ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» և «Ռազմավարական հաղորդակցություն» կրթական ծրագրերում ամառային և ձմեռային դպրոցներն ուսումնական գործընթացի անբաժանելի մասն են։ Լինելով կրթական մոդելի կարևոր բաղադրիչներից՝ դրանք նաև լսարանում ստացած տեսական գիտելիքները գործնական փորձի վերածելու հարթակ են։ Հուլիսի 23–25-ը Երևանում անցկացվեց «Քաղաքական PR և ռազմավարական հաղորդակցություն» խորագրով եռօրյա ամառային դպրոցի ծրագիրը, որն իրականացվեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի և Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) համագործակցության արդյունքում։
Ինտերակտիվ դասախոսությունները, մասնագիտական քննարկումները, բանավեճերն ու սիմուլյացիոն վարժանքները հնարավորություն են տալիս ուսանողներին ոչ միայն խորացնելու իրենց մասնագիտական գիտելիքները, այլև զարգացնելու վերլուծական մտածողությունը, թիմային աշխատանքի, որոշումների կայացման և ռազմավարական հաղորդակցության այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից հաղորդակցողի և PR մասնագետի մասնագիտական գործունեության մեջ։
Ծրագրին մասնակցեցին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» և «Ռազմավարական հաղորդակցություն» կրթական ծրագրերի ուսանողները, որոնց միացել էին ԵՊՀ այլ ֆակուլտետների, ինչպես նաև Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներն ու երիտասարդ հետազոտողները։ Ակադեմիական և մասնագիտական ձևավորված միջավայրը ոչ միայն հարստացրեց քննարկումները, այլև նպաստեց նոր համագործակցությունների, փորձի փոխանակման և մասնագիտական նոր կապերի ձևավորմանը։
Եռօրյա ծրագրի ընթացքում մասնակիցները հեղինակային դասախոսությունների, մասնագիտական քննարկումների և գործնական աշխատանքի միջոցով անդրադարձան քաղաքական PR-ի և ռազմավարական հաղորդակցության արդի հիմնահարցերին՝ քաղաքական առաջնորդության և հերոսական նարատիվների ձևավորումից, քաղաքական միֆաստեղծումից և նախընտրական արշավների կազմակերպումից մինչև սոցիոլոգիական հետազոտությունների և տվյալահենք որոշումների դերը քաղաքական գործընթացներում, ինչպես նաև քաղաքական հաղորդակցության էթիկական մարտահրավերները։
Ծրագրի կարևոր բաղադրիչը սիմուլյացիոն վարժանքն էր, որի ընթացքում մասնակիցները կիրառեցին իրենց գիտելիքները իրականությանը մոտ իրավիճակներում։ Դրան հաջորդած մասնագիտական քննարկումներն ու համատեղ վերլուծությունը հնարավորություն տվեցին գնահատելու տարբեր հաղորդակցային ռազմավարություններ, հիմնավորելու կայացված որոշումները և տեսնելու, թե ինչպես է տեսությունը վերածվում գործնական լուծումների։
Ամառային դպրոցի շրջանակում հեղինակային դասախոսություններով հանդես եկան ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, դոցենտ Նվարդ Մելքոնյանը, «Ռազմավարական հաղորդակցություն» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Արտակ Շաքարյանը և ծրագրերի դասախոս, ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Յուլիանա Մելքումյանը։
Ամառային դպրոցի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ՝ հավաստելով եռօրյա ինտենսիվ կրթական ծրագրի հաջող ավարտը և նրանց ակտիվ ներգրավվածությունը։ Այդ պահը դարձավ երեք հագեցած օրերի խորհրդանշական ամփոփումը՝ նոր գիտելիքների, գործնական փորձի, մասնագիտական քննարկումների և նոր ձևավորված կապերի արժևորմամբ։
Ծրագրի պատասխանատուներից ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության, հետաքրքիր քննարկումների և ստեղծված մասնագիտական միջավայրի համար, ինչպես նաև գործընկերներին, մասնավորապես՝ Միջազգային հանրապետական ինստիտուտին (IRI)՝ նախաձեռնության իրականացմանն աջակցելու և արդյունավետ համագործակցության համար։
Գործակցությունը կշարունակվի նաև հաջորդ ծրագրերի՝ ամառային և ձմեռային դպրոցների շրջանակում: