Ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերի 17–18-ը Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների մագիստրոսական ավարտական աշխատանքների ներկայացում:
Երկու օրերի ընթացքում մագիստրոսական ծրագրի ուսանողները ներկայացրին իրենց կատարած հետազոտությունների հիմնական արդյունքները՝ անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը, ժողովրդավարական կառավարմանն ու ժողովրդավարացման գործընթացներին, եվրոպական ինտեգրմանը, արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային համագործակցությանը, միջազգային հարաբերություններին և ժամանակակից հասարակական-քաղաքական այլ կարևոր հիմնախնդիրներին։
Թեզերի թեմատիկ բազմազանությունն արտացոլում էր ուսանողների գիտական հետաքրքրությունների լայն շրջանակը և հնարավորություն էր տալիս տարբեր տեսանկյուններից ուսումնասիրելու ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային արդի գործընթացները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության մեխանիզմներին, միջազգային և եվրոպական կառույցների դերակատարությանը, տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաև արտաքին և ներքին քաղաքական գործընթացների փոխազդեցությանը։
Ուսանողները ներկայացրին իրենց աշխատանքի նպատակները, հետազոտական հարցերը, կիրառված մեթոդաբանությունը և հիմնական եզրահանգումները, այնուհետև պատասխանեցին հանձնաժողովի անդամների հարցերին: Վերջիններս անդրադարձան նաև ներկայացված ուսումնասիրությունների տեսական և գործնական նշանակությանը՝ ուրվագծելով դրանցում բարձրացված խնդիրների հետագա ուսումնասիրման հնարավորությունները։
Մագիստրոսական ավարտական աշխատանքների ներկայացումը կարևոր փուլ էր ուսանողների ակադեմիական և մասնագիտական զարգացման ճանապարհին։ Այն հնարավորություն ընձեռեց ամփոփելու ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, ներկայացնելու ինքնուրույն հետազոտական աշխատանքի արդյունքները, զարգացնելու մասնագիտական բանավոր հաղորդակցության և փաստարկված քննարկման կարողությունները։
Մագիստրոսական թեզերի ներկայացումը ևս մեկ անգամ ընդգծեց ծրագրի՝ գիտահետազոտական և մասնագիտական բաղադրիչների համադրման կարևորությունը՝ ուսանողներին հնարավորություն տալով ուսումնառության ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները կիրառելու հետազոտությունների ինքնուրույն կատարման և արդի խնդիրների վերլուծության գործընթացում։




