- Main
- Node
- ԵՊՀ-ն և Արևելագիտության ինստիտուտն ընդլայնում են համագործակցության շրջանակը
September 16, 2026 | 15:03
Գիտություն
Կրթություն
ԵՊՀ-ն և Արևելագիտության ինստիտուտն ընդլայնում են համագործակցության շրջանակը
Գիտահետազոտական և կրթական համատեղ ծրագրեր, ակադեմիական շարժունություն, մասնագիտական փորձի փոխանակում․ Երևանի պետական համալսարանն ու Արևելագիտության ինստիտուտը համագործակցության նոր հնարավորություններն ամրագրել են հուշագրով։
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ երկու կառույցների միջև համագործակցությունն ամրապնդելու նպատակով։
Հուշագրով կողմերն ընդգծեցին կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունն ու պատրաստակամություն հայտնեցին իրականացնելու համատեղ ծրագրեր։
Համագործակցությունը ներառելու է գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներ, տարածաշրջանային ուսումնասիրություններ, ինչպես նաև գիտակրթական միջոցառումներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ակադեմիական շարժունությանը, առաջավոր փորձի փոխանակմանը և մասնագիտական զարգացմանը։ Կողմերը նախատեսում են առավել արդյունավետ օգտագործել միմյանց մասնագիտական կարողություններն ու առկա ներուժը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Համագործակցության շրջանակում նախատեսվում է գիտական հրապարակումների փոխադարձ գրախոսություն, ինչպես նաև սահմանված կարգով համատեղ հետազոտությունների արդյունքների հրապարակում Արևելագիտության ինստիտուտի և ԵՊՀ գիտական պարբերականներում։ Կողմերը համատեղ մշակելու են նաև դասագրքեր, ուսումնամեթոդական նյութեր և կրթական ու գիտական այլ աշխատանքներ։
Կողմերը նախատեսում են համագործակցել նաև դրամաշնորհային և արտաքին ֆինանսավորմամբ կրթական, գիտական ու գիտահետազոտական ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Հուշագրով նախատեսվում է նաև գիտատեղեկատվական ռեսուրսների համատեղ օգտագործում, մասնագիտական և խորհրդատվական համագործակցություն, ինչպես նաև երկու կառույցների փորձագիտական ներուժի ներգրավում համատեղ ուսումնասիրություններում, քննարկումներում և ծրագրերում։
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծեցին, որ համագործակցությունը կնպաստի կրթական և ակադեմիական բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտահենք կրթության զարգացմանը։







