- Գլխավոր
- Նորություններ
- Էսսեագրության մեթոդները և նորարարական մոտեցումները․ հանդիպում ԵՊՀ-ում
Նոյեմբեր 18, 2025 | 14:48
Գիտություն
Կրթություն
Էսսեագրության մեթոդները և նորարարական մոտեցումները․ հանդիպում ԵՊՀ-ում
ԵՊՀ-ում անցկացվեց «Էսսեագրություն» թեմայով հանդիպում՝ նպատակ ունենալով հանրակրթական դպրոցների աշակերտներին ծանոթացնելու էսսե գրելու առանձնահատկություններին։ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ու Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման բանախոսն էր ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Արման Ղարագուլյանը։
ԵՊՀ դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Անի Ավետիսյանի խոսքով՝ այսօրինակ հանդիպում կազմակերպելու առաջարկ են ստացել դպրոցներից, որտեղ նկատվել է թեման աշակերտներին մանրամասն ներկայացնելու անհրաժեշտությունը։
«Ուսուցիչները փաստում են, որ աշակերտների շրջանում նկատվում է էսսե գրելու հմտությունների զարգացման անհրաժեշտություն, ուստի ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հետ գործակցելով՝ որոշեցինք կազմակերպել այս հանդիպումը։ Նախատեսում ենք նաև հետագայում կազմակերպել արհեստական բանականության թեմայով հանդիպում։ Կարծում եմ՝ նման քննարկումները կլինեն շարունակական»,- նշեց նա։
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Արման Ղարագուլյանը շեշտեց, որ վերջերս հանրակրթական դպրոցներում որոշում է ընդունվել առավել ակտիվ կիրառելու էսսեն՝ որպես կրթական գործիք։ Այն դարձել է գիտելիքի ստուգման կարևոր բաղադրիչներից մեկը, ինչի հետ էլ առաջացել է փորձառության պակասի խնդիր։ Էսսե գրելու առանձնահատկություններին աշակերտները հիմնականում ծանոթանում են բարձր դասարաններում, որտեղ նրանք արդեն իսկ ունեն որոշակի փորձ, մինչդեռ այսօրվա հանդիպման մասնակիցները հիմնականում այն աշակերտներն էին, որոնք քիչ փորձառություն ունեն։
«Էսսեն անհրաժեշտ է մեզ բազմապիսի իրավիճակներում՝ աշխատանքի ընդունվելիս, կրթական ծրագրերի դիմելիս, իսկ որոշ դեպքերում՝ նաև համալսարան ընդունվելիս։ Իհարկե, մեկ հանդիպումով դժվար է աշակերտներին վարպետություն փոխանցել, սակայն հնարավոր է ձևավորել ճիշտ վերաբերմունք, մոտիվացիա և նախնական ոգևորություն։ Կարևոր է, որ աշակերտի համար էսսե գրելը չընկալվի որպես հանելուկային ու բարդ առաջադրանք, այլ դիտվի որպես ստեղծագործելու հնարավորություն»,- ընդգծեց Ա․ Ղարագուլյանը։
Հանդիպմանը մասնավորապես շեշտադրվեց մոտիվացիոն դիրքորոշման ձևավորումը։ Ներկայացնելով էսսեի կառուցվածքային յուրահատկությունները՝ բանախոսը առաջնահերթ խնդիրը որակեց փիլիսոփայական, այն է՝ ինչպես ստեղծել հետաքրքիր և գրավիչ էսսե։ Ըստ նրա՝ գլխավոր խնդիրը միայն նախադասությունների տրամաբանական հաջորդականությունը չէ․ այն շատ ավելի խորքային է, քանի որ վերջնարդյունքում ակնկալվում է կենդանի աշխատանք, անհատի մտահորիզոնը արտացոլող տեքստ։
«Փորձում եմ համատեղել իմ փիլիսոփայական գիտելիքները և դասախոսի գործառույթը՝ տալով նախնական ուղեցույցներ, թե ինչպես մոտենալ աշխատանքին, որ ստացվի առավել տպավորիչ արդյունք»,- մատնանշեց նա։
Խոսելով հանդիպման արդյունավետության մասին՝ Արման Ղարագուլյանը նշեց․ «Ակնկալում եմ, որ այս ամենը անպայման իր դրական արդյունքն ունենա։ Մասնակիցների թիվը զգալիորեն գերազանցել է մեր սպասելիքները, և հետադարձ կապը ցույց է տալիս, որ շատերն են հետաքրքրված թեմայով և մեծ ոգևորությամբ ցանկանում են միանալ քննարկումներին։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ նյութը ներկայացվել է բովանդակալից, և արդեն ունենք լավ արդյունքներ»։
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին Երևանի №114, 105, 135 և 142 հանրակրթական դպրոցների աշակերտները և ուսուցիչները։



