October 15, 2026 | 18:07
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուրվագծվեցին հայ-պորտուգալական գիտակրթական և միջհամալսարանական համագործակցության նոր հեռանկարներ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալեց ՀՀ-ում Պորտուգալիայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Մոսկվա, ՌԴ) Սառա Ֆերոնյա Մարտինսին: Կողմերը քննարկեցին գիտակրթական երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները:
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ-ում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Սառա Ֆերոնյա Մարտինսը կարևորեցին Հայաստանի և Պորտուգալիայի միջև մշակութային, ակադեմիական և գիտահետազոտական կապերի զարգացումը՝ նշելով, որ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները պետք է առավել բովանդակային դարձնել գիտակրթական համագործակցության միջոցով։
Հանդիպման ընթացքում ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ ԵՊՀ-ի և Պորտուգալիայի համալսարանների միջև գործող համագործակցությանը, մասնավորապես՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում։ Քննարկելով միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում համալսարանի և Պորտուգալիայի մի շարք բուհերի համագործակցության փորձը՝ կողմերն ընդգծեցին ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի շարժունության ընդլայնման կարևորությունը գիտակրթական կապերի զարգացման և խորացման տեսանկյունից:
Դեսպան Սառա Ֆերոնյա Մարտինսը հետաքրքրություն ցուցաբերեց Երևանի պետական համալսարանի և Պորտուգալիայի բուհերի միջև անմիջական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման ծրագրերի զարգացման հարցում։ Նա ընդգծեց, որ պորտուգալերենը ոչ միայն մշակույթի, այլև միջազգային հաղորդակցության և գործարար կապերի կարևոր լեզու է։
Հանդիպման առանցքային թեմաներից էր Երևանի պետական համալսարանում պորտուգալերենի դասավանդումը։ Քննարկելով այդ գործընթացի իրականացման հնարավորությունները՝ դեսպանը ներկայացրեց Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող «Կամոյնշ» համագործակցության և լեզվի ինստիտուտի (Camões, I.P.) հնարավոր աջակցությունը։ Քննարկվեց ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի միջև եռակողմ համագործակցության հնարավոր ձևաչափը:
Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ԵՊՀ-ի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի միջև ձևավորված համագործակցությանը՝ ընդգծելով հիմնադրամի աջակցությունը համալսարանի հրատարակչական գործունեությանը, գրադարանային ծրագրերին և գիտակրթական նախաձեռնություններին։
Վերահաստատելով փոխգործակցության իրենց պատրաստակամությունը՝ ԵՊՀ ռեկտորը և Պորտուգալիայի դեսպանը պայմանավորվեցին առաջիկայում կնքել համագործակցության հուշագիր:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովը և եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հասմիկ Բաղդասարյանը: