September 24, 2026 | 16:16
Հասարակություն
Մշակույթ
Քաղաքականություն
Մշակութային ժառանգությունն ու հակամարտությունները. պրոֆեսոր Լինն Մեսկելի աշխատարանը ԵՊՀ-ում
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում անցկացվեց երկօրյա աշխատարան՝ Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր, հնագետ և մարդաբան Լինն Մեսկելի ղեկավարությամբ։ Աշխատարանի ընթացքում քննարկվեցին «Պատերազմ և անվտանգություն. ժառանգության հակամարտությունն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը» և «Փրկելով աշխարհը վանդալիզմի համատեքստում» թեմաները։
Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Լինն Մեսկելի հետազոտությունները ներառում են հնագիտության, ժառանգության ուսումնասիրությունների, սոցիալական և քաղաքական մարդաբանության, ինչպես նաև հետգաղութատիրական տեսությունների ուղղությունները։
Աշխատարանի ընթացքում պրոֆեսոր Մեսկելը ներկայացրեց այն տեսակետը, որ մշակութային ժառանգությունը ժամանակակից աշխարհում այլևս սոսկ «փափուկ ուժ» չէ. այն վերածվել է «կոշտ ուժի», որի շուրջ ընթանում են ռազմական հակամարտություններ և քաղաքական բախումներ։
«Հավանաբար ծանոթ եք մշակութային ժառանգությունը որպես «փափուկ ուժ» դիտարկելու գաղափարին։ Ես, սակայն, պնդում եմ, որ այն այլևս այնքան էլ «փափուկ» չէ․ այն արդեն բավական կոշտ բնույթ է ստացել։ Դրա համար պայքարում են, պատերազմում, այն ի վերջո ոչնչացնում կամ երբեմն էլ վերակառուցում են։ Այսինքն՝ ժառանգությունը շատ սերտորեն կապված է հակամարտությունների հետ»,- նշեց պրոֆեսորը։
Նրա խոսքով՝ հնագիտական վայրերի և պատմական հուշարձանների ոչնչացման հարցերը վերջին տարիներին հայտնվել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումների օրակարգում։ Մեսկելը նշեց, որ նախկինում այդ կառույցում հիմնականում միջուկային զենքի հարցերով զբաղվող դիվանագետներն այժմ անդրադառնում են նաև պատմամշակութային կորուստներին։ Նրա գնահատմամբ՝ միջազգային մակարդակում դատապարտման կամ իրավական գործընթացների թիրախում հիմնականում հայտնվում են ոչ պետական զինված խմբավորումների գործողությունները, մինչդեռ խոշոր պետությունների գործողությունների նկատմամբ պատասխանատվության մեխանիզմները սահմանափակ են։
Ըստ պրոֆեսորի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ․ (Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին) և 1972 թ․ (Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին) կոնվենցիաները գործնականում չեն ապահովել մշակութային ժառանգության պաշտպանության ակնկալվող մակարդակը։
«Դրանք չեն կարողանում ապահովել պատմամշակութային կորուստների իրական պաշտպանություն կամ արդարադատություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կիրառվող «Կապույտ վահան» պաշտպանական նշանը կիրառվել է նաև Հայաստանի որոշ հուշարձանների, օրինակ՝ Գեղարդի վանքի դեպքում։ Նույն նշանը տեղադրված է եղել Մոստարի կամրջի վրա՝ նախքան դրա ռմբակոծումը, ինչպես նաև Իրանի որոշ հուշարձանների վրա, սակայն այն չի կանխել թիրախավորումը կամ ոչնչացումը»,- ասաց նա։
Պրոֆեսորի խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկվելը հուշարձաններին տալիս է միջազգային տեսանելիություն, որը, սակայն, ինքնին չի նշանակում պաշտպանություն կամ արդարություն։ Միաժամանակ, այդ կարգավիճակը, ըստ Մեսկելի, կարող է նշանակություն ունենալ միջազգային իրավական գործընթացների շրջանակում պատասխանատվության հարցի բարձրացման համար։
«Միջազգային տեսանելիություն ստանում են հիմնականում այն հուշարձանները, որոնք պարզապես ազգային նշանակության օբյեկտներ չեն, այլ ընդգրկված են միջազգային գրանցամատյաններում։ Ընդ որում՝ այդ տեսանելիությունն ինքնին դեռ արդարություն չի նշանակում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված լինելը կարող է էական նշանակություն ունենալ։ Հենց դա կարող է գործը հասցնել դատարան, քանի որ այդ դեպքում խոսքը միջազգային իրավունքի խախտման մասին է»,- ընդգծեց նա։
Պրոֆեսոր Մեսկելն այցելել է Անիի ավերակներին դիմացի հայկական սահմանամերձ գյուղ և հեռադիտակով դիտարկել հնավայրի տարածքը։
Աշխատարանի ընթացքում քննարկվեց նաև հայկական պատմական Անի քաղաքի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու գործընթացը։ Նշվեց, որ հայտը ներկայացրել էր Թուրքիան, որի տարածքում է գտնվում հուշարձանը, իսկ Անիի գրանցումը հաստատվել է 2016 թվականին Ստամբուլում անցկացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում։
Մասնակիցներն անդրադարձան նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցին՝ ներկայացնելով Ադրբեջանի գործողությունների և միջազգային հանրության արձագանքի վերաբերյալ իրենց դիտարկումները։
Պրոֆեսորի խոսքով՝ միջազգային կառույցների գործունեության սահմանափակումների և քաղաքական գործընթացների պայմաններում կարևոր է շարունակել հիշողության պահպանության, գիտական ուսումնասիրությունների և միջազգային մասնագիտական համագործակցության աշխատանքը։
Երկօրյա աշխատարանը կազմակերպվել էր Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ: Քննարկումներին մասնակցեցին պատմության, փիլիսոփայության, հնագիտության, մշակութաբանության, ազգագրության և հարակից ոլորտների հետազոտողներ ու ուսանողներ: