October 21, 2025 | 15:55
Educational programs
International cooperation
Events
Georgian Minister of Education, Science and Youth discusses ways to expand academic collaboration at YSU
A delegation led by Givi Mikanadze, Minister of Education, Science, and Youth of Georgia, was hosted at Yerevan State University to discuss opportunities for expanding academic collaboration between Georgian universities and YSU.

Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Վրաստանից ժամանած պատվիրակությանը ներկայացրեց համալսարանում վրացագիտության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու տարեցտարի այդ առարկայի նկատմամբ ուսանողների շրջանում հետաքրքրության նկատելի աճը:

Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց Պատմության ֆակուլտետում գործող Վրացագիտության կենտրոնի հիմնական գործունեությունը, որը ներառում է գիտական հետազոտությունների, կրթական ծրագրերի իրականացում. «Պատմության ֆակուլտետի «Կովկասագիտություն» կրթական ծրագրի շրջանակում անցկացնում ենք վրացերենի դասընթացներ։ Ներգրավված ենք նաև տարբեր փոխանակման ու գիտահետազոտական ծրագրերում։ Ակնկալում ենք, որ մեր համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և ամրապնդվել»։
Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանն ընդգծեց, որ ԵՊՀ-ում ավելի քան տասը տարի է, ինչ ուսանողները հնարավորություն ունեն սովորելու «Կովկասագիտություն» բակալավրիատի ծրագրով, որի կարևոր բաղադրիչներից է Վրաստանի պատմության, մշակույթի, լեզվի ուսուցումը. «Իսկ «Կովկասագիտություն» մագիստրոսական ծրագրի շրջանակում առավել դետալային են ուսումնասիրվում թե՛ Վրաստանի պատմությունն ու մշակույթը, թե՛ լեզուն: Պետք է նշեմ նաև, որ արդեն երկրորդ տարին է, ինչ ԵՊՀ-ում իրականացվում է «Վրացագիտություն» մագիստրոսական ծրագիրը, և հաջորդ տարի արդեն կունենանք շրջանավարտներ»:

Մխիթար Գաբրիելյանը միջպետական համագործակցության շրջանակում առաջարկեց կազմակերպել ուսանողների փոխանակման ծրագրեր, ամառային ու ձմեռային ճամբարներ: Դեկանը ԵՊՀ-ում վրացագիտություն ու Վրաստանի բուհերում հայագիտություն ուսումնասիրող մագիստրանտների համար կարևորեց փոխանակման ծրագրերը, որոնց շրջանակում նրանք մեկ կիսամյակ կկարողանան զարգացնել լեզվի իմացության մակարդակը Վրաստանում և Հայաստանում:
Ակադեմիական կապերի զարգացման համար առաջարկվեց նաև Վրաստանի բուհերի ասպիրանտուրայի հայագետներին հնարավորություն ընձեռել թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելու ԵՊՀ-ում, իսկ ԵՊՀ ասպիրանտուրայի վրացագետներին՝ Վրաստանում: Ընդգծվեց նաև գիտահետազոտական համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությունը:

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն, կարևորելով ԵՊՀ-ում վրացագիտության զարգացման ուղղությամբ տարվող քայլերը, հիշատակեց, որ ԵՊՀ-ում նախորդ տարի Վրացագիտության կենտրոնի բացման արարողությունից մինչ օրս Վրաստանից պաշտոնական մակարդակով չորս այցելություն է կատարվել. «Մենք արժևորում ենք այն հանգամանքը, որ Վրացագիտության կենտրոնը զարգանում է, ընդլայնում գործունեության շրջանակը, ինչը մեր երկու երկրների համար կարևոր հանգամանք է»:
Նախարարը հավանության արժանացրեց ուսանողների ամառային և ձմեռային ճամբարների անցկացման, ինչպես նաև մագիստրանտներին մեկ կիսամյակ փոխանակման ծրագրերում ներառելու ու կրկնակի դիպլոմի ծրագրի գաղափարները: Ինչ վերաբերում է թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությանը, Գիվի Միկանաձեն ընդգծեց, որ այն կդիտարկվի համապատասխան իրենց օրենսդրական փոփոխությունների:
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի խոսքով՝ ակնկալվում է ստեղծել ՀՀ ԿԳՄՍ և Վրաստանի ԿԳԵ փոխնախարարների աշխատանքային խումբ՝ երեք ամիսը մեկ հանդիպելու և ակնկալվող ծրագրերի իրականացումը քննարկելու:
Հանդիպման ավարտին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն ԵՊՀ-ին նվիրեց Վրաստանի պատմության դասագրքերի մի քանի օրինակներ: