- Main
- Node
- Հանրակրթության վերափոխում. ի՞նչ ենք սովորել անցյալից, և ի՞նչ է պահանջում ապագան
August 21, 2026 | 12:12
Կրթություն
Շարունակական կրթություն
Հանրակրթության վերափոխում. ի՞նչ ենք սովորել անցյալից, և ի՞նչ է պահանջում ապագան
19-րդ դարի արդյունաբերական հեղափոխությունն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը արմատապես փոխեցին կրթության դերն ու կազմակերպումը՝ կրթությունը դարձնելով հասարակության և պետության զարգացման կարևոր գործոն: Տեխնոլոգիական, տնտեսական և սոցիալական մարտահրավերների բախվող աշխարհը կանգնած է կրթական համակարգերի հերթական վերափոխման անհրաժեշտության առաջ։ Ժամանակակից կրթությունն ավելի ու ավելի է հիմնվում ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլև 21-րդ դարի պահանջներին համահունչ STEM (ԳՏՃՄ) կրթական մոտեցումների վրա:
Եթե մինչև 19-րդ դարը կրթության հասանելիությունը շատ հասարակություններում սահմանափակ էր և հաճախ պայմանավորված էր սոցիալական կարգավիճակով, ապա 19-րդ դարում՝ արդյունաբերականացման և պետական կրթական համակարգերի ձևավորման գործընթացներին զուգահեռ՝ կրթությունը աստիճանաբար դարձավ ավելի լայն հասարակական և պետական քաղաքականության մաս։
Ֆինանսավորելով ու վերահսկելով դպրոցները՝ տարբեր պետություններ նպաստեցին պարտադիր կրթության համակարգերի ներդրմանն ու կրթված քաղաքացիների ձևավորմանը։ Դրա արդյունքում բարձրացավ նաև գրագիտության մակարդակը։ 19-րդ դարի երկրորդ կեսին բազմաթիվ երկրներում ընդունվեցին օրենքներ, որոնք պարտադրում էին երեխաներին դպրոց հաճախել:
Ժամանակի ընթացքում զարգացան և կատարելագործվեցին ուսուցման մեթոդները, ձևավորվեցին ազգային կրթական համակարգեր, իսկ ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության նկատմամբ սահմանվեցին պահանջներ։
Ներկայիս կրթական համակարգերը՝ ձևավորված արդյունաբերական դարաշրջանում, միշտ չէ, որ լիարժեքորեն համապատասխանում են 21-րդ դարի արագ փոփոխվող աշխարհի պահանջներին։ Տեխնոլոգիական զարգացումը, համաշխարհայնացումը, կլիմայական, տնտեսական և սոցիալական մարտահրավերները պահանջում են կրթության համակարգային վերափոխում: Գիտելիքից և հմտություններից զատ՝ առաջնային են ստեղծարարությունն ու նորարարությունը, քննադատական մտածողությունը, հաղորդակցությունն ու համագործակցությունը, ինչպես նաև անձնային և արժեքային որակները՝ գիտակցվածությունը, հետաքրքրասիրությունը, համարձակությունը, տոկունությունը, էթիկան և առաջնորդությունը։ Կարևոր է նաև մետաուսուցումը՝ սովորել, թե ինչպես սովորել։ Վերջինս նպաստում է ցկյանս ուսումնառության պատրաստ անձի ձևավորմանը, որը կարողանում է ինքնուրույն պլանավորել, մշտադիտարկել և գնահատել սեփական ուսումնառությունը և ձևավորել աճի մտածելակերպ։
Որպեսզի սերունդները պատրաստ լինեն ապագայի անորոշ ու փոփոխական աշխարհին և հնարավորինս արդյունավետ արձագանքեն ներկայի ու ապագայի մարտահրավերներին, կարևոր է ոչ միայն այն, թե ինչ սովորեցնել, այլև այն, թե ինչպես սովորեցնել։ 21-րդ դարի առաջնահերթություններին համահունչ կրթության համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում STEM (ԳՏՃՄ) մոտեցումը, որը միավորում է գիտությունը, տեխնոլոգիաները, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան՝ նպաստելով միջառարկայական մտածողության, խնդիրների լուծման, ստեղծարարության և նորարարական մոտեցումների զարգացմանը։
Ապագայի մարտահրավերներին պատրաստ կրթական համակարգը պետք է կարողանա համադրել ակադեմիական ամուր հիմքը, տեխնոլոգիական հնարավորություններն ու մարդկային ներուժի զարգացումը։ Այդ դեպքում հանրակրթությունը ոչ միայն կարձագանքի փոփոխվող աշխարհին, այլև կդառնա ձևավորող միջավայր՝ սովորողին տալով ոչ թե պատրաստի պատասխաններ, այլ դրանք որոնելու և նոր հարցեր ձևակերպելու կարողություն։