March 12, 2024 | 12:50
Education
Competitions
Student
YSU team wins the international moot court
The students of YSU Faculty of Law returned from the 10th moot court dedicated to commercial arbitration with the winner cup. This is the 4th victory of the faculty in similar moot courts since the beginning of the year.
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ի․գ․դ․ Գագիկ Ղազինյանը, կարևորելով ուսանողների մասնակցությունը նմանօրինակ մրցույթներին և միջոցառումներին, նշեց. «Պետք է հպարտությամբ ընդգծեմ, որ հանրապետական միջբուհական մրցույթներում մեր ֆակուլտետի թիմերը մշտապես հաղթանակներ են գրանցում: Մենք այդպես ենք սովորել և արդեն նաև սովորեցրել. երբեմն կատակում եմ՝ հանրության համար մեր թիմի հաղթանակները դարձել են սովորական, պարտությունները՝ արտակարգ երևույթներ»:
Գագիկ Ղազինյանը, ընդգծելով միջազգային տարբեր ծրագրերում ԵՊՀ ուսանողներին ընդգրկելն ու գործակցության կարևորությունը, պատմեց, որ տարեսկզբից ԵՊՀ-ին հաղթանակ բերած չորս դատախաղերից երկուսն ունեն շարունակական փուլեր արտերկրում, որտեղ ևս ԵՊՀ թիմերը պետք է ընդգրկվեն:
«Նմանօրինակ մրցույթներն ուսանողների համար տեսական և գործնական գիտելիքները զարգացնելու լավագույն հնարավորություններից են, ինչպես նաև ԵՊՀ-ն ներկայացնելու հարթակ, քանի որ համալսարանները ճանաչվում են ոչ միայն լավ պրոֆեսորադասախոսական կազմի, այլև լավ ուսանողների միջոցով»,- ասաց Իրավագիտության ֆակուլտետի դեկանը:
Թիմի մարզիչ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ասպիրանտ Դավիթ Ղարիբյանը նշեց, որ նեղ մասնագիտացմամբ դատախաղերը հնարավորություն են ընձեռում նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև նմանօրինակ մրցույթներում ԵՊՀ մշտական ներգրավվածությունն ապահովելու:
«Կազմակերպիչը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի վեճերի այլընտրանքային լուծման կլինիկան, ներկայացրել էր բավականին հետաքրքիր իրավական վեճ, որը վերաբերում էր միջազգային մասնավոր իրավունքի դրույթներին: Խնդիրը տարբեր պետությունների իրավաբանական անձանց միջև էր, ընդ որում՝ պետություններից մեկը Վիեննայի կոնվենցիայի անդամ չէր, ինչն ավելի էր բարդացնում նման հարաբերությունների՝ իրավական դաշտում կարգավորումը»,- պատմեց Դավիթ Ղարիբյանը:
Հայցի ու պատասխանի գրավոր փուլը ներկայացնելուց հետո թիմը սկսել է պատրաստվել բանավոր փուլին՝ հղկելով դրույթները, շարունակելով կատարել հետազոտություններ, պատրաստել ելույթներ: Թիմում ընդգրկված չորս ուսանողներից երկուսը ԵՊՀ են եկել Արցախի պետական համալսարանից: Խոսելով ԵՊՀ կրթական և ուսանողական միջավայրին արագ ինտեգրվելու համար ստեղծված պայմանների և դատախաղի մասին՝ Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Աստղիկ Բաբայանը պատմեց. «Ուսումնական գործընթացում միանգամից ներառվելու հարցում անգնահատելի մեծ դերակատարում է ունեցել ԵՊՀ-ն՝ ի դեմս Իրավագիտության ֆակուլտետի: ԵՊՀ-ին հաղթանակ բերած թիմի կազմում լինելը համարում եմ պարտավորեցնող ու կարևոր ձեռքբերում: Պատրաստվում եմ մասնակցել նաև այլ թեմատիկ դատախաղերի, քանի որ նմանօրինակ մրցույթների միջոցով ստանում ենք ոչ միայն նոր գիտելիքներ, այլև իրավաբանի գործունեությանն անհրաժեշտ նոր հմտություններ»:
Այդ հմտությունների մասին Աստղիկի խոսքը շարունակեց թիմի մյուս անդամն ու կուրսընկերը՝ Մանե Դանիելյանը. «Սովորում ենք, օրինակ, մի քանի րոպեում, երբեմն նույնիսկ հաշված վայրկյանների ընթացքում, կողմնորոշվել, օգտվել մրցակից թիմի թույլ տված նույնիսկ աննշան վրիպակից, օգտագործել այն հօգուտ մեզ և թիմի։ Բացի դրանից՝ զարգացնում ենք նաև բանավոր խոսելու, համոզելու մեր կարողությունները»:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը գրանցել է ոչ միայն թիմային հաղթանակ, այլև թիմի անդամներից Անի Պողոսյանն արժանացել է «Լավագույն բանախոս» մրցանակին:
«Անհնար է խոսել այս մրցանակի մասին՝ առանց շեշտադրելու ԵՊՀ դերակատարումը, քանի որ «Լավագույն բանախոս» կոչմանն արժանացել եմ լավ կազմակերպված բանավոր խոսքիս համար: Ոչ ակադեմիական ակտիվության շրջանակում ձեռք եմ բերել հմտություններ, քանի որ մշտապես մասնակցել եմ ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած բանավեճերին, հասել մինչև եզրափակիչ փուլ, զարգացրել ճիշտ հռետորիկա, արագ կողմնորոշվելու և խաղին անհրաժեշտ այլ ունակություններ, որոնք լավագույնս օգտագործվում են դատախաղերի ժամանակ»,- նշեց Անին:
ԵՊՀ թիմի մյուս մասնակից Իննա Ուզունյանը, եզրափակելով դատախաղի մասին թիմակիցների պատմությունները, հավելեց, որ նշված առավելություններից բացի՝ նմանօրինակ խաղերը նաև լավ հնարավորություն են ընձեռում ճանաչելու ոլորտի լավագույն մասնագետներին, ինչպես նաև դրսևորելու սեփական գիտելիքներն ու հմտությունները:
Հավելենք, որ առևտրային արբիտրաժին նվիրված ամենամյա դատախաղ-մրցույթը անցկացվել է մարտի 9-10-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում: Մասնակից թիմեր կային նաև ՀՀ տարբեր բուհերից։