September 28, 2026 | 12:14
Գիտություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում քննարկվում են չղջիկների հետազոտության և պահպանության արդի խնդիրները
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկել է Արևելյան Եվրոպայի չղջիկների ուսումնասիրությանը նվիրված գիտաժողովը (EEBRC), որը համախմբել է տարածաշրջանի գիտնականներին՝ քննարկելու չղջիկների էկոլոգիայի, կենսաբազմազանության, մշտադիտարկման և պահպանության արդի խնդիրները։
Գիտաժողովն անցկացվում է Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ դառնալով տարածաշրջանային գիտական համագործակցության և փորձի փոխանակման հարթակ։
Գիտական այս միջոցառումը համախմբել է Արևելյան Եվրոպայի, Կովկասի և հարակից տարածաշրջանների գիտնականների, հետազոտողների, բնապահպանների և չղջիկների պահպանությամբ զբաղվող մասնագետների։ Գիտաժողովի օրակարգում են չղջիկների էկոլոգիան, կենսամիջավայրերի պահպանությունը, տեսակների մշտադիտարկումը, գենետիկական բազմազանությունը, միգրացիան, քարանձավային էկոհամակարգերը, հարուցիչների մշտադիտարկումը, մարդածին սպառնալիքների նվազեցումը և պահպանության արդյունավետ մեխանիզմների մշակումը։
Գիտական կապերից մինչև համատեղ հետազոտական ծրագրեր
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ Աստղիկ Ղազարյանի խոսքով՝ գիտաժողովի գաղափարը ձևավորվել է այն նկատառումից, որ տարածաշրջանի բազմաթիվ մասնագետներ չեն կարողանում մասնակցել միջազգային խոշոր գիտաժողովների։
«Մենք հասկացանք, որ շատ գիտնականներ չեն կարողանում մասնակցել միջազգային գիտաժողովների, որոնք հաճախ անցկացվում են շատ հեռու՝ Ավստրալիայում կամ այլ երկրներում։ Ուստի սկսեցինք մտածել՝ ինչպես կարող ենք ձևավորել հարթակ, որտեղ այդ գիտնականները կներկայացնեն իրենց հետազոտությունների արդյունքները, կքննարկեն ոլորտի խնդիրները և կօգնեն միմյանց»,- նշեց Աստղիկ Ղազարյանը։
Այս գաղափարի արդյունքում 2018 թվականին կազմակերպվել է Արևելյան Եվրոպայի չղջիկների ուսումնասիրության առաջին գիտաժողովը, որին մասնակցել են 11 երկրների ներկայացուցիչներ։
«Հենց այդ ժամանակ սկսեցի համագործակցել չեխ գործընկերներիս հետ, և մինչ օրս մենք շատ լուրջ հետազոտություններ ենք կատարում»,- ընդգծեց նա։
Այս տարվա գիտաժողովը համագործակցության զարգացման նոր փուլ է․ եթե առաջին հանդիպման հիմնական նպատակներից մեկը մասնագետների միջև կապերի ստեղծումն էր, ապա այժմ շեշտը դրվում է ավելի մեծածավալ և երկարաժամկետ համատեղ նախագծերի վրա։
«Հիմա մեր նպատակն է ոչ միայն ներկայացնել այս տարիների ընթացքում ունեցած հաջողությունները, այլև կազմակերպել կոնսորցիումներ՝ խմբեր, որոնք կարող են ներգրավվել եվրոպական դրամաշնորհային ծրագրերում և համատեղ կատարել խոշոր հետազոտություններ»,- մատնանշեց Աստղիկ Ղազարյանը։
Այս տարի գիտաժողովին մասնակցում են 15 երկրների ներկայացուցիչներ։ Կազմակերպիչների խոսքով՝ առանձնահատուկ է նաև երիտասարդ հետազոտողների ներգրավվածությունը․ Չեխիայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և այլ երկրներից ժամանել են ուսանողներ՝ մասնագիտական կապերն ընդլայնելու և գործընկերների փորձին ծանոթանալու նպատակով։
«Մեզ համար մեծ նվաճում է, որ մարդիկ արդեն իրենք են գտնում գիտաժողովը և ցանկանում մասնակցել։ Ես շատ ուրախ եմ, որ նման երիտասարդներ են եկել․ նրանք կարող են իրենց հետազոտություններով և փորձով կիսվել մեզ հետ, իսկ մենք էլ փորձենք նրանց կապել այն մարդկանց հետ, որոնք ապագայում կարող են օգնել նրանց»,- հավելեց Աստղիկ Ղազարյանը։
Չղջիկների ուսումնասիրությունը՝ «Մեկ առողջություն» մոտեցման համատեքստում
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Սերգեյ Չախմախչյանը նշեց, որ գիտական համագործակցությունն ու փաստերի վրա հիմնված որոշումների կայացումն այսօր առավել կարևոր են՝ շրջակա միջավայրի և առողջապահության խնդիրների փոխկապակցվածության պայմաններում։
Չղջիկները կարևոր դեր են կատարում էկոհամակարգերում՝ կարգավորելով միջատների պոպուլյացիաները, նպաստելով փոշոտմանը և տարածելով սերմերը։ Միաժամանակ, շրջակա միջավայրի փոփոխություններն ու մարդկանց և վայրի բնության միջև աճող փոխազդեցությունը առավել արդիական են դարձնում չղջիկների էկոլոգիայի և պոպուլյացիաների դինամիկայի ուսումնասիրությունը։
«Չղջիկների ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն կենդանաբանների և բնապահպանների, այլև վարակաբանության և հիվանդությունների համաճարակաբանական վերահսկողության ոլորտում աշխատող մասնագետների համար»,- նշեց Սերգեյ Չախմախչյանը։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի «Մեկ առողջություն» («One Health») մոտեցումը, որի շրջանակում մարդու, կենդանական աշխարհի և շրջակա միջավայրի փոխազդեցությունների ուսումնասիրությունը դիտարկվում է որպես հանրային առողջության պաշտպանության կարևոր բաղադրիչ։
Գիտաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև չղջիկների պոպուլյացիաների հետ կապված հարուցիչների մշտադիտարկմանը, այդ թվում՝ վիրուսների, միկոբակտերիաների և մակաբույծների ուսումնասիրությանը։ Քննարկվում են նաև վեկտորների միջոցով փոխանցվող հիվանդությունները և չղջիկների, նրանց մակաբույծների ու հարուցիչների միջև փոխհարաբերությունները։
Գիտական հետազոտությունից՝ գործնական բնապահպանական քայլեր
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան ներկայացուցիչ Սևակ Բալոյանի խոսքով՝ գիտական հետազոտությունը բնության պահպանության կարևոր հիմքերից է, իսկ գիտական տվյալների կիրառումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարելու կենսամիջավայրերը և մշակելու բնության պահպանությանն ուղղված քաղաքականություններ։
«Գիտաժողովը նաև հնարավորություն է ստեղծում ամրապնդելու գիտնականների, բնապահպանական կազմակերպությունների, պետական կառույցների և հատուկ պահպանվող տարածքների միջև համագործակցությունը և տեսական գիտելիքը վերածելու գործնական բնապահպանական քայլերի»,- ընդգծեց Սևակ Բալոյանը։
ԵՊՀ-ն՝ տարածաշրջանային գիտական համագործակցության հարթակ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանն ընդգծեց Արևելյան Եվրոպայի՝ չղջիկների հետազոտությամբ զբաղվող գիտնականներին Հայաստանում հյուրընկալելու կարևորությունը։
Նա կարևորեց համալսարանի և հատկապես Կենսաբանության ֆակուլտետի գիտական ու հետազոտական երկարամյա ավանդույթը՝ նշելով, որ գիտաժողովը կարող է նպաստել նոր համագործակցությունների և հետազոտական ծրագրերի ձևավորմանը։
Առանձնահատուկ ընդգծվեց նաև ուսանողների ներգրավվածության կարևորությունը՝ փոխանակումների և համատեղ հետազոտությունների հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։
Գիտաժողովը՝ համագործակցության նոր փուլի մեկնարկ
Գիտաժողովին մասնակցում է նաև առաջին գիտաժողովի կազմակերպչական թիմի և գիտական կոմիտեի անդամ Փիթեր Լինան։ Նա նշեց, որ շուրջ 50 տարի մասնակցում է ազգային և միջազգային գիտաժողովների։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին հատկապես Արևելյան Եվրոպայում չղջիկների հետազոտությունն ակտիվորեն զարգանում է։
«Այսօր պետք է անցնել Արևելք-Արևմուտք բաժանարար պատկերացումներից և գիտական համայնքը դիտարկել որպես միասնական միջավայր, որտեղ գիտնականները կարող են ազատորեն համագործակցել և փոխանակել գիտելիքներ»,- նշեց Փիթեր Լինան։
Նա նաև կարևորեց գիտաժողովների շրջանակում ոչ պաշտոնական շփումների դերը՝ նշելով, որ գիտական նոր կապերն ու գաղափարները ձևավորվում են նաև անմիջական հաղորդակցության ընթացքում։
Նշենք, որ գիտաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը:














