October 19, 2026 | 14:00
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
ԵՄ քաղաքականությունից մինչև որոշումների կայացում․ ամփոփվել է ուսանողական քառափուլ դպրոցը
Դիլիջանում ավարտվեց «ԵՄ քաղաքականության շրջանակը և որոշումների կայացումը պայմանավորող հիմնարար սկզբունքները» խորագրով դպրոցի չորրորդ՝ եզրափակիչ փուլը։ Դպրոցը կազմակերպվել էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի համագործակցությամբ՝ ուսանողների ակադեմիական և մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։
«ԵՄ քաղաքականության շրջանակը և որոշումների կայացումը պայմանավորող հիմնարար սկզբունքները» խորագրով քառափուլ դպրոցն այս տարի միավորեց Երևանի պետական (7 ֆակուլտետներով), Վ. Բրյուսովի անվան պետական, Հայաստանի ազգային ճարտարապետության և շինարարության, Հայաստանի ամերիկյան, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Գլաձորի, Շիրակի պետական, Ռուս-հայկական համալսարանները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային արխիվը:
Ծրագրի չորս փուլերի ընթացքում բանախոսություններով հանդես եկան ՀՀ ռազմական, քաղաքական, միջազգային հարաբերությունների, իրավագիտության, տնտեսագիտության և անվտանգության ոլորտների ճանաչված գիտնականներ, փորձագետներ, ինչպես նաև ՀՀ պետական կառույցների՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի, ներքին գործերի, պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների ու կենտրոնական բանկի ներկայացուցիչներ։
Քառափուլ դասընթացի նպատակն էր ուսանողներին փոխանցել համապատասխան գիտելիքներ և զարգացնել անհրաժեշտ վերլուծական հմտությունները՝ ԵՄ-Հայաստան և ԵՄ-Հարավային Կովկաս հարաբերությունների, եվրոպական քաղաքականության և դիվանագիտության, որոշումների կայացման գործընթացների, եվրոպական արժեքների, ներքին ու արտաքին քաղաքական հիմնախնդիրների, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային քաղաքական գործընթացներում ներգրավված դերակատարների գործունեության ուսումնասիրության համար։
Դպրոցը՝ մասնագիտական և հետազոտական կարողությունների զարգացման հարթակ
Դպրոցի աշնանային փուլի բացման արարողությանը ներկա էին «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Ռյոթիգը, հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաիրա Գևորգյանը, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) տնօրեն Վահրամ Պետրոսյանը։
ՀՀԻ տնօրենի խոսքով՝ ինստիտուտի գործունեությունը ներառում է ոչ միայն պատմական և մշակութային ժառանգության ուսումնասիրությունն ու պահպանումը, այլև Հայաստանի զարգացման հեռանկարների դիտարկումը համաշխարհային և տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Այս առումով կարևոր ուղղություններից է ուսանողների մասնագիտական և վերլուծական կարողությունների զարգացումը, որը նրանց հնարավորություն կտա հիմնավորված մասնակցություն ունենալու հանրային քննարկումներին և քաղաքականության մշակման գործընթացներին։
Վահրամ Պետրոսյանը նշեց, որ աշնանային դպրոցը ոչ միայն ԵՄ քաղաքականության վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու, այլև ինքնուրույն մտածողության, հետազոտական հմտությունների և մասնագիտական կապերի զարգացման հնարավորություն է։ Նա ուսանողներին հորդորեց ակտիվորեն մասնակցել դասախոսություններին, աշխատաժողովներին և քննարկումներին՝ առավելագույնս օգտվելով ծրագրի ընձեռած հնարավորություններից։
«Սիրելի՛ ուսանողներ, այս նախաձեռնության շրջանակում ձեր գիտելիքների և վերլուծական կարողությունների աճն իսկապես ուշագրավ է և ակնհայտ բոլորիս համար։ Ձեր առաջընթացը՝ գիտելիքների քանակական հավաքագրումից դեպի որակական թռիչք, վկայում է այն նշանակալի զարգացումների մասին, որոնց ականատեսն ենք բոլորս»,- ասաց Վ. Պետրոսյանը։
Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Մարսել Ռյոթիգն անդրադարձավ հիմնադրամի պատմությանը, գործունեությանն ու տեսլականին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ԵՄ զարգացման դինամիկային, եվրոպական արժեքներին, տարածաշրջանում ԵՄ քաղաքականությանն ու որոշումների կայացման հիմնարար սկզբունքներին:
Կարևորելով Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետ ավանդական համագործակցությունն ու նմանատիպ դասընթացները՝ Մարսել Ռյոթիգը նշեց, որ դրանք հնարավորություն են ընձեռում տարբեր մասնագիտությունների ուսանողներին համախմբվելու ընդհանուր գաղափարների շուրջ, փոխանակելու գիտելիքներ ու փորձ, ինչպես նաև ձևավորելու համագործակցության նոր հնարավորություններ։
«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաիրա Գևորգյանն ընդգծեց արդեն չորրորդ տարին անընդմեջ իրականացվող ծրագրի կարևորությունը։ Նա առանձնացրեց ծրագրի դերը երիտասարդների մասնագիտական զարգացման, վերլուծական մտածողության խթանման և եվրոպական քաղաքական գործընթացների վերաբերյալ գիտելիքների խորացման գործում՝ կարևորելով նման նախաձեռնությունների շարունակականությունն ու դրանց շրջանակում ձևավորվող մասնագիտական կապերը։
Եվրոպական քաղաքականությունից մինչև ֆինանսական վարքագիծ
Ծրագրի եզրափակիչ փուլը կայացավ հոկտեմբերի 9-11-ը Դիլիջանում: Բանախոսություններով հանդես եկան ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս Ռոման Կարապետյանը, սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Արամ Վարտիկյանը, ՀՀԻ Հայաստանի հարակից և մերձավոր արտերկրի պետությունների ռազմավարական հետազոտությունների բաժի ղեկավար Մուշեղ Ղահրիյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, ՀՀ ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի նախագահ Արմեն Քթոյանը:
Ներկայացնելով Եվրոպական միության վերաբերյալ իրենց հետազոտական և վերլուծական աշխատանքները՝ բանախոսները վերլուծեցին ԵՄ քաղաքականության, կառավարման մեխանիզմների և որոշումների կայացման գործընթացների առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանի և եվրոպական գործընկերների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։
Հետազոտական աշխատանքներն ընդգրկում էին Եվրոպական միության ինստիտուցիոնալ կառուցվածքին, օրենսդրական ընթացակարգերին և կառավարման հիմնարար սկզբունքներին վերաբերող հիմնահարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ԵՄ հիմնարար արժեքներին, այդ թվում՝ մարդկային արժանապատվությանը, ժողովրդավարությանը և իրավունքի գերակայությանը, ինչպես նաև դրանց դերին ԵՄ ներքին և արտաքին քաղաքականության մեջ։
Խնդրո առարկա դարձան նաև համերաշխության և կոնսենսուսի ձևավորման սկզբունքները, ազգային ինքնիշխանության և վերազգային ինտեգրման միջև հավասարակշռության հարցերը, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխզիջումների նշանակությունը որոշումների կայացման գործընթացում։
Դպրոցի շրջանակում անդրադարձ կատարվեց նաև այն հարցերին, թե ինչպես է ԵՄ-ն խթանում իր արժեքներն ու կարգավորող չափանիշները միջազգային հարաբերություններում և ինչպես է արձագանքում տնտեսական, քաղաքական ու անվտանգային մարտահրավերներին։ Քննարկման կարևոր ուղղություններից էր ԵՄ ռազմավարական ինքնավարության և նորմատիվ ուժի ուսումնասիրությունը։
Տարածաշրջանային և գլոբալ զարգացումների պայմաններում ԵՄ ինստիտուտների, քաղաքականության և որոշումների կայացման մեխանիզմների ուսումնասիրությունը կարևոր է ապագա հետազոտողների, դիվանագետների և հանրային քաղաքականության մասնագետների պատրաստման համար։ Այն հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալու եվրոպական կառավարման առանձնահատկություններն ու միջազգային հարաբերություններում ԵՄ դերակատարությունը։
«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ավարտին մասնակիցները ստացան վկայականներ՝ դառնալով դպրոցի՝ ավելի քան 100 շրջանավարտ միավորող համայնքի անդամ։
Մարսել Ռյոթիգը պարգևատրվեց Շառլ Ազնավուրի անվան մեդալով
Դպրոցի շրջանակում Մարսել Ռյոթիգը պարգևատրվեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Շառլ Ազնավուրի անվան մեդալով։
«Այս մեդալը շնորհվում է ի նշան բարձր գնահատանքի՝ Հայաստանում եվրոպական արժեքների տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի, գիտակրթական ծրագրերին ցուցաբերած հետևողական աջակցության, հայ-գերմանական ու Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացման և խորացման գործում ունեցած կարևոր դերակատարման համար»,- նշեց ՀՀԻ տնօրեն Վ. Պետրոսյանը։
«ԵՄ քաղաքականության շրջանակը և որոշումների կայացումը պայմանավորող հիմնարար սկզբունքները» խորագրով քառափուլ դպրոցի դասախոսություններն ու մասնագիտական քննարկումները նպաստեցին ուսանողների գիտելիքների ընդլայնմանը, վերլուծական մտածողության խորացմանն ու կիրառական հմտությունների զարգացմանը։ Միաժամանակ, ծրագիրը վերաճեց կարևոր հարթակի՝ դառնալով միջհամալսարանական կապերի ամրապնդման, մասնագիտական փորձի փոխանակման և համագործակցային միջավայր, որը հիմք կստեղծի մասնակիցների ակադեմիական ու մասնագիտական հետագա զարգացման համար։
Հավելենք՝ դասընթացի առաջին փուլը անցկացվել էր ապրիլի 11–13-ը Ծաղկաձորում, իսկ երկրորդ և երրորդ փուլերը՝ համապատասխանաբար մայիսի 23–25-ը և հունիսի 27–29 Ծաղկաձորում:
















