August 26, 2026 | 15:00
Education
International cooperation
International workshop on the concept of Dīn in pre-modern Islam held at YSU
An international workshop titled "Pre-Modern Islamic Approaches to the Concept of Dīn ('Religion')" has opened at YSU. During the workshop, scholars are discussing the understandings, definitions and uses of the concept of Dīn in pre-modern Islamic sources across socio-political, theological, legal, philosophical and literary contexts.
«Նախաարդիական իսլամական մոտեցումներ «դին» («կրոն») հասկացությանը» խորագրով աշխատաժողովի գլխավոր հարցը վերաբերում է «դին»-ի («dīn», լայն իմաստով՝ «կրոն») հատկանիշներին, որոնք արտահայտված են նախաարդիական արաբական մի շարք աղբյուրներում և դրանց իմացաբանական միջավայրերում։ Առանցքային թեմաներն ընդգրկում են «դին–դունյա» (dīn–dunyā) զույգի ուսումնասիրությունը, «կրոն» և «կառավարում» (siyāsa, tadbīr), «կրոն» և «օրենք», «կրոն» և «գիտելիք» փոխհարաբերությունը, դրանց դերը կայսերական և սոցիալական կարգերի ձևավորման գործում, կրոնի դերը մասնավոր էթիկական համայնքային ոլորտներում, այլության կառուցարկման գործում և հարակից այլ թեմաներ։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանն ընդգծեց այսօրինակ միջազգային գիտական հանդիպումների կարևորությունը։ Ներկայացնելով ԵՊՀ արաբագիտության ամբիոնի ձևավորման ու զարգացման ուղին՝ Հայկ Քոչարյանը նշեց, որ ամբիոնի ակադեմիական հետաքրքրությունների շրջանակն այսօր ներառում է արաբական մշակույթը, գրականությունն ու իսլամագիտությունը, և այս համատեքստում կարևորեց աշխատաժողովի անցկացումը՝ որպես ոլորտի մասնագետների միջև գիտական քննարկումների ու համագործակցության հարթակ։
«Այս տարի մենք որոշել ենք մեկ քայլ առաջ գնալ և հոդվածի կամ գրքի ձևաչափով հրատարակել աշխատաժողովի ընթացքում ներկայացված նյութերն ու հետազոտությունները»,- մատնանշեց նա՝ ընդգծելով, որ նախատեսվում է պարբերաբար կազմակերպել նման գիտական միջոցառումներ։
Հաշվի առնելով, որ ժամանակակից գիտական քննարկումներում կրկին ակտիվացել են բանավեճերը այն մասին, թե որքանով է «կրոն» կատեգորիան առհասարակ կիրառելի իսլամի ուսումնասիրության համատեքստում, սույն աշխատաժողովն առաջարկում է վերաիմաստավորել «դին» հասկացությունը (ներառյալ վերջինիս առնչվող այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են īmān, milla և այլն)՝ առաջնահերթություն տալով մուսուլմանական սկզբնաղբյուրներին և ներքին բանավեճերին։ Այս մոտեցումը նպատակ ունի բացահայտելու նշված հասկացությունների պատմական բազմազանությունն ու իմաստային նրբերանգները, ինչը հնարավորություն կտա առավել խորությամբ ըմբռնելու այդ բարդ հասկացությունների պատմական ձևափոխումներն ու զարգացումը։
ԵՊՀ շրջանավարտ, Վիեննայի համալսարանի դասախոս Սոնա Գրիգորյանը կարևորեց աշխատաժողովի թեման, ապա մեջբերելով Գուդրուն Կրեմերի խոսքերը՝ ասաց, որ «դին» հասկացության վերաբերյալ վաղ իսլամական շրջանից մինչև XVIII դար առկա մեծածավալ նյութերը դեռևս համակարգված ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն։
«Այս աշխատաժողովը կոչված է փոքր, բայց կարևոր ներդրում ունենալու «դին» հասկացության ուսումնասիրության գործում»,- նշեց Սոնա Գրիգորյանը՝ ընդգծելով, որ աշխատաժողովի նպատակը ոչ թե «դին» հասկացության սահմանումը տալն է, այլ դրա իմաստային դաշտի քարտեզագրումը՝ հնարավորություն ստեղծելով համատեքստային և պատմականացված մոտեցմամբ ավելի խորությամբ ըմբռնելու դրա բազմաշերտ իմաստները։
Աշխատաժողովի բանախոսներից էր Սթենֆորդի համալսարանի կրոնագիտության ամբիոնի ասիստենտ, դոկտոր Ռուշայն Աբբասին, որը, անդրադառնալով «դին» և «կրոն» հասկացությունների ուսումնասիրությանը, շեշտեց, որ այս թեման իր գիտական հետաքրքրության կարևոր ուղղություններից է։ Նա ընդգծեց հատկապես հասկացությունների թարգմանության խնդիրը՝ նշելով, որ «դին» և «կրոն» բառերի փոխհարաբերության ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն մտքի պատմությունը հասկանալու, այլև ժամանակակից գիտելիքը վերաիմաստավորելու տեսանկյունից։
Նշենք, որ աշխատաժողովը կշարունակվի մինչև ս․թ․ օգոստոսի 28-ը։ Գիտական միջոցառման ընթացքում օտարերկրյա և հայաստանյան մասնակիցները կքննարկեն «դին» հասկացության տարբեր ընկալումները՝ անդրադառնալով դրա նշանակությանը նախաարդիական իսլամական աղբյուրներում։







