական համակարգերը մշտապես արձագանքում են հասարակական, մշակութային, գիտատեխնոլոգիական և տնտեսական փոփոխություններին՝ վերանայելով իրենց նպատակները, բովանդակությունն ու մեթոդաբանությունը: Այդպիսով՝ կրթության վերափոխումը, վերաիմաստավորումը կարելի է դիտարկել որպես հասարակությանն ու համաշխարհային առաջընթացին ուղեկցող տրամաբանական և անընդհատական գործընթաց։
Բանախոս Սոնա Բալասանյանը, կրթության պատմական զարգացումը պայմանականորեն բաժանելով դասականության, մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի, ընդգծեց, որ յուրաքանչյուր ժամանակաշրջան կրթությանը հաղորդել է նոր բովանդակություն և տվյալ ժամանակաշրջանով պայմանավորված մեկնաբանություն:
Անդրադառնալով մեր օրերի կրթական իրողություններին՝ Ս. Բալասանյանը նշեց, որ ներկայում ձևավորվում է մի իրավիճակ, որը որոշ առումներով հիշեցնում է դասական շրջանը․ կրթական գործընթացում ուսուցանողի և սովորողի դերերը փոխլրացնող են դառնում, իսկ գիտելիքի ստեղծումն ու փոխանցումը՝ ավելի փոխգործակցային։ Սակայն այս գործընթացը կազմակերպվում է նոր տեխնոլոգիաների և ժամանակակից մեթոդների կիրառմամբ։
Ըստ բանախոսի՝ ազգային, վերազգային, ինստիտուցիոնալ, ոչ ֆորմալ, ինդուստրիալ և հետինդուստրիալ կրթական մոդելները համատեղ բնութագրում են ժամանակակից կրթության բազմաշերտ բնույթը։ Նա ընդգծեց, որ գլոբալ գործընթացների, տեխնոլոգիական արագ զարգացումների և արհեստական բանականության լայն կիրառության պայմաններում կրթությունը մշտապես վերաիմաստավորվում է անձնականից մինչև ինստիտուցիոնալ, ազգային, վերազգային և համաշխարհային մակարդակներում։
Իսկ ո՞րն է այն ապագան, որի համար կրթությունը պետք է վերափոխվի
Ըստ բանախոս Արթուր Մովսիսյանի՝ արագ զարգացող և փոփոխվող աշխարհում շատ դժվար է այդ հարցին պատասխանել: Բայց մի բան հստակ է. բոլոր դարաշրջաններում էլ տեխնոլոգիաների զարգացումը զուգորդվել է մտավախությամբ, որ մարդկության մի ստվար հատված անգործ կմնա: Մինչդեռ «մեռած» մասնագիտություններին միշտ էլ փոխարինելու են եկել նոր «ծնված»-ները: Ասել է թե՝ պետք չէ վախենալ արհեստական բանականությունից, այն ընդամենը գործիք է, որի կիրառումը կրթության մեջ չարաշահել պետք չէ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Video