- Գլխավոր
- Նորություններ
- «Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների համար
Մայիս 21, 2025 | 15:55
Հասարակություն
Միջոցառումներ
«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների համար
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ու աշխատակիցները ԵՊՀ-ում հանդիպեցին ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների հետ՝ իրազեկելու և պարզաբանելու աշխատանքային օրենսգրքի դրույթները, որոնք վերաբերում են հատկապես մինչև 18 տարին լրացած անձանց:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով միջոցառումը, որը կազմակերպվեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի նախաձեռնությամբ, շեշտեց աշխատանքային իրավունքների և դրանց պաշտպանության իրազեկմանը միտված աշխատանքների նշանակությունը:
Դիմելով աշակերտներին՝ ռեկտորը նշեց․ «Մեզ տարբեր նախարարություններից պարբերաբար դիմում են իրենց աշխատակազմում մասնագետների համալրման նպատակով: Հորդորում ենք լավ սովորել, որովհետև լավ մասնագետը աշխատաշուկայում հեշտորեն կգտնի իր գիտելիքներին համապատասխան և գոհացնող վարձատրությամբ աշխատանք: Սակայն միշտ չէ, որ գործատու-աշխատող հարաբերությունները հարթ են ընթանում, երբեմն ծագում են խնդիրներ, որոնք կապված են լինում աշխատողների իրավունքների չարաշահումների հետ»։

Ռեկտորը նաև հիշատակեց, որ ՍԹԵՄ դպրոցն արդեն երեք տարի է՝ գործում է։ Ընդունելության կանոնները բավականին խիստ են, և դպրոց են ընդունվում քննություններին լավագույն արդյունք գրանցած աշակերտները: Նա ընդգծեց նաև, որ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները սովորում են ԵՊՀ տարածքում և նրանց ընձեռված է հնարավորություն օգտվելու համալսարանի ենթակառուցվածքներից: Հովհաննես Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ աշակերտներից շատերը բուհում ուսումը շարունակելու համար կընտրեն ԵՊՀ-ն:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը նշեց, որ իրենք պարբերաբար իրականացնում են աշխատանքային իրավունքին վերաբերող իրազեկման ծրագրեր, բայց իր գլխավորությամբ նման հանդիպում առաջին անգամ է տեղի ունենում։
«Օրենքների վերահսկողությունը կատարվում է տեսչական մարմինների կողմից, և հաճախ են լինում դեպքեր, երբ աշխատողները դիմում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ գործատուի կողմից իրենց խախտված իրավունքները պաշտպանելու համար: Մեր կազմակերպած արշավը նպատակ ունի սովորողներին տեղեկացնելու աշխատանքային իրավունքների մասին, որպեսզի աշխատանքային գործունեություն սկսելու դեպքում գործատուն չկարողանա խախտել աշխատողի իրավունքները, իսկ նման փորձերի դպքում մեզ համար հեշտ լինի պաշտպանել աշխատողի իրավունքները»,- ասաց Սլավիկ Սարգսյանն ու հավելեց, որ աշակերտների շարքերում հնարավոր է կան նաև անձինք, որոնք ոչ միայն լավ աշխատակից են դառնալու, այլ նաև գործատու, հետևաբար աշխատանքային օրենսգրքի դրույթներին ծանոթ լինելը շատ կարևոր է նաև այս տեսանկյունից՝ իմանալու թե՛ աշխատողների, թե՛ գործատուների իրավունքներն ու պարտականությունները:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ՍԹԵՄ ավագ դպրոցի սաներին հանրամատչելի ձևով ներկայացրին նաև տեսչական մարմնի գործառույթները՝ ընդգծելով առողջապահական և աշխատանքային օրենսդրության վերահսկողության նկատմամբ գործառույթների, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների կատարումը:

Հանդիպմանը շեշտադրվեցին աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար, մասնավորապես ընդգծվեց, որ մինչև 16 տարեկան անձանց մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է, իսկ մինչև 18 տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն այնպիսի աշխատանքներում, որոնք չեն վտանգում նրանց առողջությունը, չեն սպառնում նրանց անվտանգությանը և չեն խոչընդոտում նրանց պարտադիր կրթությունը:
Նշվեց պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս մինչև 18 տարեկան անձանց համար թույլատրելի աշխատաժամանակի տևողությունը: Անդրադարձ կատարվեց մինչև 18 տարեկան անձանց լրացուցիչ և հատուկ ընդմիջումների, աշխատանքային օրերի միջև հանգստի տևողությանը, ամենշաբաթյա անընդմեջ հանգստին, միայնակ գործուղման ուղարկելու արգելքին, լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագրի կնքման արգելքին, ինչպես նաև ներկայացվեցին նշված տարիքային խմբի համար արգելված աշխատանքների տեսակները:
Աշխատանքային օրենսգրքի դրույթներին ծանոթանալուց հետո ՍԹԵՄ դպրոցի աշակերտները հարցեր ուղղեցին բանախոսներին: