- Main
- Node
- ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ
May 21, 2025 | 11:26
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Մրցույթներ
ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ
ՀՀ-ում ստեղծված էկոլոգիական անբարենպաստ իրավիճակը, ինչպես նաև տարբեր նշանակություն ունեցող տարածքների օդի աղտոտվածությունը մանրադիտակային սնկերով հանգեցնում է մշակութային նմուշների ախտահարմանը և սնկային հիվանդությունների տարածմանը։ Oդում առկա մանրադիտակային պաթոգեն սնկերը մեծ վնաս են հասցնում և՛ մարդկանց առողջությանը, և՛ թանգարանային նմուշներին: Այս մասին փաստում է ԵՊՀ բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դոցենտ Ինեսսա Էլոյանը, որն իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է Երևանի թանգարանային որոշ տարածքների օդի միկոբիոտան և աղտոտվածության աստիճանը՝ առաջարկելով օդը մաքրելու հակասնկային բնական միջոցներ:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դոցենտ Ինեսսա Էլոյանի հեղինակած «Երևան քաղաքի որոշ թանգարանային տարածքների օդի ﬕկոբիոտայի աղտոտվածության աստիճանի գնահատում և պայմանականորեն պաթոգեն սնկերի դեմ պայքարի ﬕջոցների մշակում» վերտառությամբ գիտական նախագիծը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման:
Թանգարանների ցուցանմուշները լավագույն միջավայր են միկրոմիցետների՝ մանրադիտակային սնկերի բազմացման համար: Միկրոմիցետների զարգացմանը նպաստող գործոններից են օդի ջերմաստիճանը, խոնավությունը, փոշու առկայությունը: Գիտական նախագծի նպատակն է ստեղծել անվտանգ և առողջ միջավայր թանգարանների այցելուների և անձնակազմի համար՝ պահպանելով թանգարանային նմուշները: Օդի սնկաբանական հետազոտությունների համար կիրառվում է նմուշառու «ПУ-1Б» սարքը:

«Օդի աղտոտվածությունը, թանգարանային նմուշները վնասելուց բացի, կարող է մեծ վնաս հասցնել նաև մարդու առողջությանը՝ առաջացնելով ինչպես ալերգիկ հիվանդություններ, այնպես էլ միկոզներ՝ սնկային հիվանդություններ: Համաշխարհային առողջապահության կազմակերպության (WHO)՝ 1990 թվականին ընդունած չափանիշներով փակ տարածքների օդում սնկերի սպորների (բազմացման օրգան) թույլատրելի քանակը չպետք է գերազանցի 500 ԳԱՄ/մ³-ը»,- նշում է Ինեսսա Էլոյանը:
ԵՊՀ հետազոտողը պարբերաբար ուսումնասիրում է ՀՀ տարբեր քաղաքների մի շարք մանկապարտեզների, դպրոցների, ինչպես նաև թանգարանների օդի միկոբիոտան՝ որոշելու օդի՝ սնկերով աղտոտվածության աստիճանը: Սնկաբանական հետազոտություններ են կատարվել Բնության պետական թանգարանում, Ավետիք Իսահակյանի և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարաններում: Ներկայիս հետազոտությամբ նախատեսվում է ընդլայնել թանգարանների ցանկը:
«Ուսումնասիրությունների արդյունքում պարզեցինք, որ Բնության պետական թանգարանի ցուցանմուշների պահեստավորման սենյակներում օդի աղտոտվածության ցուցանիշները նորմայից բարձր են: Ընդհանրապես, որոշ թանգարանների աշխատակիցներ պարբերաբար ունենում են առողջության հետ կապված գանգատներ, ինչն էլ դրդեց շարունակելու այս թեմայի շուրջ ուսումնասիրությունները»,- ասում է Ինեսսա Էլոյանը։
Անդրադառնալով վերջերս կատարված հետազոտություններն՝ նա հավելում է․ «Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի գիտական խումբն օրերս ուսումնասիրել է ԵՊՀ պրոֆեսոր Լ․ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի օդի միկոբիոտան և որոշել աղտոտվածության աստիճանը: Արձանագրվել է, որ թանգարանի պահոցներում, որտեղ հիմնականում գրքեր են պահվում, օդի աղտոտվածությունը նորմայից բարձր է: Մենք թանգարանին տրամադրել ենք ուրցի եթերայուղ, որը հատուկ սարքի միջոցով հնարավոր է տարածել օդում: Ուրցի եթերայուղը հակասնկային բնական միջոց է: Մեկ ամիս օգտագործելուց հետո կրկին կուսումնասիրենք՝ պարզելու, թե որքանով է նվազել օդի աղտոտվածության աստիճանը»:

Օդի մաքրման նպատակով գիտական խումբը կիրառելու է Հայաստանում աճող մի շարք բույսերի, այդ թվում՝ ուրցի, հազարատերևուկի, խորդենու եթերայուղերը, որոնք ստանալու են իրենց հավաքած բույսերից:
Գիտական խմբի կազմում ընդգրկված են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դոցենտ Իրեն Շահազիզյանը, գիտաշխատող Ռուզաննա Ադամյանը, կրտսեր գիտաշխատող Մարգարիտա Մկրտումյանը և բակալավրիատի ուսանող Խանում Վարդանյանը: Խմբի արտասահմանյան խորհրդատուն է Ռուսաստանի Դաշնության Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) պրոֆեսոր Ալեքսանդր Կուրակովը:
Գիտական նախագծի իրագործման ընթացքում նախատեսվում է այց ՄՊՀ, որտեղ մորֆոկուլտուրալ հատկանիշների հիման վրա նույնականացված սնկերի տեսակները կճշգրտվեն նաև ՊՇՌ և սեկվենավորման մեթոդներով: