ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում ամփոփվեցին դիվանագետ, թատերագիր, բանաստեղծ և հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովի 230-ամյակին նվիրված ռուսաց լեզվի հանրապետական ուսանողական օլիմպիադայի արդյունքները:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում ընթացիկ տարվա ապրիլի 30-ին տեղի ունեցած ռուսաց լեզվի հանրապետական ուսանողական օլիմպիադային մասնակցել են Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ: Մասնակիցների թվում էին ապագա բանասերներ, իրավաբաններ, դեղագործներ, ինժեներներ: Նրանց բոլորին միավորել էր Գրիբոյեդովը և ռուսաց լեզուն, որով նրանք ոչ միայն խոսում են, այլև բանավիճում բարդ հարցերի շուրջ։

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան նշեց. «Գրիբոյեդովը ոչ միայն գրականությնուն է, այլև Հայաստանի հետ խաչված ճակատագիր»:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչներ Միխայիլ Վոժդաևը (դեսապանատան խորհրդական կրթության հարցերով) և Ելենա Միան (դեսապանատան մշակութային կցորդ), Հայաստանում Ռուսական տան տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը, Հայաստանում ռուսական և խորհրդային բուհերի շրջանավարտների միության տնօրեն Վաղարշակ Մադոյանը։
Օլիմպիադայի ժյուրիի կազմում ընդգրկված էին Հայաստանի մի քանի բուհերի դասախոսներ: Նախորդ փուլերի արդյունքների հիման վրա ժյուրիի անդամներն ընտրեցին հաղթողներին, որոնցից երեքն ունեին բանասիրական ուղղվածություն, երեքը՝ ոչ բանասիրական:
Բանասիրական ուղղության հաղթող ճանաչվեցին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները:
Երրորդ կուրսի ուսանողուհի Էդիլյան Աննան, որը հեղինակել էր «Աֆորիզմների դերը Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» ստեղծագործության մեջ» թեմայով էսսեն, գրավեց առաջին տեղը:
«Էսսեում փորձել եմ փոխանցել իմ հիացմունքն ու սերը այս ստեղծագործության նկատմամբ: Նրանում յուրաքանչյուր աֆորիզմ իր մեջ ավելի շատ իմաստ է պարունակում, քան նույնիսկ որոշ ամբողջական ստեղծագործություններ»,- նկատեց Էդիլյան Աննան:
Երկրորդ տեղը զբաղեցրեց 2-րդ կուրսի ուսանող Վաչե Մելիքսեթյանի «Ով աղքատ է, նա քեզ զույգ չէ․ կարելի է բարձր զգացմունքների՞ համար փող գնել, թե՞ բարձր զգացմունքները՝ փողով: Միայն ազնվորեն» թեմայով էսսեն։
Երրորդ տեղում էր Ռուս բանասիրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Դոնարա Պետրոսյանը: «Եվ ընթերցանության մեջ օգուտ չկա, եթե կան սմարթֆոններ. առաջընթա՞ց, թե՞ հետընթաց է ապրում մեր հասարակությունը» էսսեում Դոնարան փորձել է հնարավորինս իրատեսորեն նկարագրել այն, ինչ կատարվում է մեր շուրջը։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Վաչե Մելիքսեթյանը նշեց, որ նման միջոցառումները կարևոր են, քանի որ դրանք, տարբեր ինստիտուտներ, համալսարաններ միավորելուց բացի, հնարավորություն են ընձեռում մարդկանց արտահայտելու տարբեր հեղինակների, նրանց ստեղծագործությունների վերաբերյալ իրենց տեսակետները:
«Օլիմպիադաները և նմանատիպ միջոցառումները էական դեր են խաղում ուսանողների կյանքում։ Դրանք ոչ միայն զարգացնում են մտավոր ունակություններն ու զարկ տալիս ստեղծագործականությանը, այլև մղում են մասնակիցներին արտահայտելու սեփական կարծիքը, ըստ պատշաճի ձևակերպելու մտքերն ու ի հայտ բերելու վերլուծական կարողունակությունները: Նմանօրինակ մրցույթները ինքնադրսևորվելու այնպիսի հնարավորություն են, որոնց շնորհիվ զգում ես՝ քո աշխարհընկալումը ևս կարևոր է և հետաքրքիր ուրիշների համար»,- նկատեց Դոնարա Պետրոսյանը։
Երրորդ կուրսի ուսանողուհի Աննա Էդիլյանը, ով օլիմպիադայում գրավել է առաջին տեղը, նկատեց. «Նման միջոցառումներն օգնում են զարգացնելու մասնակիցների քննադատական մտածողության, վերլուծության և փաստարկման հմտությունները: Դրանք թույլ են տալիս ավելի խորությամբ հասկանալ թեման, կարծիքներ փոխանակել, սովորել հստակ ձևակերպել և արտահայտել մտքերը, ի վերջո՝ անհրաժեշտ եզրահանգումներ անել: Բացի այդ՝ այսօրինակ միջոցառումները խթանում են հետաքրքրությունը գրականության, մշակույթի և զանազան հարցերի նկատմամբ՝ զարգացնելով խոսքը և հարստացնելով բառապաշարը: Իրադարձությունների շրջանակում էսսեների հետ աշխատանքը նպաստում է ոչ միայն ուսումնառությանը, այլև անձնային որակների աճին՝ ձևավորելով մտածողության անկախություն և սեփական տեսակետը պաշտպանելու ունակություն»:
Ուսանողներին շնորհվեցին պատվոգրեր, հուշանվերներ:
Հավելենք, որ Երևանում Ռուսական տունը ֆակուլտետին նվիրաբերեց ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման վերաբերյալ ուսումնամեթոդական գրականություն: