- Գլխավոր
- Նորություններ
- Մաթեմատիկան՝ նոր հետազոտությունների և միջազգային համագործակցության հարթակ. ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով
Սեպտեմբեր 28, 2026 | 15:28
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Մաթեմատիկան՝ նոր հետազոտությունների և միջազգային համագործակցության հարթակ. ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով
Աշխարհի տարբեր երկրներից ԵՊՀ-ում համախմբվել են մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների ոլորտների մասնագետներն ու հետազոտողները։ «Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ» միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացվում են նոր հետազոտություններ և ժամանակակից մեթոդներ, քննարկվում ոլորտի արդի հիմնախնդիրներն ու գիտական համագործակցության նոր հնարավորությունները։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը կարևորեց միջազգային գիտական միջոցառումների կազմակերպումը՝ նշելով. «ԵՊՀ բոլոր գիտական իրադարձությունները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Մենք ձգտում ենք կազմակերպելու հնարավորինս շատ գիտաժողովներ և հրավիրելու գործընկերների արտերկրից, քանի որ նման համագործակցությունը կարևոր է գիտության միջազգային զարգացման համար»։
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը նշեց, որ «Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ» միջազգային գիտաժողովների շարքը մեկնարկել է ավելի քան 10 տարի առաջ՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի և ՌԴ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի համագործակցությամբ։
«Սկզբում այն հայ-ռուսական գիտաժողով էր (անցկացվում էր երկու տարին մեկ անգամ՝ Երևանում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում), իսկ այժմ ընդլայնվել է և դարձել միջազգային։ Այս ուղղությունները հիմնարար գիտության ոլորտում են, սակայն դիֆերենցիալ հավասարումների կիրառությունները գրեթե անսահմանափակ են՝ մարմինների շարժում, թռիչքների կառավարում, ինչպես նաև համաճարակների տարածման և կառավարման ուսումնասիրություն»,- մատնանշեց նա։
Գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող, ՀԱԱՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աղավարդ Խաչատրյանի խոսքով՝ այս տարի արտերկրից (այդ թվում՝ Ռուսաստանից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Սլովենիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Ղազախստանից, ԱՄԷ-ից, Իսրայելից) ժամանել է 45 մասնակից։
Աղավարդ Խաչատրյանը հատկապես կարևորեց այն փաստը, որ գիտաժողովի մասնակիցների մոտ 30%-ը երիտասարդ հետազոտողներ են։
«Q3 վարկանիշ ունեցող «Journal of Mathematical Sciences» ամսագրում նախատեսվում է հատկացնել գիտաժողովի աշխատանքներին նվիրված հատուկ համար։ Գիտաժողովի աշխատանքները կանցնեն կրկնակի գրախոսություն և դրական կարծիքների դեպքում կտպագրվեն ամսագրում, ինչը հատկապես կարևոր է երիտասարդ գիտնականների մասնագիտական առաջխաղացման համար»,- ասաց նա։
Աղավարդ Խաչատրյանը ներկայացրեց նաև ոլորտի կիրառական ուղղությունները՝ նշելով, որ մաթեմատիկական անալիզն ու դիֆերենցիալ հավասարումները կիրառվում են նաև գազերի կինետիկ տեսությունում, աստղաֆիզիկայում, մաթեմատիկական կենսաբանության մեջ: Նա, անդրադառնալով համաճարակներին, ընդգծեց, որ հետազոտություններից մեկի ընթացքում մշակել են մաթեմատիկական մոդել՝ համաճարակների տարածման ժամանակը, վարակվողների առավելագույն թիվը կանխատեսելու համար, ինչպես նաև շեշտեց, որ այսօր լայնորեն կիրառվող արհեստական բանականության հիմքում ևս մաթեմատիկական անալիզն է։
«Journal of Mathematical Sciences» ամսագրի գլխավոր խմբագիր, Հարավային դաշնային համալսարանի տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսեյ Կարապետյանցը ներկայացրեց ամսագիրը՝ ընդգծելով, որ այն ունի ավելի քան 50 տարվա պատմություն, իսկ չորս տարի առաջ բացել են «Series A direct submission» բաժինը՝ գիտական հոդվածների ներկայացման համար:
Անդրադառնալով գիտաժողովի համար պատրաստած հետազոտությանը՝ նա ասաց, որ այն վերաբերում է Հադամար-Բելմանի օպերատորներին, որոնց ուսումնասիրությամբ զբաղվում է 2020 թվականից։
«Սա նոր թեմա է օպերատորների տեսության և հարմոնիկ վերլուծության մեջ։ Այս օպերատներն ունեն լայն կիրառություններ մեխանիկայում և ֆիզիկայում, այդ թվում՝ քվանտացման ընթացակարգերում և կիրառական գիտությունների մի շարք խնդիրներում»,- հավելեց նա։
Քառօրյա գիտաժողովը կամփոփվի հոկտեմբերի 1-ին:







