ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի թիմը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մասնակցեց «տնտեսագիտական հաքաթոնին»։ Մրցույթը կազմակերպվել էր ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախաձեռնությամբ՝ ուսանողների վերլուծական կարողությունները խթանելու և տնտեսագիտության ոլորտում կիրառելի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով։

Հաքաթոնին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության առաջատար բուհերի ուսանողներից կազմված թիմեր: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի թիմում ընդգրկված էին տարբեր կուրսերի և մասնագիտությունների ուսանողներ՝ Աշոտ Լաչինյանը (Տնտեսագիտություն, 4-րդ կուրս),Լուիզա Բենյամինովան (Տնտեսագիտություն, 4-րդ կուրս), Վահե Ասատրյանը (Ֆինանսներ, 4-րդ կուրս), Անի Ամիրխանյանը (Ֆինանսներ, 3-րդ կուրս), Արտյոմ Աթաբեկյանը (Ֆինանսներ, մագիստրատուրա 1-ին կուրս): Թիմը ղեկավարում էր ԵՊՀ տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոցենտ Գրիգոր Հայրապետյանը։
Հաքաթոնն անցկացվեց երկու փուլով, որոնց ընթացքում մասնակիցները լուծեցին տնտեսական քաղաքականություններին առնչվող խնդիրներ՝ փորձելով գտնել հավասարակշռված և հիմնավորված լուծումներ։ Առաջադրանքները վերաբերում էին դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություններին, որոնց շրջանակում ուսանողները վերլուծում էին տնտեսական իրավիճակներ, կատարում կանխատեսումներ և մշակում բարեփոխումների առաջարկներ։ Հաքաթոնի առաջին օրվա ավարտին կազմակերպվեց նաև ինտելեկտուալ խաղ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ցույց տալու իրենց ընդհանուր զարգացվածությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, տրամաբանական մտածողությունը և թիմային համագործակցության հմտությունները։

Մրցույթը բացառիկ հարթակ էր գաղափարներ փոխանակելու, նոր կապեր հաստատելու և թիմային համագործակցությունն ամրապնդելու համար։ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների մասնակցությունն առանձնացավ ինչպես մասնագիտական պատրաստվածության, այնպես էլ արդյունավետ թիմային աշխատանքի տեսանկյունից։ Ուսանողները պատշաճ հանդես եկան բոլոր փուլերում՝ ցուցաբերելով վերլուծական խոր կարողություններ, տնտեսագիտական ճկուն մտածողություն և արդիական խնդիրներին ստեղծագործաբար մոտենալու ունակություն։
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը երախտագիտություն է հայտնում հաքաթոնի նախաձեռնողներին՝ ուսանողներին ընձեռած հնարավորության, ինչպես նաև միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Նմանօրինակ մրցույթները վերահաստատում են համալսարանական ակադեմիական կրթության կարևոր դերը՝ որակյալ և մրցունակ տնտեսագետ կադրերի պատրաստման գործում: