October 22, 2025 | 15:53
Partners
International cooperation
New prospects for educational cooperation between Armenia and Kuwait discussed
In the context of expanding international cooperation, YSU Rector Hovhannes Hovhannisyan hosted Mohammad Al-Oraifan, the Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kuwait to Armenia.

Այցի շրջանակում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Քուվեյթի դեսպան Մուհամմեդ Ալօրայֆանը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցությունների և նոր նախաձեռնությունների հնարավորությունները:

Անդրադառնալով արաբական երկրների հետ ունեցած գիտական և մշակութային հարաբերություններին՝ ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը բարձր գնահատեց Քուվեյթի հետ նոր ծրագրեր իրականացնելու երկկողմ պատրաստակամությունը: Այս համատեքստում արժանահիշատակ է Աբդուլազիզ Սաուդ Ալ-Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի՝ համալսարանում ծավալած գործունեությունը և՛ ուսանողների՝ որակյալ կրթություն ստանալու հնարավորության, և՛ միջպետական շփումների լավարկման, և՛ գիտահետազոտական գործունեության ծավալման տեսանկյուններից:
«Մենք պատրաստ ենք ընդլայնելու համագործակցությունը: Արդեն իսկ մեկնարկել ենք տարբեր նախաձեռնություններ, որոնց միջոցով տարածում ենք արաբերենը և Քուվեյթի մշակույթը տարբեր առումներով»,- ընդգծեց Հ. Հովհաննիսյանը:
ՀՀ-ում Քուվեյթի դեսպան Մ. Ալօրայֆանը նշեց. «Նախատեսում ենք Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպան Արսեն Առաքելյանի հետ քննարկել համալսարանի հետ արդյունավետ համագործակցության հնարավոր քայլերը»:
Ռեկտոր Հ. Հովհաննիսյանը և դեսպան Մ. Ալօրայֆանը կարևորեցին Հայաստանի և Քուվեյթի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները: Նրանք փաստեցին՝ դրանք, կենսունակ լինելով նաև այսօր, կարող են վերածվել ժամանակակից համագործակցության նոր հնարավորությունների: Այս առումով առանցքային դեր կարող են ունենալ արդի տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը: Երկու երկրները մեծ ուշադրություն են դարձնում այդ ոլորտներին և կարող են աջակցել միմյանց։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանը, նույն ամբիոնի ասիստենտ Վահե Հակոբյանը, Միջազգային համագործակցության վարչության բաժնի վարիչի տեղակալ Նաիրա Մնացականյանը: