October 14, 2026 | 14:20
Հասարակություն
Հետազոտություն
Թվային իրավունքների քաղաքական փիլիսոփայությունը. ինչպե՞ս մնալ քաղաքացի տեխնոլոգիաների դարաշրջանում
«Ժամանակակից աշխարհն անհնար է պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների. մենք աշխատում ենք, հարաբերություններ ստեղծում, հանրային բողոք հայտնում և անգամ քվեարկում թվային հարթակներում»,- ասում է ԵՊՀ դասախոս Լևոն Բաբաջանյանը: Լյուվենի կաթոլիկ համալսարանի (Բելգիա) պրոֆեսոր Ակսել Գոսիերիեսի հետ համագործակցելով՝ նրանք համատեղ անցկացրել են «Թվային իրավունքների քաղաքական փիլիսոփայություն» թեմայով դասախոսությունների շարք։ Սակայն, ինչպես նշում են դասընթացի հեղինակները, տեխնոլոգիական այս թռիչքը մարդկության առջև դնում է հիմնարար փիլիսոփայական ու քաղաքական նոր հարցադրումներ։
- Պարո՛ն Բաբաջանյան, ի՞նչն է այսօր հատկապես հրատապ դարձնում թվային միջավայրում իրավունքների, ազատությունների և պատասխանատվության փիլիսոփայական ուսումնասիրությունը։
- Մենք հաճախ մոռանում ենք, որ թեև թվային միջավայրում ներկայանում ենք որպես օգտատերեր, սակայն չենք դադարում քաղաքացի լինելուց։ Սոցիալական հարթակի կանոնները կարող են ազդել մեր խոսքի ազատության վրա, տեղեկության տարածման եղանակները՝ քաղաքականության վերաբերյալ դատողությունների, իսկ ուրիշների որոշումները՝ մեր անձնական կյանքի վրա։ Ուստի այստեղ գործ ունենք համակեցության հիմնարար հարցերի հետ. ո՞վ է սահմանում ընդհանուր կանոնները, ո՞ւմ շահերն են հաշվի առնվում, և ինչպե՞ս պետք է հիմնավորվեն մեզ վերաբերող որոշումները։
Մեր կենսագործունեությունը թվային հարթակներում պահանջում է համակեցության նոր կանոնների սահմանում։ Թեև այդ հարթակները նոր են, սակայն համակեցության կանոնների սահմանման հիմնական սկզբունքները, ինչպիսիք են, օրինակ, արդարությունը, ազատությունը, անվտանգությունը, նույնն են։ Քաղաքական փիլիսոփայության խնդիրն այս իմաստով այդ նոր միջավայրում մարդկանց իրավունքների, պարտականությունների, ազատությունների հարաբերակցության որոշումն ու հիմնավորումն է, լայն իմաստով՝ թույլատրելիի և անթույլատրելիի սահմանազատումը։
- Դասախոսությունների շրջանակում անդրադարձաք տարբեր խնդիրների. երեխաների՝ սոցիալական մեդիայից օգտվելուց մինչև քաղաքական կեղծիքի և թվային սպամի հարցերը։ Ի՞նչ ընդհանուր փիլիսոփայական խնդրի շուրջ են միավորվում այս թեմաները։
- Այս թեմաներն ընդհանուր մի հարց ունեն՝ ի՞նչ ենք պարտական միմյանց մի միջավայրում, որտեղ մեր գործողությունների հնարավորություններն ընդլայնվում են, իսկ դրանց հետևանքները հաճախ ազդում են ուրիշների վրա։
Երեխաների՝ սոցիալական մեդիայից օգտվելու դեպքում պետք է հասկանալ, թե ինչպես պաշտպանել նրանց՝ միաժամանակ լրջորեն ընդունելով օգտատիրոջ ինքնուրույնությունը, հաղորդակցվելուն և հանրային կյանքին մասնակցելուն ուղղված շահերը։ Քաղաքական գործիչների ստի դեպքում քննարկում ենք, թե արդյոք հանրային պաշտոնը ենթադրում է ճշմարտախոսության առանձնահատուկ պարտավորություն, և ինչպիսի պատասխանատվության սահմանումն է, որ կարող է արդարացված լինել դրա խախտման համար։ Սպամն էլ թույլ է տալիս առօրյա անհարմարության հետևում տեսնել բարոյական հարցը. արդյո՞ք ուրիշների ժամանակն ու ուշադրությունը կարելի է օգտագործել որպես անվճար ռեսուրս՝ սեփական նպատակներին հասնելու համար։
Այս օրինակները կարևոր են այն իմաստով, որ դրանք մեզ ստիպում են տարբերակել հաճախ նույնացվող երկու հարց. արդյո՞ք որևէ վարք բարոյապես անընդունելի է, և արդյո՞ք այն պետք է արգելել կամ պատժել։ Առաջին հարցի դրական պատասխանը դեռ չի լուծում երկրորդը։ Պետք է պարզել նաև, թե ով իրավունք ունի միջամտելու, ինչպիսի միջոցներով, և ինչպես կանխել հենց այդ միջամտությունից բխող չարաշահումները։ Եթե փորձենք ձևակերպել ընդհանուր խնդիրը, ապա այն հետևյալ տեսքը կունենա. ինչպիսի՞ սկզբունքների և կանոնների վրա պետք է հիմնված լինի այս նոր միջավայրում մարդկային համակեցությունը։
- Իսկ դասընթացը ի՞նչ է տալիս մասնակիցներին առօրյա թվային կյանքում այս խնդիրներին անդրադառնալիս։
- Պրոֆեսոր Գոսիերիեսի հետ ԵՊՀ-ում անցկացրած մեր բոլոր դասախոսությունների առանցքային նպատակներից մեկը, անկախ դասընթացների բուն թեմայից, փիլիսոփայական, բարոյագիտական և քաղաքական փիլիսոփայական խնդիրների հնարավորինս պարզ, հասկանալի և փաստարկված պնդումների միջոցով քննարկումներ ծավալելն է։ Այդ է պատճառը, որ մեր բոլոր դասընթացները սկսվում են մեթոդաբանության ներկայացումից, որտեղ ուսանողներն այդ կարճ ժամանակահատվածում սովորում են տարբերակել փաստերը, սահմանումները, արժեքները և նորմերը, սովորում են ճիշտ կառուցել բարոյական փաստարկները, պնդումը տարբերակել հիմնավորումից և այլն։
Այդ կերպ մասնակիցները վարժվում են բարոյագիտական վերլուծության աշխատանքին՝ հստակ ձևակերպելով իրենց դիրքորոշումը, բացահայտելով դրա հիմքում ընկած ենթադրությունները, տարբերակելով փաստական հարցերը բարոյական գնահատականներից և լրջորեն քննարկելով ամենաուժեղ առարկությունները։ Միաժամանակ, բարոյական գնահատականը չի կարող անտեսել փաստերը։ Լավ փաստարկը պահանջում է երկուսն էլ՝ իրավիճակի իմացություն և սկզբունքների հետևողական կիրառում։
Առօրյա թվային կյանքում սա կարող է արտահայտվել շատ պարզ սովորությամբ՝ տեղեկություն տարածելուց, որևէ արգելքի աջակցելուց կամ քաղաքական գործիչի վարքն արդարացնելուց առաջ մի պահ հարցնել. «Ի՞նչ հիմքով եմ սա ընդունում։ Նույն կանոնը կպաշտպանեի՞, եթե այն կիրառվեր իմ համախոհների նկատմամբ։ Ի՞նչը կարող էր փոխել իմ կարծիքը»։
Դասընթացի հաջողությունը ես կտեսնեմ այն դեպքում, երբ մասնակիցները թվային միջավայրում քաղաքական փիլիսոփայական խնդիրների վերաբերյալ կարողանան ավելի հիմնավորված դատողություններ անել և միաժամանակ պատրաստ լինեն վերանայելու դրանք։ Սեփական կարծիքը փոխելը մտավոր պարտություն չէ, երբ դա պայմանավորված է ավելի ուժեղ փաստարկների, առարկությունների առկայությամբ։
«Էրազմուս+» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանն արդեն վեցերորդ անգամ հյուրընկալել է Լյուվենի կաթոլիկ համալսարանի փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ակսել Գոսիերիեսին։ ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Լևոն Բաբաջանյանի և պրոֆեսոր Գոսիերիեսի համատեղ ջանքերով ԵՊՀ-ում անցկացվել է «Թվային իրավունքների քաղաքական փիլիսոփայություն» խորագրով դասախոսությունների շարք (10 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ)։ Չորս առանցքային թեմաներ ընդգրկող ծրագրի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել քաղաքական փիլիսոփայության հիմնական մեթոդներին և դրանց կիրառմանը թվային միջավայրում իրավունքների, ազատությունների ու պատասխանատվության խնդիրների վերլուծության գործում։
- Պարո՛ն Գոսիերիես, ի՞նչն եք համարում ամենահետաքրքիրը թվային աշխարհի և քաղաքական փիլիսոփայության հատման կետում:
- Կարծում եմ՝ մեր կյանքն աստիճանաբար տեղափոխվում է թվային աշխարհ։ Դա տեղի է ունենում շատ արագ, և մենք չենք հասցնում մտածել այն մասին, թե ինչպես է սա փոխում մեր կյանքի հիմնարար բաղադրիչները, և արդյոք պետք է դիմակայել այդ փոփոխություններին։ Սա նաև բազմաթիվ էթիկական հարցեր է առաջ բերում՝ հին և նոր։ Ուսանողների հետ քննարկել ենք դրանցից մի քանիսը, մասնավորապես՝ սոցիալական մեդիայի տարիքային սահմանափակումները, ապօրինի ներբեռնումների էթիկան, ինչպես նաև այն հարցերը, որոնք քաղաքական փիլիսոփայության տեսանկյունից առաջ են գալիս ԱԲ-ի տարբեր ազդեցությունների հետևանքով՝ ճանաչողական ունակությունների թուլացում, մասնագիտությունների հնացում, ածխածնի արտանետումներ: Սակայն տեխնոլոգիական կոնկրետ խնդիրներ վերլուծելիս միշտ հետաքրքիր է տեխնոլոգիայի էության և դրա ազդեցությունների վերաբերյալ հիմնարար պատկերացումը համադրել այն հարցի հետ, թե ինչպես պետք է այդ ազդեցություններին մոտենալ՝ կիրառելով էթիկայի և քաղաքական փիլիսոփայության գործիքները։ Մենք պետք է հասկանանք տեխնիկական մանրամասները, բայց չպետք է սահմանափակվենք դրանով։ Բացի դրանից՝ պետք է դիտարկենք դրանք նոր դիտանկյուններից և տեսնենք, թե կոնկրետ ինչ պնդումներ կարող ենք ձևակերպել ու պաշտպանել։
- Ըստ Ձեզ՝ թվային տեխնոլոգիաներն առաջնահերթորեն ընդլայնո՞ւմ են մարդկային ազատությունը, թե՞ ստեղծում են այն սահմանափակելու նոր միջոցներ:
- Տեսականորեն հնարավոր է պատասխանել այս հարցին, սակայն գործնականում մենք հաճախ սկսում ենք ավելի կոնկրետ հարցերից։ Օրինակ՝ որևէ կոնկրետ տեխնոլոգիայի դեպքում հարց է առաջանում, թե այն ինչպես է ընդլայնում կամ սահմանափակում խոսքի, տեղաշարժի կամ այլ ազատությունը: Հարցը, թե արդյոք սոցիալական մեդիան ընդլայնում է մեր ընդհանուր ազատությունը, չափազանց բարդ է։ Սակայն կարող ենք հարցնել նաև, թե ինչն ենք ընդունելի համարում, որ սոցիալական մեդիան անի մեր անձնական տվյալների հետ, կամ արդյոք կարծում ենք, որ այն պետք է մեզ համար մոդերացնի որոշակի բովանդակություն, թե ոչ։ Իհարկե, կարող ենք փորձել համակողմանիորեն գնահատել կոնկրետ տեխնոլոգիաների ազդեցությունը ազատության, անհավասարությունների և այլ երևույթների վրա։ Կարևոր է նաև փորձել հասկանալ, թե որն է մեր դիրքորոշումն այսպիսի մակրո մակարդակի հարցերի վերաբերյալ։ Սակայն կարող ենք նաև մեր փիլիսոփայական մոտեցմամբ քննարկել բազմաթիվ կարևոր գործնական հարցեր՝ ավելի միկրո մակարդակում։ Եվ, իհարկե, նպատակը միայն քննադատելը չէ։ Իդեալական տարբերակում մենք պետք է կարողանանք նաև առաջարկներ ներկայացնել։
- Ինչպե՞ս պետք է փոխվի մեր մտածելակերպը, որ կարողանանք պատշաճ կերպով գնահատել թվային միջավայրում ի հայտ եկող բարոյական և քաղաքական նոր մարտահրավերները:
- Կարծում եմ՝ նախ պետք է գիտակցենք այն գործընթացների բարդությունը, որոնց բախվում ենք տեխնոլոգիական ներկայիս զարգացումների պայմաններում։ Բարդությունը ոչ միայն ինժեներական, այլև հոգեբանական, աշխարհաքաղաքական և այլ մակարդակներում է։ Չնայած իրավիճակի հրատապությանը՝ չպետք է շտապենք եզրակացություններ անել։ Օրինակ՝ պետք է փորձենք տեխնիկական առումով հասկանալ, թե ինչի է ընդունակ արհեստական բանականությունը, ինչի՝ ոչ։ Նույնիսկ այս հարցին պատասխանելը, որն առաջին հայացքից կարող է թվալ, թե ունի հստակ պատասխան, դժվար է ոչ մասնագետի համար։ Դրա հետ կապված են նաև փիլիսոփայական հարցեր, օրինակ, «Կարո՞ղ է արդյոք ԱԲ-ն ընդհանրապես ինչ-որ բան հասկանալ: Եթե այո, ապա ի՞նչ իմաստով»։ Եվ հետո, եթե գիտակցում ենք, որ փոփոխությունները կարող են արմատական լինել, պետք է ինքներս մեզ հարցնենք, թե քաղաքական փիլիսոփայության տեսանկյունից որոնք պետք է լինեն առաջնահերթությունները։
Մենք տեսնում ենք, որ այս տեխնոլոգիաներն արմատապես փոխում են մեր կյանքը, ինչպես դա անում են մեր բջջային հեռախոսները, սոցիալական մեդիան և արհեստական բանականությունը։ Պետք է նաև լուրջ մոտենանք այն փաստին, որ յուրաքանչյուր դեպքում ցանցային էֆեկտների, մասշտաբի տնտեսության և այլ գործոնների պատճառով այս տեխնոլոգիաները հայտնվում են մի քանի դերակատարների ձեռքում, որոնք, ի վերջո, հսկայական իշխանություն են ձեռք բերում։ Սա մարտահրավեր է մեր ժողովրդավարություններին։ Իմաստ չունի պետական մակարդակով պայքարելու բռնապետության դեմ, եթե միաժամանակ թույլ ենք տալիս, որ աշխարհում գործող խոշոր ընկերությունները կառավարեն մեզ։ Մեզանից պահանջվում է միասին որոշումներ կայացնել անընդհատ զարգացող տեխնոլոգիաների վերաբերյալ։ Մեզանից նաև պահանջվում է վերահսկել այդ դերակատարների գործունեությունը, որոնք մշտապես սպառնում են դադարեցնել ներդրումները, եթե մենք փորձենք կանոններ սահմանել նրանց գործունեության համար, կամ պարզապես շրջանցում են մեր սահմանած կանոնները։ ԱԲ-ի վերահսկումը բարդ է, քանի որ մասնագետներին ժամանակ է անհրաժեշտ՝ հասկանալու իրավիճակը, խնդիրների էությունը և պարզելու, թե վերահսկման առումով ինչն է իրականում իրագործելի։ Այս ամենի համար մենք պետք է շարունակենք գործի դնել մեր քննադատական մտածողությունը։ Գուցե պետք է գործել ավելի արագ, քան նախկինում։ Գուցե պետք է նաև որոշումների կայացման գործընթացները համապատասխանեցնել այն դերակատարների բնույթին, որոնք կառավարում են այդ տեխնոլոգիաները. դրանք գլոբալ մասշտաբի դերակատարներ են, իսկ նրանց վաճառած տեխնոլոգիաները և՛ չափազանց բարդ են, և՛ շատ արագ են զարգանում։
- Քանի որ սա Ձեր վեցերորդ այցելությունն է Երևանի պետական համալսարան, ի՞նչ փոփոխություններ եք նկատել տարիների ընթացքում հայ ուսանողների և հետազոտողների հետաքրքրությունների մեջ:
- Բարդ հարց է, քանի որ յուրաքանչյուր այցի ժամանակ ես միայն տվյալ պահի մի պատկեր եմ տեսնում։ Սակայն կարող եմ ասել, որ չի փոխվել այն, որ զգում եմ՝ ուսանողները շարունակում են մտահոգված լինել իրենց ապագայի անորոշությամբ՝ աշխարհաքաղաքական, տեխնոլոգիական և այլ առումներով։ Նույնը վերաբերում է նաև հետազոտողներին։ Միաժամանակ երեք աշխատանք համատեղելը հսկայական էներգիա է պահանջում։ Այս պայմաններում իսկապես դժվար է ժամանակ գտնել հետազոտությամբ զբաղվելու և դա հանգիստ մտքով անելու համար։ Բայց դրական կողմ էլ կա. միշտ հաճելի է շփվել այն ուսանողների հետ, որոնք երբեմն երկու ժամ ճանապարհ են անցնում ավտոբուսով՝ դասին մասնակցելու համար։ Եվ ուրախալի է հաջորդող դասերի ընթացքում տեսնել, թե որքան արագ են նրանք զարգացնում փաստարկելու և քննարկումներ վարելու հմտությունները։
Հիանալի է տեսնել, թե ինչ ոգևորությամբ են նրանք մասնակցում խմբային քննարկումներին։ Զգում ես, որ նրանցից շատերը ցանկանում են գիտելիք ստանալ՝ չնայած կյանքի դժվարություններին։