November 04, 2025 | 11:21
Education
Student
Multicultural environment, learning, and experience: YSU student on importance of studying abroad
"Studying in the international educational environment was one of the richest and most rewarding experiences of my life," says Areg Kakoyan, a fourth-year student at YSU Faculty of Economics and Management, who studied for one semester at the University of Applied Sciences in Aalen, Germany, as part of the Erasmus+ program. Studying abroad allowed Areg to combine professional development with personal growth, while discovering a new environment, culture, and educational approaches.
Ուսանողը պատմում է իր կրթական փորձառության մասին՝ խոսելով արտերկրում սովորելու ընթացքում ստացած գիտելիքների, մասնագիտական առաջընթացի և անձնական զարգացմանը նպաստած գործոնների մասին։
Արտերկրում ուսանելու շարժառիթները և միջազգային փորձառությունը
Արտերկրում սովորելու իմ որոշմանը նպաստեցին մի քանի գործոններ՝ ակադեմիական առաջադիմությունը, օտար լեզուների իմացությունը և միջազգային փորձ ձեռք բերելու ձգտումը։ Ես միշտ ցանկացել եմ տեսնել, թե ինչպես են կառավարման և բիզնեսի ոլորտները ներկայացվում ու դասավանդվում կրթական տարբեր համակարգերում, ինչպես նաև՝ ինքս ինձ փորձել նոր միջավայրում։
Աալենի համալսարանում ուսանելու ընթացքում հնարավորություն ունեցա ամրապնդելու և խորացնելու իմ գիտելիքները կառավարման տարբեր ուղղություններով՝ համադրելով տեսական հիմքերը գործնական մոտեցումների հետ։ Արդյունավետ էր հատկապես հետևյալ առարկաների ուսումնասիրությունը՝ «Լոգիստիկ գործընթացների կառավարում», «Ղեկավարում և կառավարում», «Մարդկային ռեսուրսների միջազգային կառավարում», «Միջմշակութային կառավարում», «Գերմաներենը՝ որպես օտար լեզու», «Բիզնես անգլերեն հաղորդակցություն (C1 մակարդակ)», «Միջազգային առաջնորդություն և ռազմավարություն»։ Դասընթացները նպաստեցին ռազմավարական մտածողության, թիմային աշխատանքի և միջմշակութային հաղորդակցման հմտությունների զարգացմանը, որոնք առանցքային են ժամանակակից կառավարման և առաջնորդության ոլորտում։ Իմ հետաքրքրության տիրույթում էին կառավարումը, բիզնես ռազմավարության և մարդկային ռեսուրսների կառավարումը։ Աալենում ընտրած դասընթացներից մի քանիսը նոր էին ինձ համար, օրինակ՝ «Միջմշակութային կառավարում» և «Միջազգային առաջնորդություն և ռազմավարություն» դասընթացները, որոնք հնարավորություն տվեցին հասկանալու, թե ինչպես է առաջնորդությունը փոխվում բազմամշակութային և գլոբալ միջավայրում։
Աալենի համալսարանի ռեսուրսներն ու ուսումնական հնարավորությունները
Աալենի համալսարանն ապահովված էր ժամանակակից կրթական ենթակառուցվածքներով՝ թվային գրադարան, գիտահետազոտական լաբորատորիաներ, ուսանողական կենտրոններ և բազմագործառույթ սենյակներ։ Ես հաճախ օգտվում էի համալսարանի էլեկտրոնային գրադարանից, որտեղ հասանելի էին ակադեմիական հոդվածներ, բիզնեսի ուսումնասիրություններ և գիտական ամսագրեր։ Այս ռեսուրսները զգալիորեն նպաստում էին դասերի արդյունավետ պատրաստմանը և հետազոտական աշխատանքների կատարմանը։
Կրթության արժեքը՝ որպես հաջողության հիմք
Կրթության մեջ առանձնակի կարևորում եմ գիտելիքի գործնական կիրառությունը, ինչպես նաև շարունակական ինքնազարգացման և մասնագիտական աճի հնարավորությունը։ ԵՊՀ-ն էական դեր է ունեցել իմ մասնագիտական ձևավորման գործընթացում․ այստեղ ստացած ամուր տեսական գիտելիքը նպաստեց արտասահմանյան կրթական համակարգին արագ հարմարվելուն և բոլոր դասընթացներին արդյունավետ մասնակցությանը։
Հարկ է նշել, որ ԵՊՀ-ում կրթական գործընթացը առավել տեսական է, մինչդեռ Աալենի համալսարանում շեշտադրված էր գործնական հմտությունների զարգացումը։ Դասախոսները հաճախ ներգրավում էին իրական բիզնեսի օրինակներ, նախագծային աշխատանքներ և խմբային քննարկումներ։ Այս համադրությունը օգնում էր ավելի խորությամբ հասկանալու դասերի բովանդակությունը և տեսնելու դրանց գործնական կիրառությունը։ Աալենում սովորելու ընթացքում մասնակցել եմ մի շարք խմբային նախագծերի, որտեղ մեր թիմի կատարած աշխատանքը բարձր է գնահատվել (հատկապես «Միջազգային առաջնորդություն և ռազմավարություն» առարկայի շրջանակում)։ Դրանք մեծապես նպաստեցին թիմային աշխատանքի և առաջնորդական հմտությունների զարգացմանը։
Մշակութային բազմազանության ազդեցությունը
Բազմամշակութային միջավայրը հնարավորություն տվեց ծանոթանալու տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, և այլ երկրներից։ Դա նպաստեց փոխադարձ ըմբռնմանը, հանդուրժողականությանը և թիմային աշխատանքի նոր ձևերի բացահայտմանը։ Հետաքրքիր էին մշակութային տարբերությունները՝ մտածողության, հաղորդակցման և որոշումների ընդունման ոճերի առումով, ինչը սկզբում կարող էր թվալ բարդ և անսովոր։ Սակայն հենց այդ բազմազանությունը դարձավ ամենահետաքրքիր և օգտակար փորձը, քանի որ ստիպեց մշակել նոր մոտեցումներ արդյունավետ համագործակցության և ընդհանուր նպատակների հասնելու համար։
Արեգը ներկայում կենտրոնացած է ուսումը շարունակելու ուղղւթյամբ և մոտ ապագայում փորձելու է իր ձեռք բերած գիտելիքները կիրառել կառավարման և միջազգային բիզնեսի ոլորտներում, հատկապես այն հմտությունները, որոնք ձեռք է բերել Գերմանիայում։
Նրա հիմնական նպատակն է շարունակել ուսումը մագիստրատուրայում՝ ընտրելով կառավարման կամ միջազգային բիզնեսի ուղղությունը, խորացնել գիտելիքներն ու զարգացնել մասնագիտական հմտությունները։ Ցանկանում է աշխատել միջազգային կազմակերպությունում՝ համադրելով հայկական և եվրոպական կառավարման փորձը, բարձրացնելով արդյունավետությունն ու ներդրումն աշխարհագրորեն բազմազան միջավայրերում։