October 12, 2026 | 10:24
Գիտություն
Հասարակություն
Միջոցառումներ
ԵՊՀ-ում ներկայացվել է «Արյուն, որը դարձավ ռուբին» գրքի հայերեն թարգմանությունը
Բանտային հուշեր, քաղաքական պայքար և մարդկային հարաբերություններ՝ Իրանի նորագույն պատմության համատեքստում․ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում ներկայացվեց Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ինքնակենսագրական հուշագրության հայերեն թարգմանությունը։
«Արյուն, որը դարձավ ռուբին» գրքում ներկայացվում են Խամենեիի բանտարկության տարիները, նրա հեղափոխական գործունեությունը և1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությանը նախորդած իրադարձությունները»։ Գիրքն արդեն թարգմանվել է 25 լեզվով, այդ թվում՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ճապոներեն, չինարեն և ռուսերեն։
ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն ընդգծեց, որ հայերեն հրատարակությունը դիտարկվում է ոչ միայն որպես թարգմանական աշխատանք, այլև որպես գիտակրթական համագործակցության արդյունք։ Այն նոր հնարավորություն է ստեղծում հայ ընթերցողի համար՝ ուսումնասիրելու Իրանի պատմական զարգացումները, մշակութային առանձնահատկություններն ու հասարակական-քաղաքական միջավայրը։
«Գրքի թարգմանությունը, որը կատարվել է հենց Երևանի պետական համալսարանում, կարևոր աղբյուր է Իրանի մշակութային, քաղաքական և հոգևոր կյանքի առանձնահատկությունները հասկանալու, ինչպես նաև մեր հարևան ժողովրդի և պետության պատմության վերջին տասնամյակների ամբողջական պատկերն ունենալու առումով։ Սա ևս մեկ ցուցիչ է այն բանի, թե ինչպես է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում զարգանում իրանագիտական դպրոցը՝ դառնալով յուրատեսակ կամուրջ ոչ միայն կրթական, գիտական և ակադեմիական, այլև ժողովրդական դիվանագիտության առումով»,- շեշտեց նա։
Շնորհանդեսի նշանակությանն ու գրքի բովանդակությանն անդրադարձավ նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ Նա խոսեց հուշագրության մեջ ներկայացված իրադարձությունների պատմական համատեքստի մասին՝ ընդգծելով գրքի նշանակությունը Իրանի նորագույն պատմության ուսումնասիրման տեսանկյունից։
Գրքի հայերեն թարգմանության աշխատանքները տևել են շուրջ ինը ամիս։ Այն թարգմանել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ասպիրանտ, իրանագետ Մարիամ Զազյանը։ Նրա խոսքով՝ գրքի հետ ծանոթությունը սկսվել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոն կատարած այցի ժամանակ։ Նրան առաջարկել են կարդալ այն՝ պարսկերենի իմացությունը խորացնելու նպատակով։ Ավելի ուշ առաջարկ է ստացել գիրքը հայերեն թարգմանելու։
Թարգմանության ընթացքում կարևոր խնդիրներից մեկը գրքի վերնագրի հայերեն համարժեքի ընտրությունն էր։ Թարգմանիչը պետք է պահպաներ բնագրի իմաստը՝ միաժամանակ գտնելով հայերենում բնական և ընթերցողին հասկանալի ձևակերպում։ Մարիամ Զազյանի խոսքով՝ վերնագրում արյան և կարմիր քարի պատկերները խորհրդանշական իմաստ ունեն։ Ուստի կարևոր էր ոչ միայն փոխանցել բառերի իմաստը, այլև պահպանել բնագրի պատկերավորությունն ու հուզական ազդեցությունը։
«Շատ լավ գիտակցում ենք, որ կան հայերեն այլ համարժեքներ, ինչպես, օրինակ, սուտակը, սակայն մենք ընտրել ենք հենց ռուբին միջազգային բառը՝ բնագրի պատկերավորությունն ու գունային խորհրդաբանությունը հնարավորինս պահպանելու և հայ ընթերցողի համար հասկանալի վերնագիր ստանալու նպատակով»,- ընդգծեց Մարիամը։
ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դոնիամալին անդրադարձավ հուշագրության մեջ երիտասարդության դերի ներկայացմանը՝ խոսելով պատմական և հասարակական գործընթացներին երիտասարդների մասնակցության ու պատասխանատվության մասին
Հայաստանի և Իրանի մշակութային համագործակցության հեռանկարներին անդրադարձավ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը։ Նրա խոսքով՝ գրքի հայերեն հրատարակությունը կարող է նպաստել երկկողմ համագործակցության խորացմանը և թարգմանական նոր նախաձեռնությունների իրականացմանը։
«Գիրքը ևս մեկ ներդրում է մեր համագործակցության մեջ։ Այն հնարավորություն կտա ավելի լավ ծանոթանալու գերագույն առաջնորդի կենսագրությանը։ Լիահույս եմ, որ սա քայլ կդառնա դեպի նոր թարգմանություններ»,- ասաց Մոհամմադ Ասադի Մովահեդը։
Շնորհանդեսին ներկա էին նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, իրանական պատվիրակության ներկայացուցիչներ, դասախոսներ, իրանագետներ, ուսանողներ և այլ հյուրեր։
«Արյուն, որը դարձավ ռուբին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը կազմակերպվել էր ԵՊՀ իրանագիտության ամբիոնի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ։






