- Main
- Node
- Բուժման նոր միջոցների ուսումնասիրություն՝ մեղմացնելու ցրված սկլերոզի ախտանիշները
May 02, 2025 | 11:28
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Մրցույթներ
Բուժման նոր միջոցների ուսումնասիրություն՝ մեղմացնելու ցրված սկլերոզի ախտանիշները
Ցրված սկլերոզը քրոնիկ աուտոիմուն հիվանդություն է, որն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը և հանգեցնում բորբոքային, նյարդահետադիմական փոփոխությունների: Այս հիվանդությունը բավական տարածված է։ Դրա հիմնական դրսևորումներից են աչքի տեսողության երկատվելը, շարժողական բարդությունները, հիշողության կորուստը: Այս մասին ասում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Կարապետյանը, որն իր գիտական խմբի հետ փորձում է բացահայտել ցրված սկլերոզի ախտանիշների մեղմացմանն ուղղված նոր միջոցներ:

Կենսաբանության ֆակուլտետի Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Աննա Կարապետյանի գիտական նախագիծը՝ «Ցրված սկլերոզի նեյրոդեգեներատիվ վնասվածքների հյուսվածքաախտաբանական բնութագիրը և բուժման հեռանկարները կենդանիների մոդելներում», երաշխավորվել է ֆինանսավորման «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքում:

Աննա Կարապետյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում են աուտոիմուն հիվանդությունների դեպքերը, որոնցից է նաև ցրված սկլերոզը:
«Աուտոիմուն հիվանդությունն այն է, երբ մարդու իմունային համակարգը սխալմամբ գրոհում է սեփական բջիջների վրա: Իմունային համակարգի դերը կայանում է նրանում, որ վնասազերծի մարդու օրգանիզմ ներթափանցած օտարածին մարմիններին՝ բակտերիաներին, վիրուսներին, ինչպես նաև ձևափոխված, օրինակ, ուռուցքային բջիջներին: Սակայն, ինչպես ցանկացած բջիջ, մեր լիմֆոցիտները (իմունային համակարգի գլխավոր բջիջները) ևս երբեմն սխալվում են և սկսում են գրոհել սեփական բջիջների վրա: Ահա այսպիսի հիվանդություններից է նաև ցրված սկլերոզը»,- ասաց ԵՊՀ դոցենտը՝ ընդգծելով, որ հիվանդությունն առաջանում է կենտրոնական նյարդային համակարգից նյարդային ազդակի փոխանցման խանգարման հետևանքով:

Այս համատեքստում նա նշեց, որ օրգանիզմում ցանկացած ախտաբանական փոփոխության դեպքում տեղի են ունենում բջիջների և հյուսվածքների կառուցվածքային փոփոխություններ, ինչպես նաև օրգանների անատոմիական ու ֆունկցիոնալ խանգարումներ։
Աննա Կարապետյանն իր գիտական խմբի հետ կանցկացնի փորձեր՝ փորձարարական ցրված սկլերոզ առաջացնելով առնետների և մկների մոդելներում, այնուհետև կուսումնասիրվեն հյուսվածքային և մոլեկուլային մակարդակներում առաջացող փոփոխությունները։
«Մենք փորձելու ենք գտնել շտկիչ միջոցներ, որոնք կարող են մեղմացնել ցրված սկլերոզի ախտանիշները, թեթևացնել բռնկումները: Այս պահին ռեակտիվների՝ քիմիական միացությունների գնման փուլում ենք։ Դրանք ներմուծելով առնետների օրգանիզմ՝ կառաջացնենք ցրված սկլերոզ: Հիվանդությունն առաջացնելուց հետո փորձարկելու ենք բուժման նոր միջոցներ, որոնք մինչ օրս չեն օգտագործվել ցրված սկլերոզի դեպքում։ Օրինակ՝ հայկական բուսատեսակների լուծամզվածքներ, ինչպես նաև քիմիական միացություններ, որոնց մեջ կան և՛ արհեստականորեն սինթեզված միացություններ, և՛ բնական ճանապարհով ստացված հակաօքսիդանտային միջոցներ»,- նշեց Աննա Կարապետյանը:

Ցրված սկլերոզով հիվանդ առնետներին կներարկվեն շտկող (թերապևտիկ) միջոցներ և կհետևեն օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին։ Հատուկ ուշադրություն կդարձվի նյարդային համակարգի կառուցվածքային ու գործառնական փոփոխությունների ուսումնասիրմանը, ինչպես նաև կարձանագրվեն հիվանդության հնարավոր բարելավման փուլերը։
Գիտական խմբի կազմում են Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Մարդու և կենդանիների ինտեգրատիվ և հարմարողական ֆիզիոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատող Աննա Գրիգորյանը, գիտաշխատող Ռուզաննա Շուշանյանը, կրտսեր գիտաշխատող Թամարա Աբգարյանը և բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանող Նոնա Գրիգորյանը: Խմբի միջազգային գործընկերն է Վարշավայի Նենցկի փորձարարական կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ռուզաննա Ջավադյանը: