November 13, 2026 | 12:30
Կրթական ծրագրեր
Կրթություն
Գիտելիք՝ համաշխարհային մտածողության, հետազոտության և ապագայի համար․ ԵՊՀ-ն նախաձեռնել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ներդրումը
Երևանի պետական համալսարանը նոր քայլ է կատարում միջազգային կրթական միջավայրի զարգացման ուղղությամբ՝ նախաձեռնելով Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի (International Baccalaureate Diploma Programme, IB DP) ներդրումը։ 16-19 տարեկան սովորողների համար նախատեսված այս կրթական մոդելը համադրում է ակադեմիական խոր գիտելիքները, քննադատական մտածողությունը, ինքնուրույն հետազոտությունն ու անհատական զարգացումը՝ նպաստելով բարձրագույն կրթությանն անցնելու պատրաստվածությանը։
2025 թվականի նոյեմբերի 25-ին ԵՊՀ-ն ստացել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի թեկնածու դպրոցի (IB Candidate School) կարգավիճակ՝ մեկնարկելով ծրագրի լիարժեք ներդրման և պաշտոնական լիազորման գործընթացը:
Նախաձեռնության նպատակն է Հայաստանի սովորողների համար ընդլայնել միջազգային կրթական մոտեցումներին համապատասխան ուսումնառության հնարավորությունները:
Կրթություն, որը սովորեցնում է ոչ միայն իմանալ, այլև մտածել
Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը ոչ միայն գիտելիքի փոխանցումն է, այլև այն ինքնուրույն կիրառելու կարողության ձևավորումը:
Ինչպե՞ս տարբերել փաստը կարծիքից, գնահատել տեղեկության հավաստիությունը, համադրել հակադիր տեսակետները կամ գիտելիքը կիրառել իրական խնդիրների լուծման համար: Այս հարցերն առանցքային նշանակություն ունեն Միջազգային բակալավրիատի կրթական մոտեցման մեջ:
«Դիպլոմա» ծրագիրը միջազգային ճանաչում ունեցող երկամյա նախահամալսարանական կրթական ծրագիր է: Այն խրախուսում է սովորողներին ձևակերպել հարցեր, ուսումնասիրել տարբեր մոտեցումներ, հիմնավորել սեփական տեսակետները և պատասխանատվություն ստանձնել իրենց ուսումնառության համար:
Ծրագրի նպատակն է ձևավորել ակադեմիական հիմնավոր գիտելիքներ ունեցող, ինքնուրույն մտածող, հետազոտելու, հաղորդակցվելու և մշակութային տարբեր միջավայրերում համագործակցելու ունակ երիտասարդների:
Ի՞նչ է ներառում IB «Դիպլոմա» ծրագիրը
Ծրագիրը կառուցված է առարկայական վեց խմբերի շուրջ՝ համադրելով բազմակողմանի գիտելիքներն ու ընտրված ոլորտներում խորացված ուսումնառությունը: Այդ խմբերն ընդգրկում են լեզվի և գրականության ուսումնասիրությունը, լեզուների ուսուցումը, անհատի ու հասարակության ուսումնասիրությունը, գիտությունները, մաթեմատիկան և արվեստը:
Սովորողներն ընտրված առարկաներն ուսումնասիրում են երկու մակարդակներից մեկով.
Խորացված մակարդակ (Higher Level, HL)՝ ընտրված առարկաների առավել խորքային ուսումնասիրությամբ:
Ստանդարտ մակարդակ (Standard Level, SL)՝ առարկայական հիմնարար գիտելիքների և համապատասխան հմտությունների զարգացման համար:
Այս կառուցվածքը հնարավորություն է տալիս համադրելու տարբեր գիտակարգեր և ուսումնառության ընթացքում զարգացնելու ինչպես մասնագիտական հետաքրքրությունները, այնպես էլ միջառարկայական մտածողությունը։
Երեք բաղադրիչ, որոնք առանձնացնում են ծրագիրը
IB «Դիպլոմա» ծրագրի առանցքում են երեք պարտադիր բաղադրիչներ, որոնք լրացնում են առարկայական ուսուցումը:
Գիտելիքի տեսություն (Theory of Knowledge, TOK)
Ինչպե՞ս գիտենք այն, ինչ գիտենք:
Այս բաղադրիչը սովորողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրելու գիտելիքի ձևավորման, հիմնավորման և գնահատման գործընթացները: Նրանք սովորում են քննադատաբար դիտարկել տեղեկությունը, համադրել տարբեր տեսակետներ և հասկանալ, թե ինչպես են ձևավորվում գիտական ու հասարակական պատկերացումները։
Ընդլայնված էսսե (Extended Essay, EE)
Սովորողները կատարում են ինքնուրույն ակադեմիական հետազոտություն՝ ընտրելով թեմա, ձևակերպելով հետազոտական հարց, ուսումնասիրելով աղբյուրները և ներկայացնելով հիմնավորված եզրակացություններ:
Այս աշխատանքը զարգացնում է հետազոտական, տեղեկատվության վերլուծության և ակադեմիական գրավոր խոսքի հմտությունները՝ սովորողներին նախապատրաստելով համալսարանական հետազոտական աշխատանքին:
Ստեղծարարություն, գործունեություն, ծառայություն (Creativity, Activity, Service, CAS)
Կրթությունը չի սահմանափակվում լսարանային ուսումնառությամբ:
Այս բաղադրիչի միջոցով սովորողները ներգրավվում են ստեղծագործական աշխատանքի, ֆիզիկական ակտիվության և համայնքին ծառայելուն ուղղված նախաձեռնություններում՝ զարգացնելով նախաձեռնողականությունը, համագործակցության կարողությունն ու պատասխանատվությունը:
Այն հնարավորություն է տալիս գաղափարները վերածելու գործնական նախաձեռնությունների և սեփական փորձով ճանաչելու համայնքի զարգացմանն ուղղված աշխատանքի նշանակությունը։
Ազգային ինքնություն և միջազգային մտածողություն
Միջազգային կրթությունը չի ենթադրում ազգային ինքնությունից հեռացում: Ընդհակառակը, սեփական մշակույթը ճանաչելն ու արժևորելը կարող են հիմք դառնալ այլ մշակույթները հասկանալու և դրանց հետ երկխոսելու համար։
ԵՊՀ-ն կարևորում է հայաստանյան ակադեմիական ու մշակութային միջավայրի և միջազգային կրթական փորձի համադրությունը: Այս մոտեցումը սովորողին հնարավորություն է տալիս ճանաչելու սեփական մշակութային ժառանգությունը, բացահայտելու աշխարհի բազմազանությունը, հարգելու տարբեր տեսակետներ և արդյունավետ համագործակցելու միջազգային միջավայրում:
ԵՊՀ-ն՝ միջազգային կրթության նոր հնարավորությունների ձևավորման ճանապարհին
Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի ներդրման նախաձեռնությունը ԵՊՀ կրթական զարգացման և միջազգայնացման գործընթացի մաս է:
Համալսարանը նպատակ ունի խթանելու այնպիսի կրթական միջավայրի ձևավորումը, որտեղ առարկայական գիտելիքը զուգորդվում է հետազոտական մտածողությամբ, ինքնուրույն ուսումնառությամբ և հասարակական պատասխանատվությամբ:
Թեկնածու դպրոցի կարգավիճակ ստանալուց հետո ԵՊՀ-ն շարունակում է լիազորման համար Միջազգային բակալավրիատի կազմակերպության սահմանած պահանջների կատարմանն ուղղված աշխատանքը:
Միջազգային կրթության ճանապարհին նոր գիտելիք ձեռք բերելն ուղեկցվում է մտածելու, հետազոտելու, համագործակցելու և պատասխանատու որոշումներ կայացնելու կարողությունների զարգացմամբ:
Կարգավիճակի վերաբերյալ տեղեկություն
Երևանի պետական համալսարանը Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի թեկնածու դպրոց է և իրականացնում է «IB World School» դառնալու լիազորման գործընթացը։
Միջազգային բակալավրիատի ծրագրերը կարող են առաջարկել միայն IB կազմակերպության կողմից լիազորված դպրոցները։