Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ։
Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ծրագրերի համակարգող Քրիստինե Գևորգյանը։
Նա ներկայացրեց կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև կենտրոնի գործունեության ընթացքում արձանագրված կարևոր ձեռքբերումները։ Ելույթի սկզբում Վասիլիս Մարագոսն անդրադարձավ ԵՄ-ի կողմից ֆինսավորվող «Erasmus+» ծրագրի նշանակությանը՝ ընդգծելով, որ այն նախևառաջ հարաբերությունների, մարդկանց և հաստատությունների միջև կապերի ձևավորման ու ամրապնդման հարթակ է։
Նրա խոսքով՝ կրթության մեջ ներդրումներ կատարելը կարևոր նշանակություն ունի առաջընթացի և միջազգային համագործակցության ընդլայնման տեսանկյունից։
Խոսելով ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կրթական ծրագրերի նշանակության մասին՝ Վասիլիս Մարագոսը նշեց, որ կենտրոնում սովորելը ուսանողներին հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմելու եվրոպական ինտեգրման գործընթացի, դրա հիմնական սկզբունքների և մեխանիզմների մասին։ Դեսպանի խոսքով՝ այստեղ ուսումնառությունը հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես են գործում եվրոպական կառույցները, ինչպես է ձևավորվում խաղաղության և համագործակցության օրակարգը, և ինչ դեր ունեն այդ գործընթացներում ԵՄ-ն և գործընկերները։
Անդրադառնալով Հայաստանի և ԵՄ փոխհարաբերություններին՝ նա կարևորեց համագործակցության շարունակական զարգացումն ու երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։
Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան անմիջական զրույց ծավալելու Վասիլիս Մարագոսի հետ, բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը և քննարկելու ԵՄ գործունեությունը, Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու երիտասարդների համար ընձեռվող հնարավորությունները։