- Main
- Node
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը՝ առևտրային արբիտրաժին նվիրված միջբուհական դատախաղի հաղթող
May 05, 2025 | 15:39
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը՝ առևտրային արբիտրաժին նվիրված միջբուհական դատախաղի հաղթող
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները մեծ հաջողություն են գրանցել 11-րդ ADR միջբուհական դատախաղում՝ հաղթելով եզրափակիչ փուլում և արժանանալով մի քանի մրցանակների, այդ թվում՝ «Լավագույն գրավոր աշխատանք» և «Լավագույն բանախոս» անվանակարգերում։

Հայաստանի ամերիկյան համալսարանի վեճերի այլընտրանքային լուծման կլինիկան ապրիլի 26-27-ը նախաձեռնել էր առևտրային արբիտրաժին նվիրված ADR միջբուհական 11-րդ դատախաղ՝ նախապես հրապարակելով արբիտրաժային գործի խնդիրը, որը վերաբերում էր «Կառուցել, սեփականության իրավունքով տիրապետել, փոխանցել» պայմանագրի (BOOT contracts) շուրջ ծագած վեճին։ Խնդրում առկա էր նաև արբիտրաժային տրիբունալի իրավասության վիճարկման վերաբերյալ հարց: Դատախաղին մասնակցում էին առաջատար բուհերի թիմեր։
Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ գրավոր և բանավոր: Գրավոր փուլում թիմերը ներկայացրել են իրավական վեճի վերաբերյալ հայց և պատասխան: Նրանց ներկայացրած գրավոր դիրքորոշումները գնահատվել են առանձին:
Բանավոր փուլում թիմերը մրցել են միմյանց դեմ՝ ներկայացնելով և՛ հայցվորի, և՛ պատասխանողի դիրքորոշումները։ ԵՊՀ թիմը, վաստակելով ամենաբարձր միավորները, անցել է նախ՝ կիսաեզրափակիչ փուլ, ապա՝ եզրափակիչ փուլ:
Եզրափակիչ փուլում մրցել են ԵՊՀ-ի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմերը։ ԵՊՀ թիմը եզրափակիչ փուլում միավորների առավելությամբ հաղթել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը առևտրային արբիտրաժին նվիրված ADR միջբուհական 11-րդ դատախաղում զբաղեցրել է պատվավոր հորիզոնականը, հաղթող է ճանաչվել նաև մրցույթի մնացած բոլոր անվանակարգերում։ ԵՊՀ թիմի անդամներից Էդվարդ Մովսիսյանը ճանաչվել է մրցույթի «Լավագույն բանախոս»:
Նշենք, որ ԵՊՀ թիմի անդամներն էին մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներ Հայարփի Մկրտչյանը, Էդվարդ Մովսիսյանը և Անի Պողոսյանը: Թիմի մարզիչն էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ և նույն ամբիոնի դասախոս Մանե Մարկոսյանը: