ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ Ալեքսանդր Գրիբոյեդովի ծննդյան 230-ամյա հոբելյանին նվիրված ռուսաց լեզվի հանրապետական ուսանողական օլիմպիադան:
Օլիմպիադային ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան՝ նշելով. «Խորհրդանշական է, որ երկրորդ տարին անընդմեջ հանրապետության տարբեր բուհերից ԵՊՀ-ն է միավորում ռեկորդային թվով ուսանողների: Գրիբոյեդովի՝ որպես գրողի, որպես դիվանագետի մասին տասնամյակներ և դարեր շարունակ շատ բան է ասվել, բայց այսօր մենք բոլորս հնարավորություն ունենք հաղորդակից լինելու Գրիբոյեդովի գործունեության տարբեր ասպեկտների՝ այսօրվա երիտասարդության ընկալմանը: Հաշվի առնելով այն փաստը, որ այսօր Ջազի միջազգային օրն է, մաղթում եմ՝ չվախենաք իմպրովիզներից, վառ լինեք ձեր մտքերի և զգացմունքների արտահայտման ազատության մեջ»։
«Գրիբոյեդովը Ռուսաստանի և Հայաստանի հետ անքակտելիորեն կապված անձնավորություն է։ Գրողի «Խելքից պատուհաս» կատակերգությունն այսօր էլ լավագույններից է, իսկ նրա դիվանագիտական գործունեությունը՝ տարածաշրջանում պատմական հետքի վառ օրինակներից»,- իր ելույթում ընդգծել է Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի գլխավոր մասնագետ-փորձագետ Այգուլ Շամսուտդինովան։
Ռուս բանասիրության ֆակուլտետի և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության, Խորհրդային և ռուսական բուհերի շրջանավարտների ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած օլիմպիադային այս տարի մասնակցում են շուրջ 100 ուսանողներ Հայաստանի տարբեր անկյուններից՝ Երևանից, Կապանից, Իջևանից, Վանաձորից: Ռուս բանասիրության ֆակուլտետի տարբեր կուրսերից մասնակցում է 8 ուսանող:
Ուսանողներին հաջողություն մաղթեց Հայաստանում Խորհրդային և ռուսական բուհերի շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Վաղարշակ Մադոյանը: Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի առաջատար մասնագետ Սոնա Սարաջյանը մասնակիցներին հիշեցրեց էսսեների հինգ թեմաները՝ յուրաքանչյուրին մաղթելով ոգեշնչում, մտքի քաջություն և հավատ խոսքի ուժի հանդեպ:
Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն ընթացիկ ուստարվա մայիսի վերջին: Հաղթողներին կորոշի ժյուրին, որի կազմում ընդգրկված են ՀՀ տարբեր բուհերի ներկայացուցիչներ:
Օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությանը հաղթողներին և մասնակիցներին կհանձնվեն դիպլոմներ և նվերներ: