June 24, 2025 | 13:15
Science
Education
Research
Ecological threats and search for preventive methods at the core of YSU researcher's study
During the "Report Conference–2025" held at Yerevan State University, Lusine Hambaryan, PhD in Biology and Associate Professor at the Chair of Ecology and Nature Protection, YSU Faculty of Biology, and recipient of the university's 2023 internal scientific-educational grant, presented her research titled "Assessment of Microplastic Pollution in Various Water Bodies of the Republic of Armenia and Analysis of the Condition of Bioindicator Microalgae Resulting from Its Impact." The study addresses an ecological threat whose consequences may not yet be fully apparent but, according to the researcher, could pose significant risks to biodiversity not only in aquatic environments but across various ecosystems in the future.

«Երբ երեք տարի առաջ սկսեցի մտածել այս թեմայի մասին, Սևանի ափերին պլաստիկը բնապատկերից անբաժան մաս էր դարձել։ Դա ինձ ստիպեց կասկածել՝ արդյո՞ք այդ պլաստիկը միայն մակերեսային աղտոտիչ է, թե՞ ավելի խոր ազդեցություն ունի ջրային օրգանիզմների վրա»,– պատմում է Լուսինե Համբարյանը, որը մասնագիտացած է միկրոջրիմուռների, մասնավորապես՝ ցիանոբակտերիաների ուսումնասիրության ուղղությամբ։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում են մանրադիտակային, ջրային մարմիններում առանցքային դեր ունեցող օրգանիզմները, որոնք առաջինն են արձագանքում միջավայրի ցանկացած փոփոխությանը։
Բացահայտելով խնդիրն ու դրա առաջացրած վտանգները

«Ջրիմուռները ջրային համակարգերում մտնում են ֆիտոպլանկտոնի կազմի մեջ և սննդային շղթայի ամենաներքևի օղակն են։ Եթե այդ օղակը խախտվի, ամբողջ համակարգը և սննդային շղթան կկրեն փոփոխություններ»,- ասում է մասնագետը։
Հետազոտությունն իր գիտական խմբի հետ նա իրականացրել է Լոռու մարզի տարբեր ջրային մարմիններում՝ հատուկ ընտրելով բարձրադիր վայրեր, որտեղ մարդու ազդեցությունը նվազագույն է։ Եվ այդտեղ էլ բացահայտվեց ամենաանհանգստացնող փաստը։
«Անգամ այնտեղ, որտեղ կարծես թե մարդը չպետք է հասած լինի, մենք հայտնաբերեցինք միկրոպլաստիկի մասնիկներ (թելեր հագուստից, գուլպաներից, պլաստիկե շշերի մանր բեկորներ, որոնք հանդիպում էին ջրի և նստվածքի նմուշներում»,- փաստում է նա։
Միկրոպլաստիկը, ինչպես նկատում է մեր զրուցակիցը, պլաստիկի այն մասնիկներն են, որոնք 5 մմ-ից պակաս տրամագիծ ունեն և հաճախ անզեն աչքով տեսանելի չեն։ Լուսինեն պարզաբանում է, որ դրանց աղբյուրները երկուսն են՝ պլաստիկի բեկորները (բնական մասնակի քայքայման կամ մեխանիկական մասնատման արդյունք) և ի սկզբանե միկրոմասնիկների տեսքով գոյություն ունեցող նյութերը (լվացքի փոշուց, կոսմետիկ միջոցներից, թեթև արդյունաբերությունից և այլն)։
Ուսանողների հետ աշխատելը՝ ոչ միայն հաճելի փորձ, այլև նոր մտքերի աղբյուր
Լուսինե Համբարյանը հետազոտության շրջանակում աշխատում է նաև ուսանողների հետ։ Նա փաստում է, որ գործընթացը երկուստեք արդյունավետ է և միաժամանակ հաճելի։

«Ինձ ոգևորում է, թե ինչպես երիտասարդները, չլինելով դեռ փորձառու գիտնականներ, կարողանում են նոր ու ստեղծագործական գաղափարներ առաջարկել։ Նրանք շատ են հետաքրքրվում, էներգիայով լի են։ Եվ երբ միասին ենք աշխատում լաբորատորիայում կամ դաշտում, պարզ է դառնում՝ այս թեման ունի ոչ միայն գիտական, այլև կրթական մեծ նշանակություն»,- ասում է նա։
Գիտական խնդիրը և միջազգային փորձը
Խոսելով թեմայի ուսումնասիրության աստիճանի մասին՝ հետազոտողը նշում է, որ այդ ուղղությամբ աշխարհում ուսումնասիրություններն սկսվել են միայն 2012 թվականից հետո։ Հայաստանը դեռևս դուրս է այդ գործընթացից։ Սակայն, նրա խոսքով, գիտահենք, փաստարկված տվյալներ ունենալու դեպքում միկրոպլաստիկի մասին միջազգային կոնվենցիային ՀՀ-ի միանալու հարցը հնարավոր կլինի բարձրացնել։
«Դա մեզ կտա միջազգային կառույցների հետ համագործակցելու, համատեղ նախագծերի մասնակցելու ու, ամենակարևորը, միջազգային մոտեցումներից տեղեկացված լինելու հնարավորություն։ Մենք պետք է ոչ միայն հետևենք, այլև մասնակցենք և համագործակցենք այլ երկրների հետ խնդրի բազմակողմանի ուսումնասիրությունների հարցում»,- հավելում է նա։
Անդրադառնալով ապագայի ծրագրերին՝ Լ․ Համբարյանն ընդգծում է նշված ուղղությամբ աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը։ Այժմ ուսումնասիրությունները մեկնարկային փուլում են, սակայն գիտության ու բնության համատեղ ճակատում ուսումնասիրության հաջողության գրավականներից է շարունակական աշխատանքը։