ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հյուրընկալվեց Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը։ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը, ողջունելով Համաշխարհային բանկի ներկայացուցչին և ներկաներին, ընդգծեց նմանօրինակ այցերի կարևորությունը ֆակուլտետի գիտակրթական կյանքի, միջազգային կառույցների հետ համագործակցության և ուսանողների մասնագիտական զարգացման տեսանկյունից։
Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ներկայացրեց Համաշխարհային բանկի խմբի վերջին հետազոտություններից մեկի՝ «Հայաստանի տնտեսական զարկերակը» զեկույցի արդյունքները։
Համաշխարհային բանկի խմբի կողմից տարին երկու անգամ հրապարակվող այդ զեկույցը ներկայացնում է Հայաստանի տնտեսության ընթացիկ զարգացումների, մակրոտնտեսական հեռանկարի և կառուցվածքային մարտահրավերների վերլուծությունը։ 2026 թվականի հուլիսյան թողարկման հատուկ թեման աղքատությունն է՝ շեշտադրելով տնտեսական աճի, զբաղվածության և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը աղքատության նվազեցման վրա։
Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այն հարցին, թե ինչու է աղքատության մակարդակի նվազումը դժվարանում՝ չնայած զբաղվածության աճին։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի համար աստիճանաբար ավելի կարևոր է դառնում ոչ միայն աշխատատեղերի ստեղծումը, այլև դրանց որակը։ Ցածր արտադրողականությամբ և ցածր վարձատրվող աշխատատեղերը, ինչպես նաև ոչ ֆորմալ զբաղվածությունը շարունակում են սահմանափակել աշխատող բնակչության՝ աղքատությունից կայուն դուրս գալու հնարավորությունները։
Հետազոտության համաձայն՝ աղքատության կայուն նվազեցման համար կարևոր նշանակություն ունեն արտադրողականության բարձրացումը, ավելի որակյալ և լավ վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև աշխատուժի հմտությունների զարգացումը։ Այս համատեքստում զեկույցն անդրադառնում է նաև Հայաստանի աշխատաշուկայի կառուցվածքային խնդիրներին և տնտեսական աճի՝ բնակչության կենսամակարդակի վրա ավելի լայն ազդեցություն ապահովելու անհրաժեշտությանը։
Զեկույցի առանձին հատված նվիրված է նաև սոցիալական պաշտպանության համակարգին և հարկաբյուջետային քաղաքականության բաշխողական ազդեցություններին։ Մասնավորապես՝ քննարկվում է կենսաթոշակների դերը Հայաստանում աղքատության նվազեցման գործում և այն պայմանները, որոնք անհրաժեշտ են այդ ազդեցությունը երկարաժամկետ հեռանկարում պահպանելու համար։
Հանդիպումը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար հնարավորություն էր ոչ միայն ծանոթանալու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ Համաշխարհային բանկի վերջին գնահատականներին, այլև մասնագիտական քննարկում ունենալու զեկույցում ներկայացված խնդիրների, դրանց հնարավոր լուծումների և տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների շուրջ։
Հանդիպման ավարտին ֆակուլտետի ուսանողները և պրոֆեսորադասախոսական անձնակազմը հարցեր ուղղեցին Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետին` քննարկելով Հայաստանի տնտեսական զարգացման, զբաղվածության, աղքատության նվազեցման և սոցիալական պաշտպանության քաղաքականության արդի խնդիրները։
Հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց ֆակուլտետի՝ միջազգային կառույցների հետ համագործակցությունը զարգացնելու և մասնագիտական ու գիտական կապերն ընդլայնելու կարևորությունը։ Ֆակուլտետը շարունակելու է նման ձևաչափով հանդիպումների և մասնագիտական քննարկումների կազմակերպումը՝ ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմին հնարավորություն տալով անմիջականորեն հաղորդակցվելու ոլորտի առաջատար մասնագետների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։