December 02, 2025 | 12:22
Science
Education
International cooperation
YSU, Goethe-Institut sign memorandum of understanding
YSU Rector Hovhannes Hovhannisyan hosted a delegation from the Goethe-Institut, and the two sides discussed new opportunities and prospects for academic cooperation of mutual interest.
ԵՊՀ ռեկտորը և Հայաստանում Գյոթեի անվան ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուլինգը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մշակույթի բաժնի աշխատակից Էֆա Մայերերը, Հայաստանում գերմաներենի փորձագետ Իվ-Օլիվեր Թաուշվիցը հանդիպման ընթացքում քննարկեցին կրթամշակութային, կրթագիտական գործակցության նոր հնարավորությունները, բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ծրագրերի մշակումն ու փորձի փոխանակման կազմակերպումը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց՝ գերմանացի գործընկերների հետ համագործակցությունը նոր չէ: «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և գերմանական տարբեր համալսարանների միջև կնքված պայմանագրերով ուսումնառության և դասավանդման նպատակով պարբերաբար կազմակերպվում են ուսանողների և պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչների փոխայցեր:
«ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհների շրջանակում գործող օտարերկրյա գործընկերների մեծ մասը Գերմանիայից են։ Բացի դրանից՝ այժմ ունենք ԵՊՀ 6 կրթական ծրագրեր, որոնց հավատարմագրման գործընթացն իրականացվում է գերմանական գործակալության կողմից: Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք համակարգայնացնելու ԵՊՀ-ի և Գյոթեի անվան ինստիտուտի հետ մեր գործընկերային հարաբերությունները»,- ընդգծեց Հ. Հովհաննիսյանը:
Հայաստանում Գյոթեի անվան ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուլինգը, անդրադառնալով հանդիպման շրջանակում քննարկվող հարցերին, կարևորեց. «Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր գործընկերային կապերը մշակութային և ակադեմիական հաստատությունների, ինչպես նաև դպրոցների հետ: Գերմանիայում առկա է Հայաստանի հանդեպ մեծ հետաքրքրություն, որը շարունակաբար աճում է։ Ուստի մենք փորձում ենք համագործակցություններ ձևավորել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում»:
Երևանի պետական համալսարանի և Գյոթեի անվան ինստիտուտի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ ի նպաստ կրթության որակի բարձրացման, գիտելիքների, փորձի փոխանակման, գործընկերային հարաբերությունների խորացման և ամրապնդման:
Գյոթեի անվան ինստիտուտի՝ Հայաստանում գերմաներենի ուսուցման փորձագետ Իվ-Օլիվեր Թաուշվիցը նշեց, որ հայ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ, որոնք ծառայել են գերմաներենի տարածմանը, գերմաներենի դասավանդման մեթոդաբանության զարգացմանը, ինչպես նաև նոր կապերի հաստատմանը:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի և Գյոթեի անվան ինստիտուտի պաշտոնական գործընկերոջ՝ գերմաներենի ուսուցման կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ շարունակաբար կազմակերպվում են միջոցառումներ՝ միտված Հայաստանում գերմաներենի, գերմանական մշակույթի տարածմանը, գերմաներեն դասավանդող ուսուցիչների, դասախոսների, ինչպես նաև գերմաներեն սովորող աշակերտների, ուսանողների համախմբմանը:
Հանդիպմանը ներկա էին Միջազգային համագործակցության վարչության բաժնի վարիչի տեղակալ Նաիրա Մնացականյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, դոցենտ Գայանե Սավոյանը, Հայաստանում գերմանական տնտեսական միավորման գործադիր տնօրեն, դասախոս Մերի Նավասարդյանը:



