ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տեսական սեմինարների շրջանակում Համաշխարհային պատմության ամբիոնի հայցորդ Աննա Տոմեյանը ներկայացրեց «Ավտորիտարիզմից դեպի ժողովրդավարություն. Կորեայի Հանրապետությունը 1960-1987 թվականներին» թեմայով զեկուցում։
Բանախոսության նպատակն էր ցույց տալ, որ 1960-1980-ական թվականներին Կորեայի Հանրապետությունում ձևավորված ավտորիտար վարչակարգերը պայմանավորված էին ինչպես պատմական ժառանգությամբ, այնպես էլ Սառը պատերազմի աշխարհաքաղաքական իրողություններով։ Որպես հիմնարար թեզ՝ Աննա Տոմեյանն ընդգծեց, որ տվյալ պատմական համատեքստում ավտորիտար կառավարումը վերածվեց պետության համախմբման և զարգացման միջոցի, որի շրջանակում պետությունը ստանձնեց տնտեսական արդիականացման և սոցիալական վերափոխման կենտրոնական դերը։
Անդրադարձ կատարվեց քաղաքական իշխանության կենտրոնացման գործընթացին և դրա ինստիտուցիոնալ հիմքերին։ Ներկայացվեց, որ դեռևս Լի Սին Մանի կառավարման շրջանում ակնհայտ էին դարձել իշխանության կենտրոնացման միտումները, իսկ սահմանադրական լծակների աստիճանական թուլացումը հանգեցրել էր մրցակցային ավտորիտարիզմի ձևավորմանը։ Երկրորդ հանրապետության խորհրդարանական համակարգի անկարողությունը՝ պահպանելու քաղաքական կայունությունը, ըստ բանախոսի, նպաստավոր պայմաններ ստեղծեց 1961 թ. ռազմական հեղաշրջման համար։ Երրորդ հանրապետության, ապա նաև Յուշինի սահմանադրական համակարգի հաստատմամբ ավտորիտար կառավարումը ձեռք բերեց ինստիտուցիոնալ և գաղափարախոսական ամուր հիմքեր։
Բանախոսության առանցքային թեմաներից էր ավտորիտար կառավարման մոդելի նպատակային բնույթի վերլուծությունը։ Ընդգծվեց, որ այն հիմնված էր արագ տնտեսական արդիականացման, ազգային անվտանգության ապահովման և մշակութային ինքնության պահպանման հրամայականների վրա։ Այս համատեքստում ավտորիտարիզմը ներկայացվեց ոչ միայն որպես ճգնաժամային կամ ժամանակավոր իրողություն, այլև որպես սոցիալական համախմբվածության ապահովման գործուն մեխանիզմ։ Գործընթացը դիտարկվեց երեք հիմնական հարթություններում՝ կառավարման համակարգի, գաղափարախոսության և կրթական համակարգի, որոնք միասին ձևավորեցին ավտորիտարիզմի ինստիտուցիոնալ և սոցիալական հենքը։
Զեկուցողը հատուկ ուշադրություն դարձրեց նաև գաղափարախոսության և կրթության դերին՝ որպես իշխանության կարևորագույն գործիքների։ Նշվեց, որ գաղափարախոսությունը ծառայում էր իշխանության օրինականացմանը և քաղաքական բազմակարծության սահմանափակմանը, մինչդեռ կրթական համակարգը դարձավ այդ գաղափարախոսության տարածման հիմնական միջոցներից մեկը՝ միաժամանակ նպաստելով տնտեսական զարգացման պահանջներին համապատասխան կրթված և մասնագիտացված հասարակության ձևավորմանը։
Բանախոսության եզրափակիչ հատվածում քննարկվեց 1987 թ. ժողովրդավարական անցման գործընթացը։ Ըստ ԵՊՀ հայցորդի՝ այն անմիջական արդյունք էր կառուցվածքային վերափոխումների, որոնք ձևավորվել էին հենց ավտորիտար պետության ներսում։ Այս տեսանկյունից ավտորիտարիզմը դրսևորվեց իր երկակի բնույթով. մի կողմից՝ հանդես գալով որպես խիստ վերահսկողության համակարգ, իսկ մյուս կողմից՝ ստեղծելով այն սոցիալ-տնտեսական և մտավոր նախադրյալները, որոնք հետագայում հնարավորություն տվեցին երկրի ժողովրդավարացմանը։
Կրթական միջավայրում նման թեմաների ներկայացումը կարևոր է, քանի որ այն զարգացնում է ուսանողների քննադատական մտածողությունը և նպաստում տարբեր երկրների պատմաքաղաքական փորձի համեմատական ուսումնասիրությանը։ Միաժամանակ, նմանօրինակ սեմինարները երիտասարդ հետազոտողների համար ստեղծում են իրենց գիտական աշխատանքները ներկայացնելու և մասնագիտական քննարկումների մեջ ներգրավվելու հնարավորություն։