Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի է ունեցել «Կանաչ անցում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց իրականացրած նախաձեռնությունները, հետազոտություններն ու ձեռքբերումները՝ անդրադառնալով արդար և կանաչ անցման գործընթացում մարդու իրավունքների սկզբունքների կարևորությանը։
Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի համագործակցության շրջանակում՝ Շվեդական ինստիտուտի ֆինանսավորմամբ։ Այն մեկնարկել է 2025 թվականի օգոստոսին և միտված է կանաչ անցման գործընթացում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների խթանմանը։
Միջոցառման ընթացքում ծրագրի մասնակիցները, որոնք ընդգրկված էին Հայաստանից, Մոլդովայից, Վրաստանից և Ուկրաինայից, ներկայացրել են իրենց մեկ տարվա աշխատանքի արդյունքները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել անցկացված դասընթացներին, հետազոտություններին, ինչպես նաև հրապարակված գիտական հոդվածներին ու ոլորտին առնչվող այլ նախաձեռնությունների։ Ծրագրի առանցքում եղել է արդար անցման գաղափարը, ինչը ենթադրում է, որ շրջակա միջավայրի պաշտպանությանն ու կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանն ուղղված տնտեսական և հասարակական վերափոխումները պետք է կատարվեն՝ հարգելով մարդու իրավունքները և ապահովելով բոլոր խմբերի ներառական մասնակցությունը։ Այս մոտեցման համաձայն՝ կանաչ տնտեսությանն անցման գործընթացում որևէ խումբ չպետք է դուրս մնա, իսկ կատարվող փոփոխությունները պետք է հաշվի առնեն հասարակության տարբեր շերտերի իրավունքներն ու կարիքները։
Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ծրագրերի պատասխանատու Մելինե Ավագյանի խոսքով՝ ծրագրի ավարտական միջոցառումը ոչ միայն մեկ տարվա աշխատանքի ամփոփումն է, այլև նոր համագործակցությունների և նախաձեռնությունների մեկնարկի հնարավորություն։
«Այսօր ամփոփում ենք ծրագիրը, բայց հույս ունենք, որ այն կդառնա ոչ թե վերջակետ, այլ նոր գործողությունների և հնարավորությունների սկիզբ»,- նշել է Մելինե Ավագյանը։
Նրա խոսքով՝ կանաչ անցումը նոր գործընթաց չէ, սակայն դրա իրականացման ընթացքում դեռևս բավարար չափով չեն կիրառվում ներառականության և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները։ Հետևաբար, ծրագրի կարևոր նպատակներից է մարդու իրավունքների սկզբունքներն առավել հասանելի դարձնելը տարբեր ոլորտներում աշխատող մասնագետների, հետազոտողների և որոշում կայացնողների համար։
Մելինե Ավագյանը կարևորել է նաև ակադեմիական շրջանակների ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կխթանեն հետագա հետազոտություններն ու համագործակցությունը և կնպաստեն մարդու իրավունքների սկզբունքների առավել համակարգված ներառմանը կանաչ անցման քաղաքականություններում ու գործընթացներում։