ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Մերի Քեշիշյանի հետ: Հանդիպումը նվիրված էր արվեստի վաստակավոր գործիչ, ասեղնագործության վարպետ, ազգագրագետ Սերիկ Դավթյանի կյանքին և գործունեությանը։ Բանախոսը հեղինակել է նրա կենսագրությանը նվիրված «Ժանյակահյուս կյանք․․․ Հայ ժողովրդի շնորհալի դուստրը՝ Սերիկ Դավթյան» խորագրով գիրքը, որն անդրադառնում է Սերիկ Դավթյանի գիտական ու հասարակական գործունեությանը և ստեղծագործական ժառանգությանը։

Մ. Քեշիշյանը ներկայացրեց Սերիկ Դավթյանի կյանքի ու գործունեության կարևոր և եզակի դրվագները, որոնք ընդգծում են նրա համառությունը և նվիրումը հայկական ժողովրդական արվեստին։ Չնայած դժվարություններին՝ Սերիկ Դավթյանը ոչ միայն պահպանում, այլև ակտիվորեն տարածում էր ասեղնագործության ավանդույթը։
Բանախոսն ունկնդիրներին տեղափոխեց պատմական տարբեր ժամանակահատվածներ՝ սկսած ցարական Դիլիջանից մինչև խորհրդային վերափոխումների տարիները։ Նա անդրադարձավ Սերիկ Դավթյանի կյանքի ամենաբարդ շրջաններին՝ քաղաքական բռնաճնշումներին, Մագադանում անցկացրած աքսորին, ինչպես նաև աքսորից հետո նրա հասարակական կյանքի վերաինտեգրմանը և նվիրվածությանը ասեղնագործության արվեստին։
ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Ռուզաննա Ծատուրյանը, որը կազմակերպել էր հանդիպումը, կարևորեց կրթական գործընթացում տարբեր մեթոդների կիրառումը՝ նշելով, որ դրանք նպաստում են դասավանդման արդյունավետությանը․ «Հայկական ժողովրդական արհեստագործությանը նվիրված թեմաների դասավանդման շրջանակում որոշեցի հրավիրել Սերիկ Դավթյանի կենսագրին՝ ներկայացնելու Սերիկ Դավթյան կին հետազոտողին, ասեղնագործության վարպետին՝ մտածելով, որ այս հանդիպումը կօգնի ուսանողներին ուշադրություն դարձնել կենսագրությունների հետազոտության կամ գիտության պատմության հետազոտության ուղղությամբ: Այսօր հումանիտար ոլորտը կարիք ունի՝ վերարժևորելու և վերաներկայացնելու մեր մասնագիտական դաշտի համար կարևոր աշխատանքներ կատարած հետազոտողների կյանքն ու գործերը՝ իրենց ապրած ժամանակաշրջանի հետ վերլուծության մեջ դնելով»:

Ռ. Ծատուրյանը նշեց, որ բանախոսությունից հետո զրուցել է ուսանողների հետ՝ փորձելով հասկանալ, թե ներկայացման որ դրվագներն էին ամենից շատ ազդել նրանց վրա։ «Ուսանողները հատկապես ընդգծում էին Սերիկ Դավթյանի անկոտրում կամքը՝ չնայած կյանքի ծանր փորձություններին, աքսորին, մեկուսացմանն ու մասնագիտական խոչընդոտներին։ Նա ոչ միայն շարունակել է իր առաքելությունը՝ ուսուցանել և տարածել հայկական ասեղնագործության մշակույթը, այլև հոգատարություն է դրսևորել հայկական կիրառական արվեստի պահպանման հանդեպ։ Դիլիջանի գրադարանում աշխատելիս Դավթյանը հանձն էր առել գրքեր փոխանցել աղջիկներին՝ պայմանով, որ նրանք կմասնակցեն ասեղնագործության խմբակին։ Այդ նախաձեռնության շնորհիվ այսօր Դիլիջանում գործում է ժանյակագործների կենդանի ավանդույթով խումբ, որը կրում է նրա թողած ժառանգությունը», – շեշտեց Հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոսը։
Մերի Քեշիշյանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի ընթերցասրահին նվիրեց Սերիկ Դավթյանի կյանքին ու գործունեությանը նվիրված իր հեղինակած գիրքը, որը համալրում է ընթերցասրահում ներկայացված Սերիկ Դավթյանի աշխատությունների շարքը և նպաստում է ուսանողների հետազոտական ռեսուրսների հասանելիությանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը։