- Գլխավոր
- Նորություններ
- «Արդ … միանգամայն կը պահեմ իմ գուրգուրանքս Ազգիս միակ մխիթարութիւն Հայաստանի լուրջ բարգաւաճման համար՝ իբրեւ հայրենի աւանդութեան նուիրական պարտականութիւն». Գալուստ Գյուլբենկյան
Նոյեմբեր 18, 2025 | 12:30
Գործընկերներ
Հասարակություն
Մշակույթ
«Արդ … միանգամայն կը պահեմ իմ գուրգուրանքս Ազգիս միակ մխիթարութիւն Հայաստանի լուրջ բարգաւաճման համար՝ իբրեւ հայրենի աւանդութեան նուիրական պարտականութիւն». Գալուստ Գյուլբենկյան
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն օրերս աշխատանքային այցով Լիսաբոնում էր՝ հանդիպելու «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին: Համագործակցության նոր ուղղություններ քննարկելու և նախանշելու նպատակով տեղի ունեցավ ծավալուն և արդյունաբեր քննարկում: Առանձնացվեցին մի շարք գերակա ուղղություններ, որոնք կարող են էականորեն հարստացնել հայագիտական, կրթական ու մշակութային ոլորտներում ԵՊՀ-ի և հիմնադրամի համատեղ գործունեությունը։ Առաջնային է հատկապես հայագիտության ոլորտի արժեքավոր ուսումնասիրությունների թարգմանությունն ու հրատարակումը միջազգային հարթակներում, ինչն էապես կբարձրացնի հայկական գիտական մտքի և մշակութային ժառանգության ճանաչելիությունն ու հասանելիությունը ամբողջ աշխարհում։ Այցի նպատակը պատեհ առիթ է՝ ևս մեկ անգամ անդրադառնալու մեծ հայի կյանքին և գործին՝ արժևորելով նրա՝ որպես հայի և անհատի ազգանվեր գործունեության վառ օրինակը:
1869 թվականին մի մանուկ ծնվեց Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում: Հայրը՝ վաճառական Սարգիս աղան, վստահ էր, որ որդին շարունակելու է իր գործը և զբաղվելու է մանուֆակտուրայով: Սակայն որդին հոր ճանապարհով չգնաց, այլ ընտրեց նավթագետ-հանքաբանի մասնագիտությունը։
Նախնական կրթությունը տեղում ստանալուց հետո ֆրանսերենը կատարելագործելու նպատակով 1884-ին մեկնում է Մարսել (Ֆրանսիա), ապա Լոնդոն (Անգլիա): 1887-ին ավարտում է Թագավորական քոլեջը (Անգլիա)՝ ստանալով ինժեներ-շինարարի որակավորում:
Եվրոպական հայտնի համալսարաններում կրթություն ստացած Գալուստը տիրապետում էր ութ լեզվի։
1891-ին հրատարակվում է նրա «Անդրկովկասը և Ապշերոնյան թերակղզին. ճանապարհորդական հուշեր» գիրքը: Այս և մի քանի այլ հոդվածների շնորհիվ, որոնցում մանրամասն քննության է ենթարկում նաև Թուրքիայում Գերմանիայի աճող քաղաքական ազդեցությունը, նա գրավում է Օսմանյան կայսրության արքունի գանձապետի՝ Հակոբ փաշայի ուշադրությունը: Հաջորդիվ հայազգի կիրթ ու գրագետ երիտասարդին հանձնարարվում է տեղեկագիր կազմել Օսմանյան կայսրության և Մերձավոր Արևելքի՝ նավթով հարուստ տարածքների մասին: Հաջողությամբ իրականացրած աշախատանքի արդյունքում Աբդուլ Համիդ 2-րդի իշխանությունը հարուստ ու շահաբեր նավթահանքերը հայտարարում է սուլթանի սեփականություն:
Նորաթուխ և անչափ խոստումնալից երիտասարդի՝ նավթարդյունաբերության հմուտ մասնագետի հռչակն անցնում է կայսրության սահմաններից անդին:
«Դա մեծ տերությունների նավթային մրցակցության սկիզբն էր, որը գերակայելու էր Մերձավոր Արևելքի պատմության ողջ ընթացքում…»,- այս ամենի և տվյալ ժամանակաշրջանի մասին գրում է Գալուստ Գյուլբենկյանի կենսագիր Ռ. Հյուինսը:
Տաղանդավոր երիտասարդն առաջինն էր հասկացել Պարսից ծոցի նավթահանքերը լայնամասշտաբ շահագործելու արդյունավետությունը: Ի վերջո՝ 1912 թվականին ստեղծված նավթային ընկերության բաժնետոմսերի 15%-ը պատկանեց նրան (պատկերացնելու համար, թե դա ինչ էր նշանակում, հավելենք՝ Անգլո-հոլանդական նավթային կոնցեռնին էր պատկանում վերոնշյալ ընկերության բաժնետոմսերի 25%-ը, Թուրքիայի Ազգային դրամատանը՝ 35%-ը, Գերմանական բանկին՝ 25%-ը): Ծանր իրավիճակներով պայմանավորված՝ հետագայում ստիպված զիջումների հետևանքով նրա շահութաբաժինը դարձավ 5%, որն ընթացիկ թոհուբոհերում շարունակվեց պահպանվել: 1928 թվականի հուլիսի 31-ին Բեռլինի (Գերմանիա) Օստենդ քաղաքում կնքվեց նոր համաձայնագիր, որով ազդարարվեց նոր՝ «Իրաքի նավթային ընկերության» ծնունդը: Նորաստեղծ ընկերությունում այս անգամ էլ նրա շահութաբաժինը 5% էր: Այստեղից է ծագում հայազգի հմուտ գործչի «Պարոն 5%» հանրաճանաչ մականունը:
Վարպետորեն համադրելով նավթային ընկերությունների շահերը, որոնք մեծ հաշվով հզոր տերությունների շահեր էին, նա իր ծավալած գործունեությամբ կարողացավ հաստատել տնտեսական հավասարակշռություն: Ի պատիվ հմուտ բանակցողի իր կարողությունների՝ «Պարոն 5%» մականվանն ավելացավ ևս մեկը՝ «Նավթային դիվանագիտության Թալեյրան»:
Անսահման եռանդի, մտավոր հիրավի անգերազանցելի կարողությունների տեր այդ անհատը՝ Գալուստ Գյուլբենկյանը, գործում էր մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ Երկիր մոլորակը ցնցվում էր համաշխարհային պատերազմների ու տնտեսական ճգնաժամերի պատճառով:
Թուրքակական, ֆրանսիական, անգլիական և պարսկական կառավարությունների վրա քաղաքական և տնտեսական լուրջ ազդեցություն ունեցող հայազգի աշխարհահռչակ նավթարդյունաբերողի նյութական կարողությունը նրա թե՛ կենդանության օրոք, թե՛ մահից հետո ծառայել է ողջ հայ ժողովրդին:
Ըստ ««Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության հայանպաստ գործունեությունը․ 1956-2006 թթ․» գրքի