ԵՊՀ պատմության ֆակուլտետում ամփոփվել են ակադեմիկոս Հակոբ Մանանդյանի անվան կրթաթոշակի շրջանակում հայտարարված ուսանողական մրցույթի արդյունքները։ Մրցույթի նպատակն էր մշակել մեթոդաբանական և գործնական մոտեցում Ադրբեջանի կողմից Արցախի պատմական և մշակութային ժառանգության համակարգված խեղաթյուրման դեմ պայքարում։ Հաղթող է ճանաչվել Պատմության ֆակուլտետի բակալավրիատի ուսանողներից կազմված խումբը, որի կազմում էին «Հնագիտություն և ազգագրություն» կրթական ծրագրի ուսանողներ Պավել Սարուխանյանը և Հովիկ Հովհաննիսյանը և «Կովկասագիտություն» կրթական ծրագրի ուսանող Լիլյա Ասոյանը։ Նրանց աշխատանքը ղեկավարել է ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս, պ․գ․թ․ Արտակ Խաչատրյանը։
Նշված խմբի ներկայացրած «Պայքար Ադրբեջանի պատմական կեղծարարության դեմ՝ հիմնված գիտական փաստերի և մշակութային ժառանգության վրա» նախագծի հիմքում տեսական և գործնական բաղադրիչների համադրությունն է։ Այն ձևավորում է ուսումնական մոդուլ, որը նախատեսվում է ներառել կրթական գործընթացում։
Մոդուլի մշակման հիմքում ընկած է ակադեմիական մոտեցում, որը ներառում է մի քանի կարևոր ուղղություններ։ Նախատեսվում է կատարել Արցախի վանքերի և եկեղեցիների քարտեզագրում՝ կիրառելով աշխարհագրական տեղեկատվական համակարգեր (GIS), ինչը հնարավորություն կտա ստեղծելու ճշգրիտ և փաստարկված տվյալների բազա։ Միաժամանակ, ուշադրություն է դարձվում Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը՝ ընդգրկելով խաչքարագործության, գորգագործության, բարբառի, ավանդական երգերի և պարերի, ինչպես նաև տեղական խոհանոցային մշակույթի կարևոր տարրերը։
Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև Արցախի թանգարանային հավաքածուների ցուցակագրումը և թվայնացումը՝ միտված մշակութային կորուստների փաստագրմանը և դրանց գիտական վերլուծությանը։
Նախագծի իրականացման ժամկետը յոթ ամիս է։ Աշխատանքների ավարտից և համապատասխան խմբագրումից հետո այն նախատեսվում է տրամադրել ֆակուլտետի ուսանողներին՝ որպես ուսումնական նյութ։ Բացի դրանից՝ քննարկվում է նախագծի տպագիր տարբերակի հրապարակման հնարավորությունը։
Այս նախաձեռնությունն առանձնանում է ոչ միայն գիտական, այլև հասարակական ու քաղաքական կարևորությամբ։ Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող պատմական կեղծարարության և մշակութային յուրացման քաղաքականությունը պահանջում է հստակ, փաստարկված և համակարգված արձագանք։ Ներկայացված նախագիծը միտված է հենց այդ արձագանքը ձևավորելուն՝ ուսուցման, հետազոտության և հանրային իրազեկման միջոցով։
Նշենք, որ մրցույթի հայտադիմումները գնահատելու նպատակով ձևավորվել էր հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և Հ․ Մանանդյանի թոռնուհի Էլեոնորա Մանանդյանը։