Ամփոփվեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) նախաձեռնությամբ և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության հիմնախնդիրները՝ եվրոպական արժեքների, ինստիտուտների և գործընթացների համատեքստում» ծրագիրը, որը բաղկացած էր չորս փուլից։
Ծրագրի շրջանակում ս․թ․ ապրիլի 12-14-ը Ծաղկաձորում մեկնարկել էր ամառային դպրոցի առաջին փուլը, որի բացմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գևորգյանը, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը և արտերկրից հրավիրված հյուրեր։
Ծրագրի երկրորդ, երրորդ և չորրորդ փուլերը կայացան համապատասխանաբար մայիսի 2-4-ը՝ Դիլիջանում, հունիսի 27–29 և հոկտեմբերի 3–5-ը՝ կրկին Ծաղկաձորում:
Ծրագիրը նպատակ ուներ խթանելու երիտասարդների շրջանում Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, հայագիտության, ինչպես նաև Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ խորքային գիտելիքների և վերլուծական, տեսական ու գործնական հմտությունների ու կարողությունների զարգացումը։ Դասընթացները նպատակ ունեին ուսանողներին տալու արդի քաղաքական գործընթացների բազմաշերտ պատկերացում, նոր մեթոդաբանական մոտեցումներ, ինչպես նաև որոշումների կայացման և ինստիտուցիոնալ փոխակերպումների վերաբերյալ գիտելիքներ։
Երկրորդ փուլի ընթացքում մասնակիցները խորացրել են իրենց գիտելիքները՝ կենտրոնանալով ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության հիմնախնդիրների, եվրոպական ու հայաստանյան կառույցների գործունեության, քաղաքական գործընթացների վերլուծության վրա։ Այդ փուլում անցկացվել են ակադեմիական քննարկումներ, թեմատիկ դասախոսություններ և փորձագետների հետ մասնագիտական շփումներ, որոնք հնարավորություն են տվել տեսական գիտելիքները համադրելու գործնական դիտարկումների ու վերլուծությունների հետ։
Ծաղկաձորում անցկացված երրորդ փուլի ընթացքում մասնակիցները ներկայացրել են նաև խմբային հետազոտական աշխատանքներ, որոնք մշակվել են նախորդ փուլերում ձեռք բերված գիտելիքների և մեթոդաբանական հմտությունների հիման վրա։ Ներկայացված ուսումնասիրություններն արտացոլել են ծրագրի ընթացքում ձևավորված վերլուծական մոտեցումները, մեթոդաբանական գիտելիքներն ու թիմային աշխատանքի փորձը՝ ամփոփելով ուսումնական գործընթացի հիմնական բաղադրիչները։
Հոկտեմբերի 3–5-ը Ծաղկաձորում կայացած չորրորդ՝ եզրափակիչ փուլում ամփոփվել է ծրագրի ամբողջական գործընթացը։ Այդ փուլում մասնակիցները հանդես են եկել իրենց եզրափակիչ հետազոտական աշխատանքներով, որոնք ուղեկցվել են խորքային մասնագիտական քննարկումներով՝ անդրադառնալով տարածաշրջանային, եվրոպական և գլոբալ քաղաքական գործընթացներին։
Չորրորդ փուլի ավարտին՝ հոկտեմբերի 5-ին, տեղի է ունեցել մասնակիցների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը և զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը ուսանողներին են հանձնել ծրագրի բոլոր փուլերը հաջողությամբ ավարտելու մասին վկայող հավաստագրերը։
Չորս փուլերի՝ ընդհանուր առմամբ 12-օրյա հանդիպումների ընթացքում մասնակիցների հետ իրենց փորձով և մասնագիտական գիտելիքով կիսվել են ռազմական, քաղաքական, միջազգային հարաբերությունների, իրավագիտության, տնտեսագիտության, անվտանգային հետազոտությունների ոլորտների ճանաչված գիտնականներ, փորձագետներ և պետական համակարգի (ՀՀ ԱԳՆ, ՆԳՆ, ՊՆ, ԿԳՄՍՆ, ԿԲ) ներկայացուցիչներ, որոնց դասախոսությունները հետագայում կնպաստեն մասնագիտական հմտությունների զարգացմանը, վերլուծական մտածողության խորացմանը, ինչպես նաև միջհամալսարանական կապերի ամրապնդմանը՝ ձևավորելով ուսանողակենտրոն և համագործակցային միջավայր։