- Main
- Node
- Երբ ուսանողը վերադառնում է համալսարան՝ արդեն որպես գործընկեր․ ԵՊՀ շրջանավարտ Լևոն Ազիզյանի մասնագիտական ուղին
September 03, 2026 | 16:00
Կրթություն
Հասարակություն
Երբ ուսանողը վերադառնում է համալսարան՝ արդեն որպես գործընկեր․ ԵՊՀ շրջանավարտ Լևոն Ազիզյանի մասնագիտական ուղին
Բնության երևույթների հանդեպ դպրոցական տարիների հետաքրքրությունից մինչև հիդրոօդերևութաբանության ոլորտում ղեկավար պաշտոն․ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի մասնագիտական ճանապարհը սկսվել է ԵՊՀ-ից։ Ուսանողական խորհրդի նախագահ, տարիներ անց՝ արդեն համալսարանի գործընկեր և ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակի արժանացած մասնագետ․ նրա կյանքում մայր բուհը ոչ միայն կրթության, այլև մտածողություն, արժեքներ ու պատասխանատվություն ձևավորող միջավայր է եղել։
Մեզ հետ զրույցում Լևոն Ազիզյանը պատմում է ուսանողական տարիների հիշողությունների, մասնագիտական փոփոխվող աշխարհի, երիտասարդ մասնագետների դերի, շրջանավարտի պատասխանատվության և համալսարանական տարիներին ձևավորված այն արժեքների մասին, որոնք շարունակում են ուղեկցել նրան մինչ օրս։
- Պարո՛ն Ազիզյան, ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց հիդրոօդերևութաբանությունը, և ինչո՞ւ Ձեր մասնագիտական կրթության համար ընտրեցիք ԵՊՀ-ն։
- Դպրոցական տարիներից ինձ միշտ հետաքրքրել է բնությունը՝ ոչ միայն որպես գեղեցիկ երևույթ, այլև որպես բարդ համակարգ։ Երբ ամպրոպ էր լինում կամ հորդառատ անձրև, ես ոչ թե փորձում էի հասկանալ՝ ինչ է տեղի ունենում, այլ՝ ինչու։ ԵՊՀ-ն այն ժամանակ, ինչպես և այսօր, լավագույն վայրերից էր այդ հարցերի պատասխանները գտնելու համար։ Իսկ հիդրոօդերևութաբանությունը մի մասնագիտություն է, որի միջոցով գիտությունը անմիջականորեն կապվում է մարդկանց կյանքի հետ։
- Ուսանողական ո՞ր հիշողություններն են Ձեզ միշտ ուղեկցում կյանքում։
- Ամենից հաճախ հիշում եմ այն էներգիան, որը կար համալսարանում։ Մենք ոչ միայն սովորում էինք, այլև կազմակերպում, նախաձեռնում, վիճում, քննարկում, երազում։ Ես երեք տարի եղել եմ ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, և ուսանողական խորհրդում անցկացրած տարիները հատկապես կարևոր էին, քանի որ այնտեղ առաջին անգամ զգացի, թե ինչ է նշանակում ներկայացնել ուսանողների շահերը և պատասխանատու լինել ոչ միայն քեզ, այլև ուրիշների համար։
- Եթե հնարավորություն ունենայիք կրկին վերադառնալու ուսանողական տարիներ…
- Հավանաբար ավելի շատ ժամանակ կհատկացնեի միջազգային ծրագրերին և օտար լեզուների խորացված ուսումնասիրությանը։ Ընդհանուր առմամբ, ուսանողական տարիները ոչ միայն մասնագիտական զարգացման, այլև որպես մարդ կայանալու տարիներ էին։
- Ի՞նչ խորհուրդ կտաք ԵՊՀ այսօրվա ուսանողներին։
- Մի՛ սահմանափակվեք լսարանով։ Համալսարանը շատ ավելին է, քան դասացուցակով սահմանված դասընթացները։ Մասնակցե՛ք ծրագրերի, նախաձեռնությունների, հետազոտությունների, փորձե՛ք ձեզ տարբեր ոլորտներում։ Չգիտեք, թե կյանքի որ փուլում հենց այդ փորձը կարող է որոշիչ դառնալ։ Երիտասարդները մեր ոլորտի ապագան չեն, նրանք արդեն ներկան են։ Շատ գաղափարներ, թվային լուծումներ և նոր մոտեցումներ գալիս են հենց երիտասարդ մասնագետներից։ Այսօր հաջողակ մասնագետը պետք է համատեղի բնական գիտությունների գիտելիքները, տեղեկատվական տեխնոլոգիաները և վերլուծական մտածողությունը։ Համալսարանը կարող է այս գործընթացը արագացնել՝ ավելի սերտ կապ ստեղծելով կրթության և իրական աշխատանքի միջև։
- Իսկ ի՞նչ զգացողություն է առաջացնում համալսարանի հետ այդ կապը տարիներ անց։
- Հատուկ զգացողություն է, երբ տարիներ անց վերադառնում ես համալսարան արդեն որպես գործընկեր։ Մի ժամանակ ես այստեղ սովորում էի, իսկ այսօր փորձում եմ իմ ներդրումն ունենալ համալսարանի զարգացման գործում։ Դա պատասխանատվություն է և, միաժամանակ, մեծ պատիվ։
- Պարո՛ն Ազիզյան, շատերի համար համալսարանը միայն մասնագիտական գիտելիքներ ստանալու վայր չէ, այլ նաև մտածողություն, արժեքներ և առաջնորդական հմտություններ ձևավորող միջավայր։ Ի՞նչ դեր է ունեցել ԵՊՀ-ում ստացած կրթությունը Ձեր մասնագիտական ճանապարհին և հետագայում ղեկավարի դիրքում կայանալու գործում։
- ԵՊՀ-ն ինձ տվեց ոչ միայն մասնագիտական հիմք, այլև աշխարհայացք։ Այստեղ սովորեցի փաստերի վրա հիմնված որոշումներ կայացնել, լսել տարբեր կարծիքներ և չվախենալ պատասխանատվությունից։ Այսօր, երբ ղեկավարում եմ մի կառույց, որի աշխատանքը կապված է մարդկանց անվտանգության, ջրային ռեսուրսների և կլիմայական ռիսկերի հետ, ամեն օր օգտվում եմ համալսարանում ձեռք բերած գիտելիքներից և հմտություններից։
- Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ հմտություններ և արժեքներ պետք է ձևավորի համալսարանը։
- Գիտելիքը կարևոր է, բայց այն արագ հնանում է։ Շատ ավելի կարևոր է սովորել «սովորել»։ Համալսարանը պետք է ձևավորի պատասխանատու, նախաձեռնող, քննադատական մտածողությամբ մասնագետներ, որոնք պատրաստ են անընդհատ զարգանալու և փոփոխվող աշխարհում արագ հարմարվելու նոր պայմաններին։
- Վերջերս արժանացել եք ԵՊՀ շրջանավարտների գերազանցության մրցանակի՝ համալսարանի զարգացման գործընթացներին ակտիվ մասնակցության համար։ Ի՞նչ նշանակություն ունի այդ մրցանակը Ձեզ համար։
- Յուրաքանչյուր գնահատական հաճելի է, բայց մայր բուհի գնահատականն ունի առանձնահատուկ արժեք։ Այն հիշեցնում է, թե որտեղից է սկսվել ճանապարհդ, և որքան կարևոր է չկորցնել այդ կապը տարիների ընթացքում։ Այս մրցանակը պարտավորեցնում է շարունակելու աջակցել համալսարանի զարգացմանն ու երիտասարդ մասնագետների առաջխաղացմանը։
- Ինչո՞ւ է Ձեզ համար կարևոր մայր բուհի հետ կապի շարունակականությունը։
- Համալսարանն ավարտելուց հետո դու դադարում ես ուսանող լինելուց, սակայն երբեք չես դադարում համալսարանի շրջանավարտ լինելուց։ Յուրաքանչյուրիս հաջողության մեջ կա համալսարանի ներդրումը, և բնական է, որ այդ կապը պահպանվի։
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ դեր կարող են ունենալ շրջանավարտները համալսարանի զարգացման գործում։
- Շրջանավարտները համալսարանի լավագույն «դեսպաններն» են։ Նրանք կարող են փոխանցել փորձ, աջակցել երիտասարդներին, ներգրավել նոր գործընկերների և ամրապնդել այն կապը, որով համալսարանը կապվում է հասարակության ու աշխատաշուկայի հետ։
- Մի փոքր խոսենք նաև Ձեր մասնագիտական ոլորտի՝ հիդրոօդերևութաբանության մասին։ Ձեր մասնագիտական գործունեության տարիներին ինչպե՞ս է փոխվել ոլորտը, և ի՞նչ նոր տեխնոլոգիաներ ու մոտեցումներ են այսօր կարևոր դեր կատարում դրա զարգացման գործում։
- Վերջին տասնամյակում ոլորտը փոխվել է ավելի արագ, քան նախորդ մի քանի տասնամյակներում։ Եթե նախկինում կանխատեսումները մեծապես հիմնված էին դիտարկումների վրա, ապա այսօր առանց արբանյակային տվյալների, գերհամակարգիչների, արհեստական բանականության և մեծ տվյալների վերլուծության անհնար է պատկերացնել ժամանակակից հիդրոօդերևութաբանությունը։ Սակայն տեխնոլոգիան երբեք չի փոխարինի մասնագետին. այն ընդամենը ավելի հզոր գործիք է նրա ձեռքում։
Բլից հարցեր Լևոն Ազիզյանին
- ԵՊՀ-ն երեք բառով։
- Գիտելիք, զարգացում, ապահովություն։
- Ձեր ուսանողական տարիները մեկ բառով։
- Անմոռանալի։
- Ամենասիրելի վայրը ԵՊՀ-ում։
- Գրադարանը։
- Դասախոս, որի խորհուրդները հիշում եք մինչ օրս։
- Բորիս Մնացականյան։
- Ո՞ր առարկան էր ամենամեծ մարտահրավերը Ձեզ համար։
- Բարձրագույն մաթեմատիկան։
- Եթե Ձեր մասնագիտությունը չընտրեիք, ո՞ր ոլորտը կընտրեիք։
- Միանշանակ՝ բժշկության ոլորտը։
- Գիրք, որը խորհուրդ կտաք յուրաքանչյուր ուսանողի։
- «Կյանքին ասել ԱՅՈ», Վիկտոր Ֆրանկլ։
- Ո՞ր հատկությունն է ամենից շատ օգնել Ձեզ հաջողության հասնելու ճանապարհին։
- Աշխատասիրությունը։
- Մեկ բառ, որը բնութագրում է լավ մասնագետին։
- Պատասխանատու։
- Մեկ բառ, որը բնութագրում է լավ ղեկավարին։
- Համախմբող։