September 18, 2026 | 12:37
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
«Գյուրջիևյան օրեր-2026». ԵՊՀ-ում անցկացվեց միջազգային երկօրյա գիտաժողով
Հայազգի մտավորական, միստիկ, փիլիսոփա, կոմպոզիտոր, պարուսույց Գեորգի Գյուրջիևի մտավոր ժառանգությունը, նրա հոգևոր և փիլիսոփայական որոնումները, ինքնաճանաչման գաղափարները, ինչպես նաև արվեստի, երաժշտության և պատմության փոխկապակցվածության նրա մոտեցումները շարունակում են մնալ գիտական հետաքրքրության շրջանակում։ Երևանի պետական համալսարանում անցկացված «Գյուրջիևյան օրեր-2026» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը համախմբեց գյուրջիևագիտությամբ հետաքրքրվողներին՝ նոր հայացքով դիտարկելու նրա թողած ժառանգությունը:
Գիտաժողովը կազմակերպվել է Երևանի պետական համալսարանի և UCLA-ի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ, ինչպես նաև ԵՊՀ պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի աջակցությամբ։
Գիտական անդրադարձ նոր դիտանկյունից
Գիտաժողովը հնարավորություն ընձեռեց տարբեր ոլորտների մասնագետներին անդրադառնալու Գյուրջիևի ժառանգությանը նոր դիտանկյուններից։ Քննարկումների հիմնական հարցերից մեկը Գյուրջիևի գաղափարների արդիականությունն էր. ինչո՞ւ է այսօր անհրաժեշտ վերադառնալ նրա ժառանգությանը, ի՞նչ հարցեր կարող է այն առաջադրել ժամանակակից մարդուն, ինչպես նաև տալ նրան հուզող հարցերի պատասխանները:
Գիտաժողովի շրջանակում ներկայացվեցին գիտական զեկուցումներ և քննարկումներ, որոնք մասնավորապես անդրադարձան Գյուրջիևի կյանքի, գործունեության, գաղափարների և մշակութային ժառանգության տարբեր կողմերին։
Գրքերի նվիրատվություն և միջազգային գործակցության ընդլայնում. գյուրջիևագիտությունը՝ կապող օղակ
Միջոցառման շրջանակում Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանին նվիրաբերվեց Գեորգի Գյուրջիևի կյանքին ու ուսմունքին նվիրված մասնագիտական գրականության արժեքավոր հավաքածու (ավելի քան 80 անուն գիրք)։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը երախտագիտություն հայտնեց Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Փիթեր Քաուին գրքերի նվիրատվության և տարիներ ի վեր ներդրած ջանքերի համար՝ ընդգծելով նրանց միջև ձևավորված երկարամյա ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Նա կարևորեց պրոֆեսորի հետ շուրջ երկու տասնամյակ տևող գործակցության արդյունավետությունը, որը հատկանշվում է միշտ ԵՊՀ-ի կողքին լինելու պատրաստակամությամբ։ Ռեկտորը հավելեց նաև, որ համալսարանն իր հերթին կշարունակի արդյունավետ համագործակցությունը:
Միջոցառման ընթացքում ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանն ընդգծեց երկկողմ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ գրքերը բաց հասանելիությամբ ծառայելու են ուսանողներին ու հետազոտողներին։
Ներկայից դեպի ցանկալի տեսլական
Պրոֆեսոր Փիթեր Քաուն ընդգծեց, որ ԵՊՀ-ի հետ ձևավորված համագործակցությունը տարեցտարի ավելի է ամրանում՝ դառնալով կայուն ու շարունակական գործընթաց։ Նա շեշտեց, որ նվիրաբերված գրքերը իրական արժեք են ստանում միայն ընթերցողների ու ուսանողների շնորհիվ: Պրոֆեսորը նաև հույս հայտնեց, որ մոտ ապագայում ԵՊՀ-ում կներդրվեն Գյուրջիևի ուսմունքին նվիրված հատուկ դասընթացներ։
«Նույնիսկ գյուրջիևագիտության համաշխարհային կենտրոն համարվող Սիդնեյի համալսարանում չկա ամբողջական դասընթաց՝ նվիրված այս ուղղությանը։ Եթե Երևանում ստեղծվեն նման հնարավորություններ, դա մեծ ավանդ կլինի համաշխարհային ասպարեզում՝ ճանապարհ հարթելով բակալավրիատի մակարդակից մինչև մագիստրատուրա և ասպիրանտուրա նոր մասնագետներ պատրաստելու համար»,- նշեց նա։
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ պրոֆեսոր Փիթեր Քաուն հայտնեց, որ ձևավորվել է տարբեր երկրներ ներառող գիտական ցանց. անցյալ տարի գիտաժողովն անցկացվել է Երևանում, առաջիկայում նախատեսվում է անցկացնել Աթենքում, իսկ 2027 թվականին՝ Թբիլիսում։ Ըստ նրա՝ մինչ օրս գյուրջիևագիտության ոլորտում գերիշխել է անգլիալեզու մոտեցումը, սակայն չափազանց կարևոր է ուսումնասիրել հենց Հարավային Կովկասի այն մշակութային ու մտավոր միջավայրը, որտեղ ձևավորվել է Գյուրջիևի մտածողությունը։
Միջգիտակարգային մոտեցում գիտական ժառանգությանը
Գիտաժողովի շրջանակում կարևորվեց Գյուրջիևի ժառանգության ուսումնասիրության միջգիտակարգային մոտեցումը՝ միավորելով հայագիտությունը, պատմությունը, արվեստագիտությունը, երաժշտագիտությունն ու փիլիսոփայական ուսումնասիրությունները։
«Ինչո՞ւ հիմա» հարցադրումն էլ դարձավ գիտաժողովի հիմնական ուղենիշը՝ փորձելով հասկանալ, թե ինչու է Գյուրջիևի գաղափարների նկատմամբ հետաքրքրությունը շարունակում պահպանվել, և ինչ նոր հարցերի շուրջ կարող է ձևավորվել նրա ժառանգության ժամանակակից ուսումնասիրությունը։
Ինչո՞ւ հիմա. «արթուն մնալու և ինքդ քեզ հետ հարաբերվելու» փիլիսոփայությունը
«Պատահական չէ «Ինչո՞ւ հիմա» հարցադրումը. աշխարհաքաղաքական թոհուբոհը ժամանակակից մարդուն կանգնեցնում է լուրջ մարտահրավերների առջև։ Այս համատեքստում գյուրջիևյան «աշխատանքը» հնարավորություն է տալիս արթուն մնալու և ինքդ քեզ հետ հարաբերվելու։ Գյուրջիևի ամբողջ ուսմունքը ոչ թե պարզապես գործնական հմտությունների, այլ առանձին անհատի մասին է. այն մարդու, որը փորձում է գոյատևել ու «լինել» այս խառնաշփոթի մեջ։ Սա «լինելու» ուսմունք է. ինչպե՞ս ապրել գիտակցված կյանքով»,- նշում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ, Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի խմբի ղեկավար Դավիթ Մոսինյանը։
Անդրադառնալով գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումներին՝ Դավիթ Մոսինյանը նշեց, որ մասնակիցների ելույթները նվիրված էին Գյուրջիևի կյանքին, գործունեությանը և նրա փիլիսոփայական համակարգի առանցքային հասկացություններին։ Մասնավորապես՝ Ավստրալիայից ժամանած մասնագետն անդրադարձավ ուսմունքի հիմնական կոնցեպտներից մեկին՝ «կառքի» գաղափարին։ Դ. Մոսինյանը հավելեց նաև, որ զեկույցներից մեկի առանցքում էլ գյուրջիևյան «աշխատանքի» հայեցակարգն էր՝ վերհանելով, թե ինչ է նշանակում այդ աշխատանքը, և որն է դրա բուն էությունը։
Ավեստը և գիտությունը՝ մեկ հարթակում
Միջոցառման ծրագրում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում նաև մշակութային բաղադրիչը։ Ցուցադրվեց 1979 թվականին Գյուրջիևի համանուն գրքի հիման վրա նկարահանված «Հանդիպումներ ուշագրավ մարդկանց հետ» ֆիլմը, որի շուրջ ծավալվեց նաև քննարկում։
Գիտաժողովի շրջանակում կազմակերպվեց նաև ցուցահանդես՝ հնարավորություն ստեղծելով Գյուրջիևի ժառանգությանը ծանոթանալու ոչ միայն գիտության, այլև արվեստի միջոցով։
Երկօրյա միջազգային գիտաժողովը դարձավ տարբեր գիտական և մշակութային շրջանակների հանդիպման հարթակ՝ նորովի անդրադառնալով Գյուրջիևի ժառանգությանը, նրա դերին ու նշանակությանը ժամանակակից մշակութային ու գիտական դաշտում:






